Logo

Սերբիան հետաքրքրված է շախմատի դասավանդման Հայաստանի փորձով

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:57 / 05.05.2022Շախմատ
շախմատի դասավանդում ՀՀ-ում

Սերբիան ցանկանում է ընդօրինակել շախմատի մասսայականացման և դասավանդման հայկական փորձը, Հայաստանը պատրաստ է օգնել բարեկամ երկրին։ Իմաստունների խաղի զարգացման ոլորտում համագործակցելու երկու երկրների պատրաստակամությունը փաստվել է այսօր Երևանում տեղի ունեցած ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի և Սերբիայի շախմատի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Անդրիյա Յորգիչի գլխավորած պատվիրակության անդամների հանդիպման ժամանակ։

Գերատեսչության տարածած մամուլի հաղորդագրությունում նշվում է, որ փոխնախարարը պատրաստակամություն է հայտնել իր լիազորությունների շրջանակում ամրապնդելու հայ-սերբական մարզական հարաբերությունները: Իր հերթին Անդրիյա Յորգիչը նշել է, որ մեր երկիր է ժամանել հատուկ առաքելությամբ՝ ուսումնասիրելու Հայաստանի հանրակրթական դպրոցներում շախմատի դասավանդման մեթոդաբանությունը և փորձելու այն կիրառել Սերբիայում։

Կարեն Գիլոյանը նշել է, որ Հայաստանը կարող է մեր երկրում վերապատրաստվելու և առկա փորձը ուսումնասիրելու հնարավորություն ընձեռել սերբ մասնագետներին, նաև Սերբիայում վարպետության դասեր անցկացնելու նպատակով մասնագետներ տրամադրել։

Սերբիայի Ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ծրագրի ղեկավար Դարկո Օբրադովիչը, այդ երկրի հայ ազգային համայնքի նախագահ Բիլիանա Օբրադովիչը և «Borba» ամսագրի խմբագիր Լիլիանա Ստոյանովիչը նույնպես կարևորել են երկու երկրների միջև մշակութային, մարզական և կրթական կամուրջների ստեղծման անհրաժեշտությունը:

Սերբական պատվիրակությունը հյուրընկալվելու է նաև Հայաստանի շախմատի ակադեմիայում և հանդիպելու է նրա հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանին։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա