Logo

Աշխարհի պատանեկան առաջնություն. Մարիամ Մկրտչյանը հաղթեց ադրբեջանցուն ու ամրապնդեց առաջատարի դիրքը

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
21:33 / 13.09.2022Շախմատ
null

Ռումինիայի Մամայա քաղաքում ընթացող մինչև 14, 16 և 18 տարեկան աղջիկների ու պատանիների շախմատի աշխարհի առաջնությունում կայացան 8-րդ տուրի մրցախաղերը:

Գերազանց ելույթներ ունեցող Հայաստանի գործող չեմպիոնուհի Մարիամ Մկրտչյանը սկզբունքային մրցախաղում  սպիտակներով 35–րդ քայլին պարտության մատնեց ադրբեջանցի Այան Ալլահվերդիևային՝ տոնելով 8-րդ անընդմեջ հաղթանակը: 

Մարիամն ավելի ամրապնդեց մինչև 18 տարեկան աղջիկների մրցաշարի միանձնյա առաջատարի դիրքը: Նա արդեն 1,5 միավորով է առաջ անցել մոտակա հետապնդող, հնդիկ շախմատիստուհի Կանիշկայից, որի հետ սպիտակներով մրցելու է 9-րդ տուրում:

Հայ-ադրբեջանական շախմատային 2-րդ դիմակայությունն էլ ավարտվեց Հայաստանի ներկայացուցչի հաղթանակով: Մինչև 16 տարեկան պատանիների մրցաշարում Էմին Օհանյանը սևերով հաղթեց Շիրօղլան Թալիբովին: Էմինը վաստակել է 6,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Նա ընդամենը կես միավոր է զիջում առաջատարին՝ Ֆրանսիան ներկայացնող Տիմոթե Ռազաֆինդրացիմային:

Տարիքային այս խմբում ելույթ ունեցող Արսեն Դավթյանը սևերով պարտվեց հնդիկ Պրանավ Անանդին: Արսենը 5,5 միավորով 11-րդ տեղում է:

Մինչև 18 տարեկան պատանիների մրցաշարի մասնակից Մամիկոն Ղարիբյանը հաշտություն կնքեց լեհ Տիմոն Չեռնեկի հետ ու վաստակած 5,5 միավորով ընթանում է 10-րդ տեղում: Նույնպիսի արդյունքով 12-րդ տեղում Սարգիս Սարգսյանն է, որը սևերով պարտության մատնեց հույն Դիմիտրիոս Մակլիդիսին:

8-րդ տուրում հայ շախմատիստներից հաղթեցին նաև Բենիկ Աղասարովը (մինչև 14 տ., 5,5 միավոր) և Ալեքս Սահակյանը (մինչև 16 տ., 5 միավոր):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա