Logo
ՍՊՈՐՏ / Հարցազրույցներ
Հեղինակ

Հրայր Նազարյան

19:56 / 08.04.2022Հարցազրույցներ
null

Հայաստանի սեղանի թենիսի ֆեդերացիայի նախագահը՝ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում մեր հավաքականի հաջողության մասին

Սեղանի թենիսի Հայաստանի տղամարդկանց հավաքականը, երկրորդ տեղը գրավելով Կիպրոսում անցկացված Եվրոպայի 2023 թվականի թիմային առաջնության որակավորման մրցումների «C» խմբի «A» ենթախմբում, նվաճեց «B» խմբի ուղեգիր և արդեն հոկտեմբերին կպայքարի՝ ավելի բարձր կարգի մրցաշարի մասնակցելու համար։ Մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի նախագահ, մեր երկրի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ, Եվրոպայի և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն Ֆելիքս Սարգսյանը VNews-ի հետ զրույցում «երկար սպասված հաճելի անակնկալ» որակեց այս հաջողությունը։

Վարուժան Բաղդասարյան, Հարություն Հարությունյան, Դավիթ Ղոթանյան կազմով ելույթ ունեցած Հայաստանի հավաքականը ենթախմբում հաղթեց Սան Մարինոյի (3։0), Շոտլանդիայի (3։2), Կիպրոսի (3։2) և Մալթայի (3։0) թիմերին ու 1։3 հաշվով զիջեց Լիտվային։ Մեր թիմից բացի, կարգի բարձրացում ունեցան նաև ենթախմբում առաջին տեղը գրաված լիտվացիները և 3-րդ արդյունքով մրցաշարն ավարտած տանտերերը։

Որակավորման «B» խմբի երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են լինելու Թուրքիայի և Էստոնիայի ընտրանիները։ Եվրոպայի թիմային առաջնության եզրափակիչ փուլն անցկացվելու է հաջորդ տարվա սեպտեմբերի 10-17-ը՝ Շվեդիայում։

Պատասխանելով VNews-ի այն հարցին, թե սպասելի՞ էր նման հաջողությունը՝ Ֆելիքս Սարգսյանը նշեց. «Դա հաճելի ձեռքբերում է։ Տղաները տևական ժամանակ չէին մասնակցել նման կարգի մրցաշարերի և մրցակցային կարոտ ունեին։ Հիմնականում ուշադրություն էինք դարձնում պատանիներին։ Մեր մարզիկներն արդեն հասունացել են միջազգային ասպարեզում լավ մրցելույթներ ունենալու համար և դրա շնորհիվ էլ լավ խաղացին։ Հազվադեպ է լինում, որ մարզիկները, մինչև այդ գործնականում չմասնակցելով միջազգային մրցումների, միանգամից նման նվաճում գրանցեն։ Մեսրոպ Ղուկասյանի ղեկավարությամբ ելույթ ունեցած մեր հավաքականը պարտվեց միայն Լիտվային, որը մի փոքր է ուժեղ մեզնից, բայց հայ թենիսիստները կարող էին նաև հաղթել նրանց։ Հոկտեմբերին պետք է մրցենք Էստոնիայի և Թուրքիայի հետ և հաջողության դեպքում Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիր կնվաճենք։ Նման հնարավորությունը միանգամայն իրական է։

Շնորհակալ ենք VBET-ին, որն օգնեց և շարունակում է մեծ աջակցություն ցուցաբերել, որպեսզի մեր թիմը լավ մասնակցի»։

ՀՀ վաստակավոր մարզիչ, ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ Ֆելիքս Սարգսյանը հավելեց, որ մեր մարզիկները նվիրված են հարազատ մարզաձևին ու նաև դրա շնորհիվ միանգամից հաջողեցին։ Նրա խոսքով՝ հավաքականի թենիսիստները հիմա հոգատարություն և ուշադրություն են զգում իրենց նկատմամբ ու ձգտում են դա փոխհատուցել լավ խաղով։ 

Ի դեպ, համանման մրցաշարի պետք է մասնակցեր նաև Հայաստանի կանանց հավաքականը, որը Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Լատվիայի, Շոտլանդիայի և Մալթայի հետ ընդգրկվել էր որակավորման «C» խմբի «A» ենթախմբում։ Սակայն, ինչպես նշեց մեր զրուցակիցը, թիմը մուտքի վիզայի խնդիրների պատճառով չկարողացավ մեկնել Բոսնիա և Հերցեգովինայում նախատեսված այդ մրցաշարին։ Նշվեց, որ կանանց ընտրանին շարունակելու է պատրաստվել հաջորդ մրցափուլին։

ՍԱՆ ՄԱՐԻՆՈ – ՀԱՅԱՍՏԱՆ 0։3

Ֆեդերիկո Գառդի - Վարուժան Բաղդասարյան՝ 0։3 (5։11, 9։11, 5։11)

Մատիաս Մոնջիուստի – Հարություն Հարությունյան՝ 2։3 (3։11, 11։8, 11։9, 6։11, 10։12)

Դավիդե Մուչոլի – Դավիթ Ղոթանյան՝ 0։3 (8։11, 4։11, 7։11)

ՀԱՅԱՍՏԱՆ – ՇՈՏԼԱՆԴԻԱ 3։2

Հարություն Հարությունյան – Դեննի Բայվա՝ 3։1 (11։9, 11։9, 9։11, 11։4)

Վարուժան Բաղդասարյան – Քոլին Դալգլիշ՝ 2։3 (3։11, 11։6, 12։10, 5։11, 11։13)

Դավիթ Ղոթանյան – Կալում Մորիսոն՝ 2։3 (11։9, 11։7, 4։11, 6։11, 7։11)

Հարություն Հարությունյան – Քոլին Դալգլիշ՝ 3։2 (7։11, 14։12, 13։15, 13։11, 11։7)

Վարուժան Բաղդասարյան – Դեննի Բայվա՝ 3։0 (12։10, 11։8, 11։8)

ԿԻՊՐՈՍ – ՀԱՅԱՍՏԱՆ 2։3

Մարիոս Յանգու - Վարուժան Բաղդասարյան՝ 3։1 (11։4, 13։11, 5։11, 11։8)

Լոսֆ Էլիա - Հարություն Հարությունյան՝ 1։3 (12։10, 7։11, 9։11, 5։11)

Չարպել Էլիա - Դավիթ Ղոթանյան՝ 1։3 (11։8, 9։11, 6։11, 8։11)

Մարիոս Յանգու - Հարություն Հարությունյան՝ 3։1 (11։7, 11։9, 9։11, 11։9)

Ստիլիանոս Գեորգիու - Վարուժան Բաղդասարյան՝ 0։3 (9։11, 4։11, 6։11)

ԼԻՏՎԱ – ՀԱՅԱՍՏԱՆ՝ 3։1

Կեստուտիս Զեյմիս - Վարուժան Բաղդասարյան՝ 3։2 (11։5, 9։11, 7։11, 12։10, 13։11)

Մատաս Վիլկաս - Հարություն Հարությունյան՝ 2։3 (9։11, 9։11, 11։5, 16։14, 6։11)

Լուկաս Ռիմկուս - Դավիթ Ղոթանյան՝ 3։0 (11։9, 11։8, 12։10)

Կեստուտիս Զեյմիս - Հարություն Հարությունյան՝ 3։2 (9։11, 11։7, 11։7, 9։11, 11։9)

ՀԱՅԱՍՏԱՆ – ՄԱԼԹԱ 3։0

Հարություն Հարությունյան – Գաբրիել Գրիքստի՝ 3։0 (11։7, 11։5, 11։7)

Վարուժան Բաղդասարյան – Էնդրյու Գամբինա՝ 3։1 (11։3, 2։11, 11։9, 11։7)

Դավիթ Ղոթանյան - ՝ 3։0 (11։0, 11։0, 11։0)

Հավելենք՝ սեղանի թենիսի Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցեց VBET-ի հովանավորությամբ:

Սեղանի թենիսի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց (տեսանյութ)

Լրահոս