Logo

«Շիրակը» և «Ուրարտուն» կվիճարկեն գավաթը, Օզբիլիսը նորամուտը դուբլով նշեց. Fastex Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
12:54 / 07.04.2023Ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայտնի դարձան Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկության եզրափակիչի մասնակիցները: Պատվավոր մրցանակը կվիճարկեն Գյումրիի «Շիրակը» և Երևանի «Ուրարտուն»: 

Vnews-ը գավաթի կիսաեզրափակիչի հանդիպումների ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում է 10 փաստի տեսքով: 

1. Fastex Հայաստանի գավաթի 32-րդ խաղարկության կիսաեզրափակիչ հանդիպումներից մեկն ավարտվեց դաշտի տերերի հաղթանակով, մյուսում գրանցվեց ոչ-ոքի: Գավաթի ընթացիկ խաղարկությունում կայացած 12 հանդիպումներից ընդամենը 3-ն է ավարտվել դաշտի տերերի հաղթանակով, 7-ում հաջողության են հասել հյուրերը, 2 խաղում գրանցվել է ոչ-ոքի:

2 խաղում խփվեց 6 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3 գնդակ): Կայացած 12 հանդիպումներում գրանցվել է 38 գոլ (միջինը մեկ խաղում՝ 3,1 գնդակ):

2. «Շիրակը» 6 տարվա ընդմիջումից հետո կրկին Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչի ուղեգիր նվաճեց՝ հետխաղյա 11մ հարվածաշարում հաղթելով «Փյունիկին»: Պատվավոր մրցանակի համար պայքարում «Փյունիկի» և «Շիրակի» Ճանապարհները 8-րդ անգամ հատվեցին: «Շիրակին» 5-րդ անգամ հաջողվեց հաղթահարել «Փյունիկի» արգելքը: 

Նախորդ անգամ «Շիրակը» գավաթի կիսաեզրափակիչում ելույթ էր ունեցել 2017/18թթ. խաղարկությունում՝ երկու խաղերի ընդհանուր արդյունքով զիջելով «Գանձասար-Կապանին» (1-1, 0-1): Հետաքրքիր է, որ այդ խաղարկությունում շիրակցիների կազմում խաղացել էր Մուսա Փոլ Բակայոկոն, որը 3 գնդակով դարձել էր գավաթի մրցաշարում թիմի լավագույն ռմբարկուն: Ընթացիկ խաղարկությունում Բակայոկոյի օգտին 2 գոլ է գրանցված:

3. Fastex Հայաստանի գավաթի բոլոր 32 խաղարկությունների միակ մասնակից «Շիրակը» 8-րդ անգամ իրավունք ստացավ եզրափակիչում վիճարկելու պատվավոր մրցանակը: Վերջին անգամ շիրակցիները եզրափակիչում խաղացել են 2017թ. մայիսի 24-ին՝ վճռորոշ խաղում 3-0 հաշվով հաղթելով «Փյունիկին»: Առայժմ «Շիրակի» համար հաղթական են եղել 7 եզրափակիչներից 2-ը: Առաջին անգամ գյումրեցիները Հայաստանի գավաթակիր են դարձել 2012թ.՝ եզրափակիչում Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթելով «Իմպուլսին»:

4. «Ուրարտուն» գավաթի ընթացիկ խաղարկությունում անցկացրած երկրորդ խաղում էլ հաղթեց խոշոր հաշվով՝ կրկին 4 անպատասխան գնդակ ուղարկելով մրցակցի դարպասը: Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչում Դմիտրի Գունկոյի գլխավորած թիմը 4-0 հաշվով պարտության էր մատնել «Արարատ-Արմենիային»: Հերթական հաղթանակը 60-րդն էր գավաթի մրցաշարերում անցկացրած 114 հանդիպումներում:

5. Երկրորդ տարին անընդմեջ «Ուրարտուն» Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչի ուղեգիր նվաճեց: Անցյալ տարի կիսաեզրափակիչում 3-0 հաշվով հաղթելով «Վանին», «Ուրարտուն» եզրափակիչում պարտվել էր «Նորավանքին» (0-2): «Ուրարտուն» 10-րդ անգամ ելույթ կունենա գավաթի եզրափակիչում: Առայժմ թիմին 3 անգամ է հաջողվել գավաթակիր դառնալ: Վերջին հաջողությանն «Ուրարտուն» հասել է 2015/16թթ. մրցաշրջանում՝ Տիտո Ռամալյոյի գլխավորությամբ եզրափակիչում 2-0 հաշվով պարտության մատնելով «Միկային»:

6. Որքան էլ որ զարմանալի է, սակայն «Ուրարտուն» և «Շիրակն» առաջին անգամ են գավաթի եզրափակիչում մրցելու միմյանց հետ: Մինչև օրս գավաթի եզրափակիչներում 23 տարբեր զույգեր են մրցել միմյանց հետ: Առավել հաճախ՝ 4 անգամ գավաթի վճռորոշ խաղում մրցավեճի են բռնվել «Փյունիկը» և «Ուրարտուն»: «Շիրակը» եզրափակիչներում առավել հաճախ՝ 2 անգամ մրցել է «Փյունիկի» հետ:

7. «Գանձասարը» Fastex Հայաստանի գավաթի խաղարկությունների պատմության մեջ Առաջին խմբի առաջնության միակ մասնակիցն է, որին հաջողվեց խաղալ կիսաեզրափակիչում: Գավաթի մրցաշարում նորամուտը նշած գանձասարցիները խոշոր հաշվով առաջին պարտությունը կրեցին: 

8. «Փյունիկի» համար գավաթի ընթացիկ խաղարկությունն ամենահաջողն էր վերջին 6 մրցաշարերում: Առաջին անգամ փյունիկցիներին հաջողվեց հասնել մինչև կիսաեզրափակիչ: Իսկ եզրափակիչի ուղեգիրը 8-ակի գավաթակիր «Փյունիկը» վերջին անգամ նվաճել է 2016/17թթ. խաղարկությունում՝ կիսաեզրափակիչում առավելության հասնելով «Բանանցի» (ներկայիս «Ուրարտուի») նկատմամբ՝ 2-1, 1-0:

9. Արաս Օզբիլիսը դուբլով նշեց «Ուրարտուի» կազմում պաշտոնական մրցումներում իր նորամուտը՝ բացելով գոլերի հաշիվը գավաթի մրցաշարերում: Նա հնարավորություն ունի պայքարելու գավաթի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուի տիտղոսի համար:

Ցանկը 3 գնդակով գլխավորում է «Արարատ-Արմենիայի» հարձակվող Ուիլֆրեդ Կուասի Էզան, որը 1/8 եզրափակիչում «Արարատի» հետ խաղում հեթ-տրիկի հեղինակ էր դարձել: 2-ական գոլ են խփել շիրակցիներ Ալազան Դումբիան, Արտեմ Գևորգյանն ու Մուսա Փոլ Բակայոկոն և փյունիկցի Լուկա Յուրիչիչը:

10. Շիրակցի Դոնալդ Կոդիան, փյունիկցի Ժունինյոն, «Ուրարտուի» ֆուտբոլիստներ Ժիրայր Մարգարյանն ու Թեմուր Ջիքիան բացեցին գոլերի հաշիվը Fastex Հայաստանի գավաթի խաղարկություններում: 

Fastex Հայաստանի գավաթ, կիսաեզրափակիչ

«Ուրարտու» - «Գանձասար»՝ 4-0

Ժիրայր Մարգարյան, 67, Թեմուր Ջիկիա, 71, Արաս Օզբիլիս, 88 (11մ.), 90+1

Հեռացում՝ Սուրեն Առաքելյան, 90+2 («Գանձասար»)

«Շիրակ» - «Փյունիկ»՝ 1-1 (11-մետրանոցներով՝ 5-3)

Դոնալդ Կոդիա, 18 - Ժունինյո, 90+15

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա