Logo

Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 22.06.2021ՍՊՈՐՏ
Սամվել Սևադա 2 1 - Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

Գեղանկարիչ, լուսանկարիչ, բանաստեղծ Սամվել Սևադան ծնվել է 1949 թվականի սեպտեմբերի 12-ին Լենինականում. սովետական ոստիկան հոր, ինչպես ինքն է նշում՝ մեծ մտավորականի և յոթամյա կրթությամբ, բայց ճաշակի բնածին զգացողությամբ մոր ընտանիքում։ Սամվելը տան երկրորդ երեխան է՝ հինգից։

Թեև բազմանդամ ընտանիքը լավ չէր ապրում, երեխաները գիր-գրականության պակաս չունեին. «Քանի որ հայրս ոստիկան էր, յուրաքանչյուր նոր գիրք, որ մտնում էր գրախանութ, կարողանում էր տուն բերել ու կռիվը սկսվում էր. ամենքս ուզում էինք առաջինը կարդալ»։ Պարոն Սևադան հիշում է՝ մանկապարտեզ հաճախել է ուղիղ երեք օր. բնույթով ակտիվ ու չարաճճի երեխային այդ օրերը բավական էին՝ բոլոր խաղալիքները քանդելու համար։

Դպրոցական տարիներն անցել են Լեննականում. Սևադայի հիշողության մեջ տպավորվել են տեղի ուսուցիչները՝ ֆիզիկայի դասատուն. ազնիվ, բանիմաց մարդ, որն ընդամենը մինուճար կոստյում ուներ։ Գրականության ուսուցչուհին, որի կենսագրության մեջ բանտում անցկացրած տարիներ կային, բայց որի շնորհիվ շատ աշակերտներ մտերմացան կարդալու հետ։ Սրամտության մարմնացում մաթմատիկայի դասատուն, որը իր առարկայի հետ մեծ սեր չունեցող Սևադային կանչում էր գրատախտակի մոտ, հետաքրքրվում հոր որպիսությամբ, կամ հանձնարարում գրատախտակը մաքրել ու անմիջապես ասում՝ «նստիր, երե’ք»։

Հենց այդ հիշողություններն էլ դրդում են Սևադային մտածել, որ բոլոր ժամանակների ուսուցիչները պինդ տպվում են աշակերտի հիշողության մեջ ու որ պետք է լավը լինել՝ որպես ուսուցիչ ու որպես մարդ, որին հետո հիշելու են։ Հետագայում, հենց այդ գիտակցումն էլ ստիպել է Սևադային մեկ րոպեում թողնել ծխելը, երբ աշակերտի անմեղ «նկատողությանն» է արժանացել։

IMGP6169 960x638 - Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

Բայց վերադառնանք ժամանակագրական հաջորդականությանը։ Պարոն Սևադան հիշում է մի դեպք, որը բեկումնային դարձավ. 20 տարեկան էր, երբ կինոստուդիայից գեղարվեստաթատերական ինստիտուտ հյուրեր եկան։ Հարմար դերասան էին փնտրում մի դերի համար ու ընտրեցին նրան։ Արդեն կինոստուդիայում Սամվել Սևադան հանդիպեց Ռաֆայել Բաբայանին՝ մեկ այլ ֆիլմի բեմադրող-նկարչին։ Վերջինս առաջարկեց Հոկտեմբերյանի սարերում նկարահանվելու փոխարեն մեկնել այլ նկարահանումների՝ Մերձբալթյան երկրներ ու ոչ թե որպես դերասան, այլ որպես իր ասիստենտ։ Սևադան համաձայնեց։ Մեկնեցին։ Արդյունքում, նրա հետ նույն նկարահանման հրապարակում էին Խորեն Աբրահամյանը, Ալբերտ Յավուրյանը, Էդուարդ Մարցևիչը, Յուրի Յարվետը՝ Լիր արքայի նշանավոր դերակատարը. բոլոր այս անհատների հետ նա չորս ու կես ամից շփվում էր՝ ամենօրյա ռեժիմով։ Այժմ, Պարոն Սևադան հիշում է այդ օրերը, որպես կյանքի մի մեծ դպրոց. «Վերադարձա՝ կյանքի հանդեպ ուրիշ հայացքով»։

IMGP6249 960x638 - Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

Պարոն Սևադայի ութնամյա ուսանողական կյանքն անցել է հանրակացարաններում, բայց, ինչպես ինքն է խոստովանում, միշտ առանձին սենյակ է ունեցել. «Պատրաստակամություն էի հայտնում՝ նկարչության հետ կապված ինչ պետք է անելու, նրանք էլ ոչ միայն առանձին սենյակ, այլև, նույնիսկ, աշխատավարձ էին տալիս»։ Եվ դա այդ տարիների նրա միակ եկամուտը չէր. Սևադան նկարում էր տարբեր պարբերականների համար՝ «Ոզնի», «Գարուն», «Առողջապահություն»։

Առհասարակ, Սամվել Սևադայի երիտասարդ տարիներն անցել են մայրաքաղաքի ամենամշակութային միջավայրում. «Օրը սկսվում էր Սկվազնյակից, որտեղ հանդիպում էի Երվանդ Քոչարին. սուրճ էինք խմում ու զրուցում։ Հաջորդ կանգառն Առագաստ սրճարանն էր, որտեղ այդ տարիներին հավաքվում էին գրողներ, նկարիչներ, դերասաններ, մի խոսքով՝ արվեստի մարդիկ։ Հետո ուղևորվում էինք Նկարիչների միության սրճարան. զրուցում էինք, տեսակատներով փոխանակվում, քննարկում, բանավիճում։ Շատ հետաքրքիր մարշրուտ էր. մեզ հարստացնում էր, մեր կյանքը՝ լցնում»։  Հենրիկ Էդոյան, Տիգրան Մանսուրյան, Լևոն Ներսիսյան. այսպիսի անունների հետ նույն սեղանի շուրջ պարբերաբար գտնվելը ևս մի մոտիվացիա էր, որպեսզի արվեստասեր ու, ուղղակի, աշխատասեր երիտասարդ նկարիչը ավելի ու ավելի սերտորեն ծանոթանա համաշխարհային գրականությանն ու, առհասարակ, արվեստին. «Եթե նրանք խոսում էին, օրինակ, մի որևէ գրքի մասին, որը ես չէի կարդացել, պիտի գնայի, գիրքը գտնեի, գիշերը կարդայի, որ չամաչեի, որ կարողանայի այդ թեմայի շուրջ խոսել»։  Եվ դրանք տարիներ էին, երբ սրտիդ ուզած գիրքը չէր կարելի հեշտությամբ գտնել գրախանութներում ու գրադարաններում, հատկապես, երբ խոսքը արտասահմանյան հեղինակների մասին էր։ Առհասարակ, տեղեկատվության հիմնական աղբյուրը մարդն էր. լավ գրքերը, ձայներիզները մարդիկ բազմացնում ու ձեռքից ձեռք էին փոխանցում։ Մշակութային նորությունների, նոր լավ գործերի մասին իմանում էին բերանացի. նրանցից, ովքեր հավաքվում էին վերոնշյալ Սկվազնյակի, Առագաստի ու այլ հավաքատեղի-սրճարանների սեղանների շուրջ։

IMGP6241 960x638 - Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

1974 թվականին Սամվել Սևադան ավարտեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը. արդեն ընտանիքի ու երեխաների տեր երիտասարդ տղան պիտի մշտական աշխատանք գտներ. այդ խնդրով էլ դիմեց Աբովյանի շուրջկոմի առաջին քարտուղարին։ Կուսակցական լիդերը զայրացավ, թե՝ «սա աշխատանքի բաժանման բիրժա չէ»։ Բայց Սևադան, որը երկու ժամ իր հերթին էր սպասել, չհանձնվեց։ Արդյունքում, Սևադան հանձնարարություն ստացավ. պետք էր տեղի գրախանութի տասներկու լուսամուտների էսքիզներն անել։ Երկու շաբաթ տեղը տեղին, մանրակրկիտ աշխատելուց հետո Սևադան վերադարձավ էսքիզներով, քարտուղարին գոհացրեց, ավելին՝ հիացրեց ու հասավ իր ուզածին. այն էր՝ մի արվեստանոց ու մի նկարչական դպրոց։ Մեկ հեռախոսազանգ շուրջկոմի առաջին քարտուղարից մշակույթի նախարարին ու քսանվեցամյա տաղանդավոր երիտասարդն արդեն նկարչական դպրոցի տնօրեն էր. գործին նա տրվեց ամբողջ եռանդով։

IMGP6209 960x638 - Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

Հաջորդ նկարչական դպրոցը, որ հիմնադրեց ու ղեկավարեց Սևադան, օվկիանոսից այն կողմ էր, ավելին՝ այն առաջին հայկական նկարչական դպրոցն էր ԱՄՆ-ում։ Այդ տարիներին Սովետը լքելը հեշտ բան չէր. այսպես թե այնպես քեզ հայրենիքի դավաճան էին կնքելու։ Ի դեպ, Սևադան տոհմում առաջինը չէր, որ կտրեց-անցավ օվկիանոսը. դեռևս 1912-ին նրա պապը ընկերների հետ ուղևորվել էր Նահանգներ։ Ճանապարհի մի մասը նրանք պիտի անցնեին հայտնի Տիտանիկով, բարեբախտաբար, նավից ուշացան, ճանապարհվեցին մեկ այլ նավով, թեև հայրենիքում արդեն տարածվել էր Տիտանիկի խորտակման լուրն ու հարազատները հասցրել էին սգալ։ Այնուամենայնիվ, Սևադայի պապը հաստատվեց ԱՄՆ-ում, հացի խանութ բացեց անմիջապես Չապլինի տան կողքին ու հետագայում հպարտությամբ պատմում էր թոռներին, թե ոնց էր համաշխարհային կինեմատոգրաֆիայի ամենահայտնի կերպարներից մեկն ամեն առավոտ հաց առնում իրենից։ Բայց վերադառնանք նրա թոռանն ու մեր հերոսին. Սամվել Սևադան Նահանգներում բնակվել է 17 տարի. թեև դրանք բեղմնավոր տարիներ էին՝ մեծ հաջողությունների, բազմաթիվ ցուցահանդեսների, ակտիվ ստեղծագործական ու դասավանդման աշխատանքների, բայց նկարիչը նախընտրեց վերադառնալ հայրենիք, ասում է՝ այստեղ իրեն անհամեմատ ավելի ուժեղ է զգում ու հիշեցնում «Արշակ և Շապուհ» ժողովրդական ավանդազրույցի արդիականության մասին:

IMGP6248 960x638 - Սամվել Սևադան արվեստագետի մտածողության, 70-ականների Երևանի, Մինասի մարգարեական կտավի մասին ու ոչ միայն

Նրա լուսանկարչական աշխատանքները տպագրվել են ԱՄՆ-ի, Կանադայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և այլ երկրների ամսագրերում ու թերթերում: Նա 32 անհատական ցուցահանդես է ունեցել աշխարհի տարբեր ծայրերում: Նրա մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր, ռադիո և հեռուստահաղորդումներ, տպագրվել են հոդվածներ միջազգային հեղինակություն ունեցող բազմաթիվ թերթերում ու ամսագրերում: Աբովյանի ու ԱՄՆ-ի առաջին նկարչական դպրոցներից զատ, նա հիմնադրել է «Սևադա Արտ Ստուդիո» գեղանկարչության դպրոցը Երևանում և այժմ իր կոկիկ ու մշակութային, ջերմ ու մանկաշատ արվեստանոցում դասավանդում է երեխաներին, հաճախ Կոմիտաս է միացնում նրանց համար, կամ Չարենց արտասանում, որվհետև վստահ է՝ արվեստագետի համար կարևորագույն է մտածողությունը: Լուսա/գեղանկարներից զատ՝ նա բանաստեղծություններ է հեղինակել, որոնք մեկտեղվել են «Մահվան պես դյութիչ» և «Կույսի համաստեղություն»  գրքերում, և որոնք ժամանակին կարդացել են նշանավորները՝ Արթուր Ութմազյանը, Սիլվա Յուզբաշյանը ու հայ բեմի հսկան՝ Խորեն Աբրահամյանը, որը նաև Սևադայի մտերիմն էր ու չէր զլանում ամեն այցելությանը գովել տանտիկնոջ՝ Սևադայի մոր անմահական ձվաձեղը:

Նա բազմաթիվ մրցանակներ ու կոչումներ ունի, բայց նրա արվեստանոց մտելուն պես պարզ է դառնում՝ նրա իսկական կոչումները երկուսն են՝ արվեստասեր ու արվեստագետ, իսկ առաքելությունը, երևի, արվեստի հանդեպ այդ սերն ու գիտելիքը փոխանցելը, տալը՝ անմնացորդ, փոխարենը ստանալով, ինչպես ինքն է ասում, «մաքրություն ու ազնվություն», որոնցով լավագույնս օժտված են հենց երեխաները:

Աուդիոզրույցն ամբողջությամբ՝ 

 

Լուսանկարները՝ Մհեր Արշակյանի 

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա