Logo

Օրինաչափ պարտություն՝ խաղադաշտում կատարվածի խորապատկերում. Շոտլանդիա-Հայաստան խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
19:48 / 09.06.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի 2-րդ տուրում առաջին պարտությունը կրեց՝ Գլազգոյում 0-2 հաշվով զիջելով Շոտլանդիայի ընտրանուն, որի հետ առաջին անգամ էր մրցում: Պարտությունն օրինաչափ էր՝ հաշվի առնելով խաղադաշտում տեղի ունեցածը:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստով:

1. Շոտլանդիան 65-րդ երկիրն էր, որի ընտրանու հետ մրցեց Հայաստանի ազգային հավաքականը: Առավել հաճախ՝ 12 անգամ մեր ընտրանին ուժերն է չափել Հս. Մակեդոնիայի հավաքականի հետ՝ տոնելով 4 հաղթանակ, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, կրելով 5 պարտություն, խփելով 17 գոլ, բաց թողնելով 20 գնդակ: Անդորրայի, Ուկրաինայի և Դանիայի հավաքականների հետ մեր ֆուտբոլիստներն 8-ական խաղ են անցկացրել: Եթե անդորրացիներին ՀՀ հավաքականը 7 անգամ հաղթել է, մեկ խաղ ավարտել է ոչ-ոքի, ապա առաջիկա մրցակից ուկրաինացիներին մեր թիմին դեռ չի հաջողվել հաղթել՝ ընդամենը 3 խաղ ավարտելով ոչ-ոքի:

2. Հայաստանի հավաքականն առայժմ կրկնում է Խոակին Կապառոսի օրոք Ազգերի լիգայի նախորդ խաղարկության մեկնարկում ցույց տված արդյունքը՝ 2 խաղից հետո իր ակտիվում գրանցած 3 միավորով: Հիշեցնենք, որ 2020թ. ՀՀ հավաքականը մեկնարկել էր Հս. Մակեդոնիայից արտագնա խաղում 1-2 հաշվով կրած պարտությամբ, այնուհետև սեփական հարկի տակ 2 անպատասխան գնդակ էր ուղարկել էստոնացիների դարպասը:

Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկությունում էլ ՀՀ հավաքականը նույնպիսի արդյունք էր գրանցել Վարդան Մինասյանի օրոք՝ սեփական հարկի տակ հաղթելով Լիխտենշտեյնի (2-1) ընտրանուն և հյուրընկալվելիս պարտվելով հյուսիսմակեդոնացիներին (0-2):

3. Ազգերի լիգայի մրցաշարերում Հայաստանի հավաքականը 4-րդ պարտությունը կրեց: Մնացած հանդիպումներից 7-ում մեր հավաքականը հաղթանակ է տոնել, 3-ն ավարտել է ոչ-ոքի: Մեր ֆուտբոլիստները խփել են 24 գոլ, բաց են թողել 16 գնդակ: 

4. Պաշտոնական վերջին 9 հանդիպումներում Հայաստանի հավաքականը 5-րդ պարտությունը կրեց: Միակ հաղթանակը մեր ընտրանին տոնել է իռլանդացիների նկատմամբ: 5 հանդիպումներում ՀՀ հավաքականը չի գտել մրցակիցների դարպասի բանալին:

5. Հայաստանի հավաքականը հունիսին անցկացրած 33 հանդիպումներում 15-րդ պարտությունը կրեց՝ սեփական դարպասը բաց թողած գոլերի թիվը հասցնելով 50-ի: Մնացած խաղերից 12-ում ՀՀ հավաքականը հաղթել է, 6-ն ավարտել է ոչ-ոքի: ՀՀ հավաքականն անցկացրած 233 հանդիպումներում 124-րդ պարտությունը կրեց: 

6. Կամո Հովհաննիսյանը ՀՀ հավաքականի կազմում 69-րդ խաղն անցկացրեց և հավասարվեց Արթուր Պետրոսյանին, որի հետ մեր ընտրանու ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում բաժանում է 6-7-րդ հորիզոնականները: Շոտլանդացիների հետ հանդիպումը պաշտոնական մրցումներում Կամոյի 50-րդ խաղն էր: Դրանցից 25-ը նա անցկացրել է աշխարհի, 16-ը՝ Եվրոպայի առաջնությունների ընտրական մրցաշարերում, 9-ը՝ Ազգերի լիգայի խաղարկություններում:

7. Տարոն Ոսկանյանն ազգային հավաքականում հոբելյանական՝ 40-րդ հանդիպումն անցկացրեց: Վերջին անգամ նա հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ էր դուրս եկել անցյալ տարվա նոյեմբերի 14-ին՝ մասնակցելով գերմանացիների հետ Երևանում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղին: 

8. Վարազդատ Հարոյանի համար հերթական հանդիպումը 67-րդն էր ազգային հավաքականի մարզաշապիկով: Այդ ցուցանիշով նա հավասարվեց Մարկոս Պիզելիին և հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում բաժանում է 8-9-րդ հորիզոնականները: Այդ հանդիպումներից 13-ը Հարոյանն անցկացրել է Ազգերի լիգայի մրցաշարերում, որով հավաքականի ռեկորդակիրն է: Մեր փորձառու պաշտպանը 10-րդ անգամ խաղադաշտ դուրս եկավ հավաքականի ավագի թևկապով:

9. Հովհաննես Համբարձումյանն Ազգերի լիգայի մրցաշարերում 10-րդ խաղն անցկացրեց: Ընդհանուր առմամբ նա ազգային հավաքականի մարզաշապիկը հագել է 47 անգամ:

10. Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկության 2 հանդիպումներում Խոակին Կապառոսը խաղադաշտ դուրս բերեց 17 ֆուտբոլիստի: Նրանցից միայն 4-ը՝ Դավիթ Յուրչենկոն, Վարազդատ Հարոյանը, Հրայր Մկոյանն ու Հովհաննես Համբարձումյանն են առանց փոխարինման մասնակցել երկու խաղերին էլ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա