Logo

«Շիրակի» երկար սպասված հաղթանակն ու «Բանանցում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը. 10 փաստ գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումներից

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 13.04.2017Հայկական ֆուտբոլ
17854982 1289144937805196 2715672141115300019 o - «Շիրակի» երկար սպասված հաղթանակն ու «Բանանցում» գոլ խփած ամենատարեց լեգեոնականը. 10 փաստ գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումներից

Շաբաթվա միջնամասում կայացան Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի առաջին հանդիպումները: «Փյունիկը» 2-1 հաշվով կամային հաղթանակ տոնեց «Բանանցի» նկատմամբ, իսկ «Շիրակը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ «Գանձասար-Կապանի» նկատմամբ:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 փաստ, որոնք առանձնացել են գավաթային հանդիպումներից:

1. Ֆուտբոլի Հայաստանի գավաթի կիսաեզրափակչի երկու հանդիպումներում դաշտի տերերն ու հյուրերը մեկական հաղթանակ տոնեցին: Գավաթի մրցաշարում առայժմ ավելի հաջող են հանդես գալիս հյուրերը, որոնք կայացած 7 հանդիպումներից շահել են 4-ը, պարտվել 2-ում, մեկն ավարտել են ոչ-ոքի: Գրանցված 12 գոլերից 7-ի հեղինակը հյուրընկալվելիս հանդես եկած ֆուտբոլիստներն են:

2. Գավաթի մրցաշարերում «Փյունիկը» 6-րդ հաղթանակը տոնեց «Բանանցի» նկատմամբ: Փյունիկցիները շահել են «Բանանցի» հետ անցկացրած գավաթային վերջին 3 խաղերը, որոնցից երկուսը կայացել էին պատվավոր մրցանակի եզրափակչում (2009թ.՝ 1:0, 2010թ.՝ 4:0): «Փյունիկը» գավաթի ընթացիկ խաղարկությունում միակն է, որ հաղթել է անցկացրած 3 հանդիպումներում էլ:

3. «Բանանցը» գավաթի ընթացիկ մրցաշարում 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց: Գավաթի խաղարկություններում արդեն 3 խաղ է, ինչ «Բանանցը» չի կարողանում հաղթել «Փյունիկին»: Վերջին հաղթանակը փյունիկցիների նկատմամբ «Բանանցը» տոնել է 2006թ. գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում՝ սեփական հարկի տակ առավելության հասնելով 2:1 հաշվով: Սակայն դա բավարար չի եղել եզրափակիչ մտնելու համար, քանի որ առաջին խաղում «Բանանցը» հյուրընկալվելիս զիջել էր 0:1 հաշվով: «Բանանցին» առայժմ միայն 2003թ. է հաջողվել գավաթային դիմակայությունում հաղթահարել «Փյունիկի» արգելքը (1:1, 2:1):

17807414_1289145154471841_1741942235502647221_o

4. «Գանձասար Կապանին» «Շիրակի» հետ գավաթային 3-րդ խաղում էլ չհաջողվեց հաղթանակ տոնել՝ կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: Այս տարվա պաշտոնական մրցումներում «Գանձասար Կապանն» առաջին պարտությունը կրեց: Գանձասարցիները 4-րդ անգամ են հանդես գալիս կիսաեզրափակչում: Նրանց առայժմ միայն մեկ անգամ՝ 2014թ. է հաջողվել հաղթահարել այդ փուլի արգելքն ու մտնել եզրափակիչ:

5. Երկարատև ընդմիջումից հետո «Շիրակին» վերջապես հաջողվեց գավաթի մրցաշարում հաղթանակ տոնել: Նախորդ երկու խաղարկություններում անցկացրած 4 հանդիպումներում գյումրեցիներն այդպես էլ չէին ճաշակել հաղթանակի բերկրանքը: Վերջին հաղթանակը «Շիրակը» տարել էր 2013թ. հոկտեմբերի 23-ին՝ քառորդ եզրափակչի պատասխան խաղում հյուրընկալվելիս առավելության հասնելով «Բանանցի» նկատմամբ՝ 1:0:

6. Նենադ Ինյացը բացեց գոլերի հաշիվը նաև Հայաստանի գավաթի մրցաշարում: Նա դարձավ գավաթի մրցաշարերում գոլ խփած «Բանանցի» ամենատարեց լեգեոնականը: «Փյունիկի» դարպասը գրավելիս սերբ հարձակվողը 31 տարեկան 219 օրական էր:

7. Պետրոս Ավետիսյանը և Ումարու Կաինան ևս բացեցին գոլերի հաշիվը գավաթի մրցաշարում: Ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուների ցանկը 2 գոլով գլխավորում է նախկին փյունիկցի Կամո Հովհաննիսյանը:

8. Արա Խաչատրյանը «Գանձասար Կապանի» կազմում գավաթի մրցաշարում 23-րդ խաղն անցկացրեց և կրկնեց թիմի նախկին ավագ Արմեն Տատինցյանի ռեկորդը: Հիշեցնենք, որ Խաչատրյանը ներկայումս թիմի ռեկորդակիրն է նաև ՀՀ առաջնություններում անցկացրած խաղերի (211) քանակով և ժամանակին դարձյալ գերազանցել էր Արմեն Տատինցյանի ռեկորդային ցուցանիշը, ով թիմի մարզաշապիկով բարձրագույն խմբում 179 խաղ է անցկացրել:

9. Գավաթի ընթացիկ մրցաշարում գրանցվեց առաջին ինքնագոլը, որի հեղինակը «Բանանցի» ֆուտբոլիստ Արամ Բարեղամյանն է: Այդ գնդակը ոչ միայն կամային հաղթանակ պարգևեց փյունիկցիներին, այլև դարձավ «Փյունիկի» մասնակցությամբ գավաթային հանդիպումներում ընդհանուր առմամբ գրանցված 350-րդ գոլը: Դրանցից 264-ը գրանցվել է «Փյունիկի» օգտին:

10. Վսևոլոդ Երմակովն առաջին խաղն անցկացրեց «Շիրակի» կազմում Հայաստանի գավաթի մրցաշարում: Մինչ այդ նա թիմի դարպասը պաշտպանել էր միայն եվրոգավաթների խաղարկությունում:

Աշոտ Հայրապետյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա