Logo

Զավեն Անդրիասյան. «Համաշխարհային օլիմպիադայում մրցանակակիր դառնալն իրատեսական է»

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:03 / 15.07.2022Շախմատ
Բացառիկ
null

Շախմատի կանանց Հայաստանի ազգային հավաքականը հուլիսի 15-ին մեկշաբաթյա ուսումնամարզական հավաք է սկսել Ծաղկաձորում՝ պատրաստվելով հուլիսի 28-ից օգոստոսի 10-ը Հնդկաստանի Չենայ քաղաքում կայանալիք 44-րդ Համաշխարհային օլիմպիադային։ Թիմի գլխավոր մարզիչ, գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը Vnews-ին ներկայացրել է հավաքի ընդհանուր ծրագիրը և սահմանել այն նշաձողը, որը հայ շախմատիստուհիների համար ուղենիշ է լինելու ընթացիկ մրցաշրջանի ամենակարևոր թիմային մրցաշարում։

Հավաքը բաց է թողնում հավաքականի առաջատար Էլինա Դանիելյանը, որն արտասահմանում հանգստից հետո կմիանա թիմակիցներին և կմեկնի մրցավայր։ Ծաղկաձորյան հավաքին մասնակցում են Լիլիթ Մկրտչյանը, Մարիամ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Աննա Սարգսյանը։  

«Անկեղծ ասած, վաղուց ենք սկսել պատրաստվել Օլիմպիադային։ Այս հավաքի ընթացքում հիմնականում ամփոփելու ենք կատարած աշխատանքը։ Ուշադրություն ենք դարձնելու ոչ միայն սկզբնախաղային տարբերակների յուրացմանն ու կատարելագործմանը, այլև առկա մյուս խնդիրների լուծմանը, խաղալու ենք մարզումային պարտիաներ։ Իհարկե, չենք անտեսելու նաև շախմատիստուհիների ֆիզիկական պատրաստվածության խնդիրը։ Հավաքի ավարտին կվերադառնանք Երևան և հուլիսի 27-ին կմեկնենք Հնդկաստան»,- զրույցում նշեց Զավեն Անդրիասյանը։

Խոսելով Համաշխարհային օլիմպիադայից ակնկալիքների մասին՝ գլխավոր մարզիչն ընդգծեց, որ Հայաստանի հավաքականը փորձելու է մրցանակային տեղ գրավել և ընդհատել թիմային մրցումներից ձեռնունայն վերադառնալու վերջին տարիների տխուր ավանդույթը։

«Պետք է ձգտենք պայքարել մեդալների համար։ Նախորդ Օլիմպիադայում ցավալիորեն բաց թողեցինք մրցանակային տեղ գրավելու իրական հնարավորությունը։ Ի դեպ, այն ժամանակ մեր հավաքականն ուներ 12-րդ վարկանիշը, իսկ հիմա 11-րդն ենք։ Այնպես որ, նշաձողը առաջին երեք տեղերն են, որոնցից մեկում հաստատվելը միանգամայն իրատեսական է։ Համենայնդեպս, ներուժով չենք զիջում 4-րդ վարկանիշն ունեցող թիմին և հաջորդող մյուս հավաքականներին։ Վերջին տարիների թիմային մրցումներում որպես կանոն եզրափակիչ տուրերում ենք բաց թողել մրցանակակիր դառնալու հնարավորությունը։ Հետևություններ, իհարկե, արել ենք, փորձում ենք կատարելագործել մեր մոտեցումները։ Հնարավոր է, մեզ դեռ ինչ-որ բան չի բավականացնում։ Հուսանք՝ Հնդկաստանում այլ կերպ կլինի։ Ձգտելու ենք անել այնպես, որ շախմատիստուհիները հնարավորինս հավասարաչափ ծանրաբեռնվեն, բայց նաև շատ դադար չունենան մրցաշարի ընթացքում»,- ասաց Զավեն Անդրիասյանը։

Հիշեցնենք, որ կանանց Հայաստանի հավաքականը երբեք չի դարձել շախմատի Համաշխարհային օլիմպիադաների մրցանակակիր, թեպետ մի քանի անգամ շատ մոտ է եղել այդ նպատակին։ 2018-ին Բաթումում հայուհիները գրավել էին 6-րդ տեղը՝ 2 միավոր զիջելով չեմպիոնին և արծաթե մրցանակակրին ու 1 միավոր՝ երրորդ տեղը գրաված թիմին։

Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը Եվրոպայի թիմային առաջնության հաղթող (2003 թվականին) և բրոնզե մեդալակիր է (2007)։  

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա