Logo

«Սենց բաների տակից ե՞նք դուրս եկել». Պերեսի թոփ գործարքները, որոնցից ամենաբարդը Մբապեինն է

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 27.08.2021ՍՊՈՐՏ
Screenshot 12 - «Սենց բաների տակից ե՞նք դուրս եկել». Պերեսի թոփ գործարքները, որոնցից ամենաբարդը Մբապեինն է

Ֆուտբոլի պատմությունը փոխվեց Ֆլորենտինո Պերեսի՝ «Ռեալի» նախագահ դառնալուց հետո: Ճարտարապետի մասնագիտությամբ իսպանացին նոր էպոխա բացեց տրանսֆերային շուկայում՝ մեկը մյուսի հետևից աղմկոտ գործարքներ իրականացնելով: 20-րդ դարի վերջում ու 21-ի սկզբում Պերեսն անում էր բաներ, որ մինչ այդ ոչ ոք չէր տեսել: Հենց այդ ժամանակ ֆուտբոլում հայտնվեց «գալակտիկոս» տերմին/երևույթը:

Պերեսի հաջորդ «նշանակետը» Կիլիան Մբապեն է, բայց այս անգամ նույնիսկ փորձառու և անհնարինը հնարավոր դարձնող Պերեսի համար Մբապեի տրանսֆերային գործարքն անծանոթ է ու չափազանց բարդ: Պատճառը պարզ է. ՊՍԺ-ի մոդելը՝ որպես ակումբ, ոչ մի կապ չունի նախկին ֆուտբոլի հետ: Շեյխերի ժամանումից հետո փարիզյան ակումբից ֆուտբոլիստ գնելը գրեթե անհավանական խնդիր է: Խոսքը, իհարկե, այն ֆուտբոլիստների մասին է, որոնց հետ ՊՍԺ-ն հույսեր է կապում:

Այդուհանդերձ՝ «Ռեալի» ղեկավարը լավատեսությամբ է լցված, քանի որ նա մեծ գործարքների վարպետ է ու իրականացրել է տրանսֆերներ, որոնք ի սկզբանե թվացել են անհնար:

Ֆիգուի տրանսֆերն ու պատմական հարվածը «Բարսելոնային»

1990-ականների վերջում Ֆիգուի տրանսֆերն ամենաանսպասելին ու անհավանականն էր: Ոչ ոք չէր սպասում, որ «Բարսելոնայի» այդ ժամանակվա առաջատարներից մեկը՝ թիմի փոխավագը, կհեռանա ակումբից ու կտեղափոխվի ոչ ավել, ոչ պակաս «Ռեալ»: Բայց Պերեսն այդպես էր մտածել ու այդպես էլ արեց. «Եթե Ֆիգուն չխաղա «Ռեալում», պատրաստ եմ վճարել բոլոր երկրպագուների մեկ տարվա տոմսի արժեքը»: Պերեսն այս հայտարարությունն արեց 2000-ի հուլիսի 12-ին: Հուլիսի 25-ին արդեն Ֆիգուի շնորհանդեսն էր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում:

The Dramatic Transfer of Luis Figo From Barcelona To Real Madrid | The18

Մինչև տրանսֆերն իրականացնելու գործընթացը՝ Պերեսը դեռ «Ռեալի» նախագահն էլ չէր, այլ թեկնածուներից մեկը: Նա կապ էր հաստատել Ֆիգուի գործակալի հետ, պայմանավորվել բարձր աշխատավարձի ու միջնորդավճարի շուրջ: «Ռեալի» նախագահ ընտրվելուց հետո արդեն Պերեսը վճարեց 60 մլն եվրո՝ կատարելով այդ պահին ռեկորդային տրանսֆեր համաշխարհային ֆուտբոլում: Ֆիգուն ու գործակալն այլ ելք չթողեցին «Բարսայի» նախագահ Ժոան Գասպարին, որը խոստացավ հետագայում վրեժ լուծել «Ռեալից», բայց նման բան երբեք տեղի չունեցավ: Ֆիգուի՝ «երբեք «Ռեալ» չեմ տեղափոխվի» հայտարարությունը «Բարսելոնայի» երկրպագուները հիշում են մինչև հիմա:

Զիդանն ու անձեռոցիկը

Ֆիգուի տրանսֆերից մեկ տարի անց «Յուվենտուսը» դարձավ առաջին արտասահմանյան ակումբը, որ դարձավ Պերեսի տրանսֆերային քաղաքականության «զոհը»: Այս անգամ Ֆլորենտինոյի թիրախը Զինեդին Զիդանն էր:

Զիդանի՝ «Ռեալ» տեղափոխությունը, փաստացի, կայացավ 2000 թվականի վերջին, երբ ֆուտբոլային միջոցառումներից մեկի ժամանակ՝ ընթրիքին Ֆլորենտինո Պերեսն արտասովոր առաջարկ արեց ֆրանսիացուն. «Մենք ընթրում էինք ու զրուցում տարբեր թեմաներից: Պերեսն ինչ-որ բան գրեց անձեռոցիկին և այն փոխանցեց ինձ: Անձեռոցիկի վրա ֆրանսերենով գրված էր «ցանկանո՞ւմ ես խաղալ «Ռեալում»: Ես էլ գրեցի oui (այո – խմբ.): Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրերից էր», – նշել էր Զիդանը Vogue-ին տված հարցազրույցում:

Տրանսֆերի երկրորդ փուլը «Ռեալի» ու «Յուվենտուսի» միջև բանակցություններն էին: Լուչիանո Մոջին՝ թուրինցիների նախագահը դեռ չգիտեր՝ ինչ է սպասվում իրեն. «Խաղերից մեկից հետո Զիդանը եկավ ինձ հետ զրուցելու: Նա ինձ վրա ճնշում էր գործադրում, որ թույլ տայի նրան տեղափոխվել «Ռեալ»: Ես Պերեսին ասել էի, որ մոռանա Զիդանի մասին»:

«Յուվենտուսը», սակայն, ժամանակի ընթացքում  սկսեց տեղի տալ, քանի որ գիտակցում էր՝ Զիդանի որոշումն աներկբա է: Թուրինյան ակումբի ղեկավարությունը պարզապես փորձեց առավելագույն գումար ստանալ Զիդանի վաճառքից. «Պերեսը հասկացավ, որ Զիդանի համար պետք է վճարի գումար, որ դեռ երբեք չի վճարվել որևէ ֆուտբոլիստի համար», – հայտարարեց Մոջին:

Real Madrid: La efeméride blanca: 19 años del fichaje 'galáctico' de Zidane - AS.com

Տրանսֆերը երկար իրեն սպասեցնել չտվեց: Պերեսը գերազանցեց իր իսկ ռեկորդն ու Զիդանի համար վճարեց 77 մլն եվրո: Հուլիսի 9-ին Զիդանը «Ռեալի» ֆուտբոլիստ էր:

Ռոնալդոն ու ծովափնյա հանդիպումը

21-րդ դարի սկզբում Ռոնալդոն աշխարհի ամենաարդյունավետ հարձակվողներից մեկն էր, իսկ 2002-ի Մունդիալի տրիումֆը նրան տվեց իր դիրքում լավագույնի կարգավիճակը: Պերեսի աչքից լավագույնները չէին կարող վրիպել այդ ժամանակ: Բայց «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին նույնիսկ լսել չէր ուզում Ռոնալդոյի հեռանալու մասին: «Ռոնալդոն պետք է սկսի հասկանալ, որ կյանքում երբեմն պետք է հարմարվել իրավիճակներին, որոնք չեն համապատասխանում մարդկանց ցանկություններին կամ ակնկալիքներին: Ցանկանա, թե ոչ՝ նա մնալու է «Ինտերում»:

«Ինտերն» ամեն ինչ արեց, որ Պերեսը հեշտությամբ հաջողության չհասնի: Նրանք միանգամից մերժեցին «Ռեալի» առաջին առաջարկը: Բայց Պերեսն ու Մորատին հանդիպում ունեցան ծովափնյա մի ռեստորանում ու իրավիճակը կտրուկ փոխվեց: «Ռեալն» այդ հանդիպման մասին նույնիսկ հայտարարեց իր պաշտոնական կայքում՝ մի բան, որ մեր օրերում դժվար է պատկերացնել. «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի և «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատիի միջև այսօր կայացել է հանդիպում: Հանդիպման ընթացքում Ռոնալդոյի տրանսֆերի հարցով կողմերին համաձայնության հասնել չի հաջողվել, բայց բանակցությունները շարունակվում են»:

Top 5 most astonishing football transfers. - Blogs - Fútbol Emotion

«Ռեալը» չհանձնվեց ու պայքարեց մինչև վերջ: Տրանսֆերի մասին հայտարարվեց տրանսֆերային պատուհանի վերջին օրը: Ռոնալդոն 55 մլն եվրոյի դիմաց դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ:

Բեքհեմ. Ինչպես Պերեսը never-ը փոխեց yes-ով

2003-ը «Ռեալի» համար «գժական» տարի էր: Ակումբից հեռացան թիմի ավագ Ֆերնանդո Հիերոն ու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն: Արդեն պատկերացնում եք՝ քննադատություններ, սկանդալ…

Բայց Պերեսը շատ արագ ակումբին հանեց այդ շոկից: Հունիսի 17-ին Դևիդ Բեքհեմը դարձավ «Ռեալի» ֆուտբոլիստ՝ 25 մլն եվրոյի դիմաց, բայց ամեն ինչ այնքան հեշտ չստացվեց, որքան կարող է թվալ: Տրանսֆերին նախորդող ամիսներին «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակ մերժում էր մադրիդցիներին, Բեքհեմին էլ համարում անձեռնմխելի՝ որպես թիմի ամենաառանցքային ֆուտբոլիստներից մեկը: Never, never, never. սա «Յունայթեդից» ամենահաճախ ստացվող պատասխանն էր Պերեսին, որը, սակայն, լավ գիտեր, որ այդ never-ը վերջում դառնալու է yes:

Մեր ընտրանին

Բեքհեմին հետևեց Օուենը

Կրկին շատերի համար անսպասելիորեն, բայց Պերեսը հայտարարեց նաև անգլիական ֆուտբոլի մյուս աստղի՝ Մայքլ Օուենի տրանսֆերի մասին՝ 2004-ի օգոստոսի 14-ին: 12 մլն եվրո ու «Ոսկե գնդակի» դափնեկիրը» «Ռեալի» ֆուտբոլիստ է. «Որոշումս կայացրել էի, ակումբներն էլ պայմանավորվել էին, բայց, միևնույն է, տանից դեպի օդանավայական ճանապարհին արտասվում էի: Իմ մի մասը չէր ցանկանում հեռանալ: Երբ «Ռեալը» խնդրեց ինձ միանալ իրենց, իմ մի մասն արդեն Մադրիդում էր, մյուս մասը՝ շփոթված», – հիշում է անգլիացին, որ հեռացավ «Լիվերպուլից» ու այլևս չխաղաց այն ֆուտբոլը, որ խաղում էր մինչ այդ:

2009-ի լեգենդար ամառը

2009 թվականին Ֆլորենտինո Պերեսը երկրորդ անգամ ընտրվեց «Ռեալի» նախագահի պաշտոնում ու անհավանական ամառային տրանսֆերային պատուհան անցկացրեց: Պերեսը գնեց այդ պահին կայացած ու հեռանկարային մի քանի աստղերի՝ 2007-ի ու 2008-ի «Ոսկե գնդակի» դափնեկիրներին, աշխարհի լավագույն հենակետայիններից մեկին՝ Խաբի Ալոնսոյին, Եվրոպայի ամենախոստումնալից հարձակվող Կարիմ Բենզեմային և իսպանական ֆուտբոլի տաղանդավոր պաշտպան Ռաուլ Ալբիոլին:

LaLiga - Real Madrid: Benzema is the lone survivor | MARCA in English

«Ռոնալդուի խնդրանքով, որն իր ցանկությունը հայտնեց ակումբից հեռանալու, «Ռեալին» թույլ տվեցինք բանակցել նրա հետ», – հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդը», որն օրեր անց 94 մլն եվրոյի դիմաց վաճառեց իր առաջատարին: Բենզեմայի տրանսֆերն իրականացնելու համար Պերեսը մեկնել էր Լիոն ու գնացել Կարիմի բնակարան՝ ֆուտբոլիստին տեղում համոզելու:

Պերեսն այդ ամռանն անկասելի էր: Նա ցանկանում էր «Արքայական ակումբին» վերադարձնել եվրոպական էլիտա:

Մոդրիչ, իսկ հետո՝ Բեյլ

«Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևին հայտնի է իր՝ շատ բարդ բանակցող լինելու հատկությամբ: Ամենավառ օրինակը Հարի Քեյնի չկայացած տրանսֆերն է, որը չհաջողվեց իրականացնել նույնիսկ «Մանչեսթեր Սիթիի» նման զորեղ ակումբին:

Բայց Պերեսը 2 «կռիվ» ունեցավ Լևիի հետ ու հաղթեց երկուսում էլ: 2012-ին՝ Լուկա Մոդրիչի տրանսֆերի հարցով, 2013-ին՝ Գարեթ Բեյլի: 2 դեպքում էլ «Ռեալը» ֆուտբոլիստների անփոփոխ ու հստակ որոշման կարիքն ուներ: Մոդրիչը, օրինակ, բոյկոտեց թիմի մարզումները՝ «Ռեալ» տեղափոխվելու համար: Նա ակումբի հետ չմեկնեց ԱՄՆ՝ միջմրցաշրջանային հավաքին, ակումբն էլ Անդրե Վիլաշ-Բոաշի պահանջով 100 հազար եվրոյով տուգանեց խորվաթ ֆուտբոլիստին . «Մոդրիչը սխալվել է, սա իր դեմ է աշխատելու: Նա ավելի վատթարացրեց իրավիճակը, նախագահն այժմ զայրացած է», – նշեց պորտուգալացի մասնագետը: Օգոստոսի 27-ին Մոդրիչն արդեն «Ռեալի» ֆուտբոլիստ էր:

Modric joins Real Madrid - Eurosport

Նույն իրավիճակը կրկնվեց Գարեթ Բեյլի դեպքում, պարզապես մի քանի օր տրանսֆերը ձգձգվեց: Ուելսցին նույնպես հրաժարվեց մասնակցել միջմրցաշրջանային հավաքին ու սահմանվեց տրանսֆերային նոր ռեկորդ՝ 101 մլն եվրո:

Կուրտուայի ու Ազարի էժան «օպերացիաները»

Անցնող տարիների հետ տրանսֆերային շուկան ավելի ու ավելի էր խելագարության հասնում (մինչև պանդեմիան), և պետք էր ինչ-որ կերպ դիմակայել նոր պայմաններում: Ֆլորենտինո Պերեսը գտավ իր թիրախներին հասնելու ձևը. սպասել մինչև նրանց պայմանագրի վերջին տարին ու ստիպել ակումբներին վաճառել նրանց՝ «Ռեալին» հարմար գնով:

Այդպես եղավ թե՛ Տիբո Կուրտուայի, թե՛ Էդեն Ազարի դեպքում: 2018-ին «Ռեալը» գնեց աշխարհի լավագույն դարպասապահներից մեկին ընդամենը 35 մլն եվրոյով, ինչո՞ւ։ Որովհետև 2019-ին նա «Ռեալ» կտեղափոխվեր անվճար: Էդեն Ազարին էլ «Ռեալը» գնեց բելգիացու իրական արժեքից անհամեմատ ավելի ցածր գնով՝ 100 մլն եվրոյով: Այլ հարց է, որ Ազարը չի կարողանում փոխհատուցել ակումբին այդ գումարն իր խաղով:

Մբապե. Պերեսի ամենաբարդ մարտահրավերը

Մբապեի տրանսֆերն իր բարդությամբ տարբերվում է նշված բոլոր տրանսֆերներից: «Ռեալը» աշխատում է այս տրանսֆերն իրագործելու ուղղությամբ արդեն 3 տարի, բայց ոչինչ չի ստացվում:

ՊՍԺ-ն գումարի կարիք չունի: Փարիզյան ակումբը վաճառել չի ցանկանում, և իմաստն էլ չկա: Նրանք հավակնոտ նախագիծ ունեն, ցանկանում են հաղթել Չեմպիոնների լիգան ու կառուցում են իրենց պրոյեկտը աշխարհի ամենացանկալի ու հեռանկարային ֆուտբոլիստի՝ Կիլիան Մբապեի շուրջ: Վերջին 2 տարիներին «Ռեալին» չի հաջողվել նույնիսկ բանակցության սեղանի շուրջ նստել փարիզյան ակումբի հետ: «Արքայական ակումբին» մնացել էր մեկ ելք:

Реал» (Мадрид) предложит «ПСЖ» 170 миллионов евро за Килиана Мбаппе 30 августа – за сутки до закрытия трансферного окна - Eurosport

Այդ ելքը Մբապեի հետ ինչ-որ կերպ կապ հաստատելն ու նրան համոզելն էր, որ չերկարաձգի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ՝ չնայած փարիզցիների՝ Մբապեին ամեն անգամ ավելի շահավետ առաջարկ անելու պայմաններին: Ինքն էլ՝ «Ռեալը», ոչ մի դեպքում չի կապվում ՊՍԺ-ի հետ Մբապեի տրանսֆերի հարցով՝ երկարատև գործարքը չփչացնելու համար: Մբապեն դիմացավ ճնշումներին ու մեծ գումարների գայթակղությանը, նա չերկարաձգեց պայմանագիրը, որին մնացել է ընդամենը մեկ տարի: Ու նույնիսկ հիմա ՊՍԺ-ն չի հանձնվում՝ թքած ունենալով այն փաստի վրա, որ Մբապեն հաջորդ տարի կարող է հեռանալ անվճար:

Բայց Մբապեի վերջին հանդիպումն ու Փարիզից հեռանալու հստակ դիրքորոշումն աստիճանաբար ազդում է նաև ՊՍԺ-ի ղեկավարության դիրքորոշման վրա: Փարիզցիների նյարդերն արդեն տեղի են տալիս, բացի դա՝ եթե նրանք նույնիսկ չունեն գումարի կարիք, ապա կա ֆինանսական ֆեյր-փլեյ, ինչի կանոնները չխախտելու համար Մեսին հեռացավ «Բարսելոնայից»: Ըստ իսպանական մամուլի՝ Մբապեի տրանսֆերն առաջիկա օրերին կձևակերպվի: Մնում է կողմերը ֆինանսական համաձայնության հասնեն:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա