Logo

Սերը եկավ․․․ [Նառա Վարդանյան]

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 05.02.2020Գրադարան
51348044 10219389633478506 7896978967826006016 o - Սերը եկավ․․․ [Նառա Վարդանյան]

Ճշմարտությունն այն է, ինչին նայում ես սիրո միջով

 

Սերը եկավ… երբ խենթուկ էի, աչքերիս միջի ամենապարզ, ամենամաքուր ժամանակն էր, սերը եկավ, երբ ամառվա տաք անձրևից հետո սկսեցի ոտաբոբիկ թռչկոտել փոսաջրերի մեջ ու տեսա սիրո զարմանքը, հետո հրճվանքը, ու թիկունքից զգացի պինդ գրկելն ու վախեցած, վարանող, զգույշ համբուրելը… ես հանձնվեցի սիրուն:

Իսկ ես ընդամենը փորձում էի… վայելել այն ամենն, ինչ ինձ շուրջկալել էր. տաքը, ամառը, արևը, գրականությունը… կյանքը:

Ոչ մի տեսակ պայմանականությունների չենթարկվող երևույթներն անգամ ենթարկվում են հասարակական նորմերի քննությանը… ու դրանք հաղթահարել է պետք: Սերն է, որ չի ենթարկվում ոչ մի պայմանականության: Ու երբ հայացքդ երկինք ես բարձրացնում, հասկանում ես, որ քո խիղճն ու քո սեր-սիրտն է թելադրում ապրելու պայմանականությունը, ապրելու տարածքը: Դու ես ընտրում միջավայրը, դու քո շուրջը ստեղծում ես սիրո էներգիան ու ցանկացած հասարակական քննության հայացք գալիս ու չի կարողանում ճեղքել սիրո էներգիայի պատը: Նետերը սիրոտված վերադառնում են հայացքներին ու եթե մի պստիկ կասկածի ու սիրո ճեղք է գտնում, կպնում է, վարակում:

Բայցևայնպես… դժվար էր, բայց ոչ անհնար:

Բոլոր կանայք ու բոլոր տղամարդիկ այս կյանքից ուզում են… սիրված լինել, մենակ չլինել… երևի:

Վախեր են եղել… որ հետապնդել են ինձ: Ամենասարսափելի վախը երազում թմբկահարում էր գիտակցությունս. երազներում անդադար խեղդվում էի: Վախը հաղթահարեցի ու լողալ սովորեցի: Ամենամեծ վախը հաղթահարել չի լինելու, որովհետև բոլորս մի օր չենք լինելու:

Ուժեր են եղել… որ թևերը փռել են իմ գլխավերևում, նրանք հրեշտակներ էին, որ եկել էին օգնելու մարդ լույս աշխարհ բերելու:

Ու ուժ կա… որ արդեն քո մեջ է, դու անցել ես չուժեղ լինելու սահմանները:

Սահմաններ կան, որոնք անցնելուց հետո դառնում ես անվախ, ազատ, բարի, սիրող, ներող այո՜, կա՛ն այդ սահմանները, կա՛ մի սահման-պատնեշ՝ սիրո սահմանը, բոլոր տեսակի սերերի սահմանը, անցար, արդեն ազատ ես, բարի, սիրող, ներող, բայց անվախ չես, հնարավոր չէ անվախ լինել, որովհետ կորցնելու վտանգը կա, միշտ, հետապնդում է, բայց այս ամենը մտապահելով, երբեմն աչքերս փակում եմ ու գնուու՜ում: Հայտնվում եմ տաք ապահով պտղաջրերի մեջ, պինդ փակում եմ բոլոր զգայարաններս ու վայելում անվախության իմ ձեռքբերած տաքությունը:

Երեխաները գալիս են մեր կյանք, որ… կարողանաս քո ներսը թարս հանած շորի նման տեսնես՝ բոլոր կարերով, բոլոր ծածկած թերություններով… Սիրես, նվիրվես, անձնազոհվես, կարոտես, ջանաս, երջանկանաս, հազուփռշտոցից գնաս էն աշխարհ, հետ գաս, դառնաս հսկա, կարողանաս պաշտպանել, կռիվ տաս, սովորես հենց երեխայից, սովորես լինել պարզ, լինել անմիջական, լինել ողորկ իր մաշկի նման, սովորես հրճվել, հրճվե՜լ կյանքով:

Մանեն Մեռնեմ Մանեին… Մանեն միշտ է եղել, ես այլևս չեմ պատկերացնում մի ժամանակ, որ ինքն ինձ հետ չի եղել, չկա այդ ժամանակը: Նա միշտ իմ ներսում եղել է, ու գիտեի, որ մի օր բարուրահոտով գիրկս եմ առնելու: Երբեմն մտածում եմ՝ ընդամենը երեքուկես տարի ապրելով էս մոլորակի վրա, որտեղից նրան էսքան զգայնություն, նրբանկատություն, ջերմություն, էս սիրո օվկիանոսը որտեղի է բերել հետը: Մանես, իմ աղջիկը, իմ սիրտը, իմ շունչը… հիմա տես գրում եմ էս բառերը, ինքը քնած է, անո՜ւշ, թաթերը դնում է գլխի տակ, քնում է, էնքան սիրուն է, միշտ եղել է Մանեն, միշտ: Գնամ պաչեմ գամ:

Իսկ ես մի սովորական մարդ եմ․․․ որը երբեմն տխրում է, երբեմն ուրախանում, սովորական մարդ եմ իմ բոլոր մեղքերով, իմ բոլոր հատուցումներով, սերերով, կարոտներով… սովորական, շա՜տ սովորական, որովհետև երբեմն անզոր եմ, էն վերևում գրված վախի դեմ անզոր եմ: Սովորական մարդ, որ կարոտում է ծնողներին, շատ է կարոտում Գրետիկ տատին՝ հոտն է կարոտում, իր հետ խոսելուն է կարոտում, սիրում է Խանջյանին, Մանեին, քույր-եղբայրներին, ընկերներին… իր շանն է սիրում՝ Նազանիին, կարոտում է… սովորական, սովորական մարդ…

Ու ես մի բացառիկ մարդ եմ, որը էս բոլոր սերերը, վախերն ու կարոտները առած, նստում է գրականության առջև, սիրում է գրել, փորձում է ուսումնասիրել մարդու ներսը:

Ես ինքս ինձ ու, հուսամ, շատերին ապացուցեցի, ցույց տվեցի, որ հեչ էլ դժվար չէ․․․ ապրելը, ապրելը քո՛ ուզած ու քո ստեղծած աշխարհում, դժվար չէ երեխա ունենալ, որի ծնվելու պատասխանատուն միայն դու ես, դժվար չէ կրել սիրո մեղքը, ավելին, հաճելի է:

Իմ սերը նման է․․․ խատուտիկի… փչում ես՝ երազանք պահելով, ինքը սկսում է տարածվել դեղին սիրո ծաղիկներով, հետո շուրջկալում է քեզ:

Կգա մի օր․․․ որ մենակ կմնամ: Չգիտեմ՝ երբ կլինի, որտեղ, ինչ իրավիճակում, բայց էդ մեծ վախին էլ պատրաստվել է պետք: Պետք է պատրաստ լինել այդ օրվան: Մենակությանն էլ է պետք սիրո միջով նայել: 35 տարի է պտտվում եմ երկրի վրա ու միակ հասկացածս այս է՝ ինչին նայում ես սիրո միջով, ճշմարիտ է:

 

լուսանկարը՝ Անահիտ Հայրապետյանի


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա