Logo

Սինկֆիլդի գավաթ. Լևոն Արոնյանն առաջին պարտությունը կրեց

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
09:45 / 05.09.2022Շախմատ
null

Ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում ընթացող շախմատի Սինկֆիլդի գավաթի խաղարկության 3-րդ տուրն անհաջող էր Լևոն Արոնյանի համար, որը սևերով 38-րդ քայլին զիջեց Ֆրանսիան ներկայացնող Ալիռեզա Ֆիրուջային՝ կրելով մրցաշարում առաջին պարտությունը:

Նախորդ տուրերում Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը հաշտություն էր կնքել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հանս Նիմանի և աշխարհի գործող չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ: 

Սեպտեմբերի 5-ին կայանալիք 4-րդ տուրում Արոնյանը սպիտակներով կմրցի ԱՄՆ-ը ներկայացնող Լերնիեր Դոմինգեսի հետ: Վերջինս երրորդ տուրում ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչնու հետ: 

Առաջին պարտությունը կրեց նաև Մագնուս Կառլսենը, որի մրցակիցը Հանս Նիմանն էր: Հաղթանակ տարավ նաև ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոն իր հայրենակից Ֆաբիանո Կարուանայի հետ մրցախաղում: Ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը հաշտություն կնքեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ: 

3 տուրից հետո Լևոն Արոնյանը մեկ միավորով 8-րդ տեղում է: 2,5 միավորով առաջատարը Հանս Նիմանն է, որին կես միավոր է զիջում Ուեսլի Սոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա