Logo

Սցենար Հայաստանի, Անգլիայի և Իտալիայի համար. չեմպիոնական խելահեղ պայքար

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
16:49 / 29.04.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Չեմպիոնական խաղեր

2021-2022 մրցաշրջանն առաջինն է կորոնավիրուսից հետո, որում վերջապես երկրպագուները լիարժեք վերադարձան ստադիոն: Մեկ տարուց ավելի երկրպագուներ չտեսած թիմերն աննախադեպ ոգևորությամբ են անցկացնում ֆուտբոլային տարին, նրանց համար չեմպիոնական յուրահատուկ շոու կազմակերպում:

Եվրոպական տարբեր առաջնություններում ապրիլի վերջն ու մայիսն անցնելու են շատ համառ պայքարում: 18 երկրներում չեմպիոնական պայքարին մասնակցող թիմերին բաժանում են այնքան քիչ միավորներ, որ առաջնության վերջում անկանխատեսելի պայքար է ընթանում: 

Ռուսաստանի Պրեմիեր լիգա – 6 միավոր

Ռուսաստանի Պրեմիեր լիգա


Առաջնության սկզբից չեմպիոնական պայքարին լրջորեն մասնակցում են միայն «Զենիթը» և «Դինամոն»: Երկու թիմերը միմյանցից կտրականապես տարբերվող փիլիսոփայություն ունեն. պետերբուրգցիները ձեռք են բերում թանկարժեք բրազիլացիների և Ռուսաստանի հավաքականի խաղացողների, իսկ «Դինամոն» շեշտը դնում է իր երիտասարդ սաների ու սկաուտային մանրակրկիտ աշխատանքի վրա: 

Երկու աշխատելաոճերի դիմակայությունը լրացուցիչ ինտրիգ է առաջացրել չեմպիոնական պայքարում: Այժմ թիմերին բաժանում է 6 միավոր: Առաջիկա 4 խաղերում Սերգեյ Սեմակի թիմը ծանր գրաֆիկ ունի («Լոկոմոտիվ», հիանալի մարզավիճակում գտնվող «Խիմկի» և «Սպարտակ»): «Դինամոն» էլ վերջին երկու տուրերում ծանր մրցակիցներ ունի («Լոկոմոտիվ», «Սոչի»), գումարած դուրս է եկել գավաթի կիսաեզրափակիչ և այս պահին միակ թիմն է, որը հավակնում է «ոսկե դուբլ» գրանցելուն: 

Շոտլանդիայի Պրեմիերշիփ – 6 միավոր

Շոտլանդիայի Պրեմիերշիփ


Ապրիլի սկզբին Շոտլանդիայում իրարանցում էր. Գլազգոյում կայացավ «Հին Ֆիրմայի» դերբին: Հավերժ մրցակիցներ «Ռեյնջերսը» և «Սելթիկը» հանդիպեցին «Այբրոքս» ստադիոնում, և «կելտերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեցին: 

Այդ հաղթանակի և հաջորդ տուրում մրցակիցներին հեշտությամբ գերազանցելու շնորհիվ «Սելթիկն» այժմ ունի 85 միավոր և 6-ով գերազանցում է Եվրոպա լիգայի տիտղոսի համար պայքարող Ջիովանի վան Բրոնկհորստի «Ռեյնջերսին»: Շոտլանդական գրանդները հայտնի են այլ թիմերի դեմ քիչ միավորներ կորցնելու սովորությունով, ուստի էլ ավելի կարևոր նշանակություն է ունենալու մայիսի 1-ին կայանալիք հաջորդ դերբին: Եթե այդ խաղում էլ «կելտերը» հաղթեն, ապա նախորդ տարի Սթիվեն Ջերարդի չեմպիոնական սխրանքը  «Սելթիկի» կողմից կհամարվի անընդմեջ չեմպիոնական ընթացքի փոքր շեղում: 

Նիդեռլանդների Էրեդիվիզի – 4 միավոր

Նիդեռլանդների Էրեդիվիզի


Նիդեռլանդների առաջնությունում չեմպիոնական պայքարը շարունակվում է մինչև հիմա, ինչը դեռ դեկտեմբերի դրությամբ անհավանական էր թվում: Այն ժամանակ «Այաքսը» չտեսնված ֆուտբոլ էր խաղում, և թվում էր՝ մի քանի ամսվա հարց է, թե ամստերդամցիները երբ կպոկվեն ՊՍՎ-ից: 

Պարզվեց՝ «Էյնդհովենն» անհաջող մեկնարկից հետո պատրաստ է մնալ պայքարի մեջ և մինչև 27-րդ տուրը ընդամենը 4 միավորով էր զիջում Էրիկ տեն Հագի թիմին: Այդուհանդերձ, ապրիլի սկզբին Ռոջեր Շմիթի թիմը «քնել էր» «Տվենտեի» դեմ խաղի մեկնարկում և երբ ուշքի եկավ, արդեն հաշիվը 0:3 էր: Հետո ՊՍՎ-ն քամբեք կատարեց, բայց ընդամենը 3:3 հաշվով ոչ-ոքի կորզելու համար: 

Միաժամանակ խաղային որոշակի ճգնաժամում հայտնված «Այաքսը» ոչ համոզիչ, բայց կարևոր հաղթանակների շնորհիվ շարունակեց իր շարքը և առաջնության ավարտից 4 տուր առաջ 4 միավորի առավելություն ունի: Այժմ արդեն «Այաքսի» չեմպիոնությունը ժամանակի հարց է թվում: 

Բելգիայի առաջնություն – 3 միավոր

Բելգիայի առաջնություն


Բելգիայի առաջնությունն անցել է երկրորդ փուլին, որում 4 ուժեղագույն թիմերը բաժանվել են առանձին խմբի և պետք է միմյանց միջև 6 հանդիպում անցկացնեն: Կանոնավոր առաջնության ընթացքում մրցաշարի նորեկ «Ռոյալ Ունիոնը» սենսացիոն կերպով բարձրացել էր առաջին տեղ և մինչև հիմա պահում է առաջատարի դիրքը: Սակայն հունվարից «Բրյուգեում» կարևոր փոփոխություններ են կատարվել: Ֆիլիպ Կլեմանը թողեց թիմը և գնաց «Մոնակոն» գլխավորելու, իսկ նրա փոխարեն նշանակվեց «Բարսելոնայի» և «Հոֆենհայմի» նախկին մարզիչ Ալֆրեդ Սխրյոդերը:

Նիդեռլանդցին հրավիրեց իր նախկին սան Սարգիս Ադամյանին և ավելի ամրապնդեց հարձակման գիծը: «Բրյուգեն» սկսեց հետզհետե կրճատել միավորների տարբերությունը, իսկ Հայաստանի հավաքականի հարձակվողը գոլեր է խփում (5 գնդակ), և ակումբը կարողացավ առաջատարից ետ մնալ ընդամենը 3 միավորով: Շուտով նրանք երկու խաղ կանցկացնեն, և դրանք որոշիչ կլինեն չեմպիոնական պայքարում: 

Դանիայի Սուպերլիգա – 3 միավոր

Դանիայի Սուպերլիգա


Չեմպիոնական խմբի ձևաչափով խաղում են նաև Դանիայում, բայց սկանդինավները կիսել են 12-թիմանոց առաջնությունը: Հիմնական պայքարը «Կոպենհագենի» ու «Միդտյուլանի» միջև է, չնայած մրցաշարի առաջին կեսից հետո լավ շանսեր ուներ նաև «Օլբորգը»: 

«Կոպենհագենին» և «Միդտյուլանին» բաժանում է 3 միավոր: 24-րդ տուրում մայրաքաղաքային թիմը կիսաչեմպիոնական խաղում հաղթեց 1:0 հաշվով, սակայն հաջորդ տուրում պարտվեց Անդրե Չալըշըրի «Սիլկեբորգին»:

Այդուհանդերձ, նախորդ տուրում «Կոպենհագենը» պարտվեց «Ռանդերսին», և թիմերի միջև կրկին 3 միավորի տարբերություն կա: Առջևում 5 տուր կա: 

Իտալիայի Ա Սերիա – 2 միավոր

Իտալիայի Ա Սերիա


Դեռ մի քանի շաբաթ առաջ թվում էր, թե չեմպիոնական պայքար կընթանա «Միլանի», «Ինտերի», «Նապոլիի» և «Յուվենտուսի» միջև: Սակայն «Ինտերը» կարևոր հաղթանակ տարավ «Յուվենտուսի» նկատմամբ, իսկ «Նապոլին» նախորդ 3 տուրերում ընդամենը 1 միավոր վաստակեց: 

Այժմ Սկուդետոյի հիմնական թեկնածուները միլանյան գրանդներն են: «Ռոսոներին» ունի 74 միավոր, իսկ «ներաձուրին»՝ 72: «Ինտերը» մեկ խաղ պակաս էր անցկացրել, սակայն այդ խաղում 1-2 հաշվով զիջեց «Բոլոնիային», ու ամեն ինչ արդեն «Միլանի» ձեռքում է: 

Ստեֆանո Պիոլիի թիմը վերջին չորս տուրերում ծանր գրաֆիկ ունի: Մրցակիցներն են «Ֆիորենտինան», «Վերոնան», «Ատալանտան» և «Սասուոլոն»: «Ինտերի» մրցակիցներն այդքան ուժեղ չեն, սակայն գրաֆիկն է խիտ: 36-րդ տուրից հետո «ներաձուրին» պետք է «Յուվենտուսի» հետ մրցի Իտալիայի գավաթի եզրափակիչում, և մեծ է հավանականությունը, որ այդ խաղը ոչ միայն ֆիզիկական հսկայական ուժեր կխլի թիմից, այլ նաև հոգեբանական: 

Ինչևէ, իտալական ֆուտբոլի սիրահարները վաղուց չէին տեսել միլանյան գրանդների չեմպիոնական պայքարը վերջին տուրերում: Վերջին անգամ նման բան եղել էր 2011 թվականին, երբ Մաքս Ալեգրին «ռոսոներիին» դարձրեց չեմպիոն: Հիմա «Կալչոյի» սիրահարները վայելում են չեմպիոնական պայքարը, նույնիսկ եթե այլ թիմերի են երկրպագում: 

Սերբիայի Սուպերլիգա – 2 միավոր

Սերբիայի Սուպերլիգա


Անցած տարվա խելագարությունից հետո, երբ «Ցրվենա Զվեզդան» չեմպիոն դարձավ անհավանական՝ 108 միավոր վաստակելով, Սերբիայի առաջնությունն այս տարի անհամեմատ համառ չեմպիոնական պայքար է պատրաստել: «Ցրվենան» բելգրադյան դերբիում «Պարտիզանին» հաղթել է (2:0) դեռ փետրվարին և դրանից հետո ոչ միայն կրճատել միավորների տարբերությունը, այլև արդեն առաջ է անցել 2-ով: 

Սերբական ֆուտբոլի երկու գրանդները շարունակելու են համառ պայքարը նաև գավաթի խաղարկությունում, որտեղ հասել են կիսաեզրափակիչ, և կարող են հանդիպել եզրափակիչում: 
Հետաքրքիր է, որ եթե երկու թիմերն էլ շարունակեն այս ֆենոմենալ արդյունքների շարքը, ապա չեմպիոն դառնալու համար կրկին նրանցից մեկին հարկավոր կլինի անցնել 100 միավորի սահմանագիծը: Այժմ «բանակայիններն» ունեն 81 միավոր, իսկ «Պարտիզանը»՝ 79: Առջևում 8 տուր էլ կա: 

Լեհաստանի Էքստրակլասա – 0, 3 միավոր

Լեհաստանի Էքստրակլասա 


Մրցաշար, որը ձմռանը կրկնակի հետաքրքիր դարձավ հայ ֆուտբոլասերների համար, երբ Վահան Բիչախչյանը տեղափոխվեց Լեհաստանի բրոնզե մեդալակիր «Պոգոն»: Այս տարի Շչեցին քաղաքի թիմը պայքարում է չեմպիոնության համար, և Հայաստանի հավաքականի կիսապաշտպանի փայլուն նորամուտը միայն նպաստել է դրան: 

Ցավոք 31-րդ տուրում «Պոգոնը» պարտվեց իր հիմնական մրցակիցներից «Ռակուվին» (1:2)՝ չնայած նրան, որ Վահանը գոլային փոխանցում կատարեց: Նախկին առաջատարի պարտությունից օգտվեց նաև «Լեխը» և այժմ 65-ական միավորով առաջատարի դիրքը կիսում է «Ռակուվի» հետ: «Պոգոնը» 3 միավորով զիջում է նրանց: Առջևում 3 տուր կա, բայց «Ռակուվը» և «Լեխը» դեռ պետք է հանդիպեն գավաթի եզրափակիչում, ինչը կարող է շատ մեծ ուժ խլել նրանցից, իսկ «Պոգոնը» կարող է օգտվել դրանից: 

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա – 2 միավոր

VBET Հայաստանի Պրեմիեր լիգա


Հայաստանում չեմպիոնական համառ պայքարը հաճելի ավանդույթ է դառնում: Նախորդ երեք առաջնություններում չեմպիոնը որոշվել է վերջին տուրում: Բայց ի տարբերություն, օրինակ, նախորդ մրցաշրջանի, երբ 5 ակումբ հավակնում էր ուժեղագույնի կոչմանը՝ այս տարի տիտղոսը վիճարկում է 2 թիմ՝ «Փյունիկն» ու «Արարատ-Արմենիան»: Սա նոր տեսակ չեմպիոնական պայքար է, բայց ոչ պակաս հետաքրքիր: 

VBET ՀՊԼ-ում թիմերին մնում է անցկացնել 6-ական հանդիպում, որոնցից կարևորագույնը կարող է դառնալ առաջիկան: Այսօր Եղիշե Մելիքյանի և Դմիտրի Գունկոյի թիմերը չեմպիոնական հանդիպում կանցկացնեն «Ավանի ակադեմիայում»: Այդ խաղը ոչ միայն մրցաշարային, այլ նաև հոգեբանական տեսանկյունից հսկայական նշանակություն կունենա: Այժմ «Փյունիկը» 2 միավորով գերազանցում է «Արարատ-Արմենիային»: Ընթացիկ մրցաշրջանում նրանք հանդիպել են 3 անգամ, որոնցից երկուսում հաղթել է Մելիքյանի թիմը: Դա նույնպես կարևոր է, որովհետև հավասար միավորների դեպքում առավելությունը կտրվի անձնական խաղերում ավելի ուժեղ գտնված ակումբին: 

Անգլիայի Պրեմիեր լիգա – 1 միավոր

Անգլիայի Պրեմիեր լիգա


Ֆուտբոլային մրցաշրջանի գլխավոր իրադարձությունը «Մանչեսթեր Սիթի» – «Լիվերպուլ» հեռակա դիմակայությունն է... Կրկին:

Ընդամենը երեք տարի առաջ այդ ակումբների միջև չեմպիոնական պայքարում որոշիչ դարձավ 1 միավորը, և «Սիթին» հաղթեց այդ պայքարում: Հիմա ամեն ինչ նույն սցենարով է գնում: «Քաղաքաբնակները» 1 միավորի առավելություն ունեն Յուրգեն Կլոպի թիմի նկատմամբ: Պեպ Գվարդիոլան արդեն ասել է, որ իրենք չեմպիոն կդառնան միայն մեկ դեպքում, եթե հաղթեն մնացած բոլոր խաղերում: 

Այս հակամարտության յուրահատկությունն այն է, որ մեկը մյուսի դեմ են դուրս եկել ոչ միայն Անգլիայի, այլև աշխարհի երկու ուժեղագույն թիմերը (օբյեկտիվասուբյեկտիվ կարծիք): Նրանց ցուցադրած ֆուտբոլը մի քանի գլուխ բարձր է, իսկ այդ թիմերի միջև խաղերը՝ ընթացիկ մրցաշրջանի գլխավոր զարդը: 

Առաջին հայացքից «Սիթին» ավելի հեշտ խաղացանկ ունի, այդ թվում՝ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների շրջակայքում 8-խաղյա հանգիստը՝ մրցակցի 6-ի համեմատ: Բայց «Լիվերպուլն» արդեն ապացուցել է, որ մինչև վերջ պայքարելու է, և եթե մանչեսթերցիները սայթաքեն, մերսիսայդյան ակումբը պատրաստ կլինի չեմպիոնական քայլին: 


Չեմպիոնական պայքար է ընթանում եվրոպական ևս 9 լիգաներում՝ Իսրայելում (առաջատարների միջև 6 միավորի տարբերություն), Խորվաթիայում (5 միավոր), Ռումինիայում (5 միավոր), Չեխիայում (2 միավոր), Լյուքսեմբուրգում (2 միավոր), Սլովենիայում (1 միավոր), Հյուսիսային Իռլանդիայում (1 միավոր), Կիպրոսում (1 միավոր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա