Logo

Փողոցային անկողնուց՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ․ Սամուել Չուկվուեզեի ցնցող պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:16 / 18.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի «Բավարիա» - «Վիլյառեալ» պատասխան խաղի հերոսը դարձավ հյուրերի հարձակվող Սամուել Չուկվուեզեն։ Նիգերիացի ֆուտբոլիստը փոխարինման մտավ խաղի ավարտից 5 րոպե առաջ և հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց «Վիլյառեալին»։ Չուկվուեզեն գոլային դրվագում շրջանցեց Ալֆոնսո Դևիսին ու դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 1։1։ Դիմակայությունում հաղթելով ընդհանուր 2։1 հաշվով՝ Ունայ Էմերիի գլխավորած թիմը դուրս եկավ հին աշխարհի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի կիսաեզրափակիչ։ 

Երբ «Վիլյառեալը» վերջին անգամ խաղացել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրաակիչում, Սամուել Չուկվուեզեն 6 տարեկան էր։ Նա դեռ ֆուտբոլ չէր խաղացել ու ըստ ամենայնի՝ չէր էլ խաղալու։ Նրա ծնողները ոչ միայն թույլ չէին տալիս, այլև ամեն ինչ անում էին, որ հեռացնեն երեխային ֆուտբոլից։ Սկզբում պարզապես հորդորում էին կենտրոնանալ ուսման վրա, իսկ հետո նույնիսկ արգելում էին խաղալ։

«Մայրիկն ինձ ստիպում էր մնալ տանը և սովորել։ Դպրոցում լավ էի սովորում, բայց տարված էի ֆուտբոլով։ Մարզումներն անցկացվում էին երեկոյան։ Գիտեի, որ ուշ վերադառնալու դեպքում կպատժվեմ, բայց միևնույն է փախչում էի տնից։ Երբ վերադառնում էի, ծնողներս ասում էին, որ պետք է փողոցում քնեմ։ Մայրս ինձ չէր թողնում տուն մտնել»,- ասել է ֆուտբոլիստը Goal-ի հետ հարցազրույցում։

Հասկանալով, որ նույնիսկ փողոցում քնելը չի ստիպում տղային թողնել ֆուտբոլը, Սամուելի հորեղբայրն այրել էր նրա խաղակոշիկներն ու մարզահագուստը։ 

«Աստված հայտնվեց և ասաց՝ «Դու պետք է թույլ տաս քո որդուն խաղալ»

Չուկվուեզեն կարճ ժամանակով թողեց ֆուտբոլը, քանի որ չէր ցանկանում նորից բախվել հորեղբոր ագրեսիային։

Ընկերները փրկեցին նրա կարիերան։ Մի առավոտ տղաները թակեցին տան դուռը և կանչեցին Չուկվուեզեին փորձաշրջան անցնելու։ Այդ ժամանակ Նիգերիա էին ժամանել սկաուտներ, որոնք պատրաստ էին տաղանդավոր երեխաներին տանել Պորտուգալիայում անցկացվող մրցաշարին։

Չուկվուեզեի՝ ֆուտբոլի հանդեպ կիրքն ընտանեկան պատմություն է: Ասում են՝ պապը լավ ֆուտբոլիստ է եղել և հիանալի հարվածների է տիրապետել ձախ ոտքով։ Չուկվուեզեն նույնպես շատ էր հարվածում ձախով, դրա համար էլ ընկերները պնդում էին, որ պետք է փորձել ուժերը։ 

«Ես տղաներին ասացի, որ դա ինձ չի հետաքրքրում։ Գիտեի, որ ծնողներս ինձ թույլ չեն տա գնալ։ Բայց ընկերս կանգ չառավ։ Նա ասաց, որ այդ օրը կլինի տան մոտ։ Ասացի նրան, որ չգա: Այնուամենայնիվ, նա եկավ առավոտյան ժամը վեցին»,- պատմել է «Վիլյառեալի» խաղացողը։ 

Դուռը բացել է Սամուելի մայրը։ Նա լսել է տղայի ընկերոջը, որը պատմել է Պորտուգալիայի մրցաշարի մասին։ Դրանից հետո գնացել է որդուն արթնացնելու։

Սեմը չէր կարողանում հավատալ, որ դա երազ չէ: Մայրիկը, որն արգելել է խաղալ ամբողջ կյանքում, ճանապարհ է բացում տղայի համար դեպի ֆուտբոլ։ Տղան նույնիսկ ինքնաբերաբար հրաժարվել է, ինչպես ընկերոջ հետ երկխոսության ժամանակ, բայց դրան ի պատասխան՝ մայրն ասել է․ «Վերցրու կոշիկներդ ու վազիր»։

Հետագայում Չուկվուեզեի մայրը բացատրել է, թե ինչու է այդպես վարվել: Նրա խոսքով՝ Աստված է ուղղորդել իրեն՝ ասելով. «Դու պետք է թույլ տաս քո որդուն խաղալ»:

Չուկվուեզեն երջանիկ էր, բայց այսքանով նրա արկածները չեն ավարտվել։ Չուկվուեզեի ընկերը շփոթել էր։ Փորձաշրջանը ոչ թե Պորտուգալիայում անցկացվող մրցաշարի համար էր, այլ տեղի Diamond Football Academy ընդունելության։ Տղաները գնացին փորձաշրջան անցնելու, սակայն մարզիչը Չուկվուեզեին ներս չէր թողել՝ ասելով, որ պետք էր նախապես գրանցվել, այլ ոչ թե նստել տանը։ 

«Ես կանգնել էի դրսում և սպասում էի, որ ընկերս դուրս գա, ու միասին գնանք տուն։ Բայց ակադեմիայի մենեջերն ինձ տեսավ փողոցում և խնդրեց մարզչին, որ ամեն դեպքում ներս թողնի՝ պարզապես տեսնելու համար, թե ինչի եմ ընդունակ»,- ասել է Չուկվուեզեն Goal.com-ի հետ հարցազրույցում:

Ընդամենը 2 րոպե խաղադաշտում, և նիգերիացի մարզիչը հասկացել էր, որ ադամանդ է գտել։ 

Չուկվուեզեին ցանկանում էին ձեռք բերել Եվրոպայի լավագույն ակումբները, բայց նա ընտրեց «Վիլյառեալը», որի հետ պատմություն է կերտում

Չուկվուեզեն արագորեն դարձավ ակադեմիայի լավագույն ռմբարկուն։ Նա մեկնեց հենց Պորտուգալիայի մրցաշարին, որին մայրն ի սկզբանե ուղարկել էր։ Իր հասակակիցների շրջանում Սամուելը պարզապես փայլում էր։ Լավագույն օրինակը 2015 թվականի աշխարհի երիտասարդական առաջնությունն է։ Այդ մրցաշարում Նիգերիան նվաճեց ոսկե մեդալները, իսկ թիմի կազմում գոլեր էին խփում 16-ամյա Վիկտոր Օսիմհենը (10 գոլ՝ 7 խաղում), Սամուել Չուկվուեզեն (3+4) և Կելեչի Նվակալին (3+1):

Հատկանշական է, որ այդ մրցաշարին մասնակցում էր նաև էկվադորցի Պերվիս Էստուպինյանը, որը նույնպես խաղում է «Վիլյառեալում»։ 

Դրանից հետո նիգերիացի խաղացողներին ցանկանում էին ձեռք բերել մի շարք ակումբներ։ Պատանիները մեկնում էին տարբեր ակադեմիաներ՝ ընտրելու իրենց ապագան։ Օրինական կերպով կարելի էր տեղափոխվել միայն 18 տարեկան դառնալուց հետո։ 

Չուկվուեզեն եղել է «Պորտուի», «Սպորտինգի», ՊՍԺ-ի և «Զալցբուրգի» ակադեմիաներում, բանակցել է Լոնդոնի «Արսենալի» հետ։ Արդյունքում «Արսենալում» հայտնվել է Նվակալին, իսկ Չուկվուեզեն ընտրել է «Վիլյառեալը»։ 

Սեմն առանձին է ապրել։ Սովորաբար «Վիլյառեալի» ակադեմիայի խաղացողներն ապրում են գիշերօթիկ դպրոցում, բայց նիգերիացուն անհրաժեշտ էր ընտելանալ նոր միջավայրին: Նա արագ ընկերացավ Պաու Տորեսի հետ։ Նա Չուկվուեզեին տանում էր մարզումներին և օգնում իսպաներենի հարցում։ Սեմն արագ աճ գրանցեց իր եռանդի ու աշխատասիրության շնորհիվ։ 

  • Չուկվուեզեն «Վիլյառեալի» առաջին թիմում նորամուտը նշել է 2018 թվականի աշնանը՝ գոլի հեղինակ դառնալով Իսպանիայի գավաթի խաղարկությունում։
  • 2019 թվականի ապրիլին՝ «Բարսելոնայի» դեմ խաղում, նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ (հանդիպումն ավարտվեց 4։4), բայց չկարողացավ քնել ամբողջ գիշեր։ Հիասթափված էր, որ Լեո Մեսին փրկեց այդ խաղը կատալոնացիների համար։ 
  • 2019 թվականի աշնանը France Football-ի վարկածով նա հայտնվել է աշխարհի լավագույն 5 երիտասարդ ֆուտբոլիստների թվում՝ Ժոաո Ֆելիշի, Ջեյդոն Սանչոյի, Մոյզե Քինի և Լի Կան Ինի հետ։
  • 2020 թվականի ձմռանը Չուկվուեզեի ծառայություններով հետաքրքրված էին Մադրիդի «Ռեալը», «Չելսին» և «Լիվերպուլը»։ Բայց «Վիլյառեալը» չի վաճառել իր հարձակվողին, որի հրաժարագինը կազմում է 100 միլիոն եվրո։
  • 2021 թվականին «Վիլյառեալի» հետ դարձել է Եվրոպա լիգայի հաղթող, սակայն վնասվածքի պատճառով չի մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ եզրափակիչին։ 

2019 թվականին theinterview.ng-ի հետ զրույցում Չուկվուեզեն ասել էր․ «Մի քանի տարի հետո ես ինձ տեսնում եմ կարիերայիս բարձունքում»։ 

Սեմը Նիգերիայի հավաքականի հետ չի մասնակցի Կատարում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Նա բաց է թողել «Վիլյառեալի» պատմության ամենամեծ եզրափակիչը, բայց «Բավարիայի» հետ խաղում նոր պատմություն է գրել՝ խփելով կարիերայի ամենակարևոր գոլը։ Նա պարում էր թե՛ խաղադաշտում, թե՛ հանդերձարանում։ 

Կարծես թե Չուկվուեզեն մոտենում է կարիերայի այն կետին, որի մասին չէր էլ կարող երազել՝ հիշելով ծնողների արգելքները։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա