Logo

Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Հեղինակ
Կարեն Ռաֆայելյան
00:00 / 06.01.2021Հայկական ֆուտբոլ
126134745 10164661855160247 4512780458407571107 o - Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:41

-

-

Դժվար է հավատալ, բայց 2020թ. իմ խնդրանքներից որոշները Ձմեռ Պապը կատարեց՝ չնայած սարսափելի տարվա բոլոր կատակլիզմներին: Այսպես.

  • Հենրիխ Մխիթարյանը վերջապես իրեն հարմար ակումբը գտավ և անցկացնում է իր լավագույն մրցաշրջանը Գերմանիայից հեռանալուց ի վեր,
  • Պայմանավորված խաղերի հետ կապված խնդիրը Առաջին խմբում կարծես թե լուծված է,
  • Թեև նոր Հենո չգտնվեց, բայց մի քանի հայ ֆուտբոլիստներ անցկացրեցին բավականին լավ տարի՝ Տիգրան Բարսեղյան, Վահան Բիչախչյան, Խորեն Բայրամյան (այո, նա արդեն մեզ հետ է),
  • Հայաստանի հավաքականը հաղթեց գոնե ինչ-որ բան, բայց ամենակարևորը՝ վերականգնվեց 1-9-ից և սկսեց նոր ուղի,
  • Հույս ունեի, որ հայկական ակումբները կկրկնեն 2018/19-ի եվրագավաթային արդյունքը, բայց դա ստացվեց միայն «Արարատ-Արմենիայի» մոտ, որը երկրորդ անգամ անընդմեջ դուրս եկավ ԵԼ որակավորման փլեյ-օֆֆ:

Եվ ընդհանրապես, տարին հայկական ֆուտբոլի համար վատը չէր նույնիսկ «հին աշխարհի» չափանիշներով, իսկ եթե դրան գումարում ենք կովիդն ու պատերազմը, ապա կարող ենք ասել, որ հիանալի հաղթահարեցինք ամեն ինչ: Իհարկե, 2020թ. իրադարձությունների որոշ հետևանքներ մեզ կհասնեն միայն 2021թ., ինչը ազդել է Ձմեռ Պապին իմ խնդրանքների վրա:

  1. Առա՛ջ, Հենո ջան

Ընթացիկ մրցաշրջանի 15 խաղում մեր ավագը դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ Ա սերիայում, ևս մեկ գոլ և 2 գոլային փոխանցում ավելացնելով Եվրոպա լիգայում: «Ռոման» իսկական Հենոյի տեղն է, և ամռանը կողմերը հավանաբար նոր պայմանագիր կկնքեն:

Epsk1tRWwAUVC4k - Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Ձմեռ Պապից Հենոյի համար խնդրում ենք միայն առողջություն, իսկ ահա ուժ և կրեատիվ նրան դեռ կբավականացնի ևս 1-2 մրցաշրջան նման մակարդակում անցկացնելու համար: Սպասում ենք նաև Մխիթարյանի փայլուն ելույթներին Հայաստանի հավաքականում, որի ներկայիս ֆուտբոլը կարող է նրան թույլ տալ նոր փայլով ներկայանալ:

2. Նոր անուններ

Նախորդ տարվա այն ցանկություններից մեկը, որը չիրականացավ, դա երիտասարդ ու խոստումնալից նոր խաղացողների ի հայտ գալն էր: Մինչև հիմա մենք հետևում ենք նույն անուններին՝ Վահան Բիչախչյան, Էրիկ Վարդանյան, ուրիշ ո՞վ… Էրիկի մոտ ամբողջ տարին անցավ ապաքինման վրա, ու թե ինչպիսին նա կվերադառնա՝ դեռ հարց է: Իսկ ահա Բիչախչյանը, երևի, մոլորակի վրա քիչ մարդկանցից է, ում համար կովիդը օգտակար եղավ. ճգնաժամի պատճառով նրա թիմը կտրուկ փոխեց ուղղությունը և սկսեց վստահել երիտասարդներին, իսկ Վահանը լավ օգտվեց այդ շանսից: 21-ամյա խաղացողի հաշվին արդեն 9 գնդակ և 2 փոխանցում է Սլովակիայի առաջնության 15 խաղում, իսկ տրանսֆերային արժեքը Transfermarkt-ում 250000 եվրոյից հասել է 600000-ի: Հուսանք՝ ամռանը նրա նկատմամբ հետաքրքրություն կլինի եվրոպական երկրորդ էշելոնի ակումբներից:

Իսկ կոնկրետ ինչ ենք խնդրում Ձմեռ Պապից՝ կրկին նոր անուններ: Թեև նախորդ տարվա ընթացքում տարբեր հանգամանքների բերումով VBET Պրեմիեր լիգայում խաղաժամանակ ստացան մեծ քանակությամբ երիտասարդ հայ խաղացողներ, բայց խոստովանենք՝ նրանցից ոչ մեկն էլ չկարողացավ իսկականից տպավորել: Որոշ հույսեր կապված են ԲԿՄԱ-ի հետ, որը սուպերմրցաշրջան է անցկացնում Առաջին խմբում և առանձնանում է թիմային ուժեղ խաղով: Բայց ինչքանով է դա նաև խաղացողների վաստակը, այլ ոչ թե միայն գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանինը, կերևա ամռանը, երբ բանակայինների առաջին սերունդը կավարտի ծառայությունը և կվերադառնա հարազատ ակումբներ: Ինչքանո՞վ նրանք պետք կգան իրենց ակումբներին, արդյո՞ք կլինի հետաքրքրություն արտասահմանյան ակումբների կողմից՝ բոլոր այս հարցերը հասցեագրում ենք Ձմեռ Պապին:

3. Առաջին խումբ

Մասշտաբային շաբաթօրյակից հետո այս մրցաշրջանում Առաջին խմբում մնաց ընդամենը 11 թիմ, իսկ «Ալաշկերտ – 2»-ն էլ առաջնությունը լքեց ձմռանը: Մնացած 10 թիմերից 5-ը VBET Պրեմիեր լիգայի ակումբների դուստր թիմեր են:

Գոյություն ունեցող ակումբների թվին 2020թ. ավելացավ միայն «Նորավանքը», որը թեև բավականին հեռուն գնացող ծրագրեր ունի, բայց առայժմ ակնհայտորեն պատրաստ չէ Պրեմիեր լիգային: Նախկինի նման այստեղ են «Վեստ Արմենիան» և «Սևանը», բայց երկուսն էլ ճգնաժամային 2020 թվականին հիմնական ջանքերը ներդրեցին գոյությունը պահպանելու վրա, թե՛ ֆուտբոլային, թե՛ կազմակերպչական առումով ակումբները տեսանելի աճ չեն գրանցել:

Պետք չէ գլուխ հանել տնտեսագիտությունից, որ հասկանալ՝ 2021թ. Հայաստանում շատ ծանր է լինելու, ուստի նոր ակումբների ստեղծման մասին Ձմեռ Պապին խնդրելը ստորություն կլինի: Միակ խնդրանքս՝ որ գոյություն ունեցող ակումբները չփակվեն:

4. VBET Հայաստանի Պրեմիեր լիգա

Չնայած համավարակին՝ 2019/20 մրցաշրջանի վերջնամասը շատ դիտարժան ստացվեց, ինչը չի կարելի ասել ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի մասին: Պարբերական դադարները թիմերին այդպես էլ թույլ չտվեցին տեմպ հավաքել, թեև մարզչական մոտեցումների առումով մրցաշրջանը շատ հետաքրքիրն է: Գրեթե նույն խումբ թիմերը պայքարում են մրցանակային տեղերի համար: «Արարատ-Արմենիան» կրկին մի փոքր առանձնանում է, չնայած որ ինչպես նախորդ չեմպիոնական մրցաշրջաններում, այս անգամ էլ ձմեռային դադարը առաջատարի կարգավիճակով չի սկսում:

Այս տարի լիգան բավականին ավելացրեց կազմակերպչական առումով՝ հայտնվեց տիտղոսային հովանավոր՝ առաջատար բուքմեյքերական VBET ընկերությունը, որը ՀՖՖ-ին վճարեց բավականին լուրջ գումար՝ 400 մլն դրամ (մոտ 800 000 ԱՄՆ դոլար): Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի անվան իրավունքների համար Տինկոֆ բանկը վճարել է 4 մլն դոլար՝ ընդամենը 5 անգամ շատ: Լիգան այժմ ունի իր առանձին ֆեյսբուքյան էջը, ամսվա լավագույն ֆուտբոլիստի և մարզչի մրցանակներ, հեռարձակման որակը պարբերաբար բարելավվում է:

118579387 245901963452115 1513956048824625658 o - Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Ինչպես և Առաջին խմբի դեպքում, այստեղ էլ խնդրանքս մեկն է՝ որ գոյություն ունեցող ակումբները չփակվեն: 2020թ. ամենամեծ կորուստներից մեկը «Գանձասար-Կապանի» դուրս գալն էր առաջնությունից: Ակումբի ապագայի մասին առայժմ ոչ մի հստակություն չկա:

Բավականին բարդ է լինելու մրցաշրջանի ավարտը աղյուսակի ստորին հատվածում: Իր հեռանալով «Գանձասար-Կապանը» մի քիչ թեթևացրեց իրավիճակը՝ այժմ ուղղակի դուրս մնացող չի լինելու: Մրցաշրջանի արդյունքներով 9-րդ տեղը գրաված թիմը անցումային խաղեր է անցկացնելու Առաջին խմբի փոխչեմպիոնի հետ: Ես ընդհանրապես ուժեղների կողմից չեմ, բայց VBET Պրեմիեր լիգայի ներկայիս կազմի ակումբներից ցանկացածին կորցնելը մեծ հարված կլինի, քանի որ նրանք գոնե այս պահին մի գլուխ ավելի կայացած են, քան այն ակումբները, որ կարող են միանալ Առաջին խմբից:

Հայաստան տեղափոխությունը` կարիերայի ճիշտ զարգացում. oրինակներ 2020-ից

5. Մրցավարություն

Նոր տարվա մեկնարկին հայկական ֆուտբոլի գլխավոր խնդիրը, որ անհապաղ լուծում է պահանջում, մրցավարությունն է: Ընդ որում, պետք է որոշակի լուծումներ գտնել մինչև VBET Պրեմիեր լիգայի որոշիչ հատվածը, քանի որ եվրագավաթային տեղերի համար պայքարը նախկինի նման լարված է լինելու, ու բոլորն էլ պատրաստ են իրենց անհաջողությունը բարդել մրցավարական սխալների վրա: Իսկ դրանք առավել քան երբևէ շատ են: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն արդեն հայտարարել է VAR համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքների մեկնարկի մասին, բայց առջևում դեռ լիքը դժվարություններ կան՝ թե՛ տեխնիկական, թե՛ կադրային: Ձմեռ Պապին հո չենք խնդրի սուլիչը վերցնել ու դաշտ դուրս գալ խաղ սպասարկելու, կարող ենք խնդրել միայն լավ ռեֆորմ առանց լուրջ ցնցումների:

6. Եվրագավաթներ

Այս կետում ես շատ հստակ խնդրանք ունեմ՝ հայկական ակումբի մասնակցություն եվրագավաթի խմբային փուլին: Ուղղակի, դա կլինի ոչ թե Չեմպիոնների լիգան կամ Եվրոպա լիգան, այլ Կոնֆերենցիաների լիգան: ՈՒԵՖԱ-ն մեծ ռեֆորմներ է կատարել եվրագավաթների որակավորման համակարգում, ու այժմ մեր ակումբները կկարողանան իրական պայքար մղել այդ նոր՝ երրորդ եվրագավաթում հայտնվելու համար:

Իհարկե, ամենալավ շանսերը կրկին ունենալու է չեմպիոնը, որը որոշ դեպքերում Կոնֆերենցիաների լիգայում կարող է հայտնվել նույնիսկ երկու պարտությունների դեպքում: Ամենամեծ հույսերը կրկին «Արարատ-Արմենիայի» հետ են, որը մեծ փորձ է կուտակել և ունի ռեսուրսներ կազմի ուժեղացման համար: Այս տարի նրանց կարող են օգնել նաև կուտակված վարկանիշային միավորները: Նոր մարզչի հետ Հայաստանի չեմպիոնը մրցաշրջանի ընթացքում որոշ դժվարություններ ապրեց, բայց արդեն տարվա ավարտին շատ ամուր տեսք ուներ ու պատրաստ էր հետագա զարգացման:

24.09.2020 Ararat Armenia 1 0 Celje 27 1 scaled - Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Շարունակում է բաց մնալ մի շատ կարևոր հարց՝ ինչքան են ակումբները ստանալու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման, կամ նույնիսկ խմբային փուլերին մասնակցելու համար: Եթե այդ գումարը էականորեն քիչ լինի, քան մինչ այս ԵԼ-ում էր (ամեն փուլի համար մոտ 200 000 եվրո), ապա դա ուժեղ հարված կլինի հայկական ակումբների բյուջեներին ու կարող է ընդհանրապես փոխել հայկական ակումբային ֆուտբոլի տրամաբանությունը:

7. Ենթակառուցվածքներ

Ֆուտբոլային ենթակառուցվածքների հետ կապված հիմնական խոշոր ծրագրերը 2020թ. տարբեր պատճառներով սառեցվեցին և տեղափոխվեցին 2021թ.: Այս ոլորտում գլխավոր խաղացողը ՀՖՖ-ն է, իսկ մասնավոր ներդրողներ այդպես էլ չեն հայտնվում: Իսկ «Ազգային մարզադաշտի» ծրագիրը 2020թ. իրադարձություններից հետո արդեն կարելի է մոռանալ առնվազն մի քանի տարով:

Հերթական տարեկան ժողովում ՀՖՖ-ն ներկայացրել 2021թ. բյուջեն, որի մի քանի հոդվածներ առնչվում են ենթակառուցվածքներին.

  • Միկա մարզադաշտի հիմնանորոգում – 832 մլն դրամ,
  • Աբովյանի քաղաքային մարզադաշտի հիմնանորոգում – 768 մլն դրամ,
  • Վանաձորի քաղաքային մարզադաշտի հիմնանորոգում – 476 մլն դրամ,
  • Երևանում մարզադպրոցի կառուցում – 324 մլն դրամ,
  • Գյումրու քաղաքային մարզադաշտի վերանորոգում – 192 մլն դրամ:

Ինչ է լինելու Միկա և Աբովյանի մարզադաշտերի հետ՝ առայժմ հստակ չէ, հավանաբար ՀՖՖ-ն վերակառուցումից հետո դրանք վարձավճարով կամ ներդրումային ծրագրով կտրամադրի Պրեմիեր լիգայի ակումբներին: Գյումրիում տեղադրվելու է լուսավորություն: Եվս մեկ ոգևորիչ լուր էր Վաղարշապատի ակադեմիայի տրամադրումը «Նոային», որը որոշակի ներդրումային ծրագիր է իրականացնելու և հնարավոր է՝ առաջիկայում սկսի իր հանդիպումներն անցկացնել այնտեղ: 2020թ. որոշակի աշխատանքներ իրականացվեցին նաև Վայոց Ձորի մարզում՝ «Նորավանքի» կողմից: Իսկ ահա Արմավիրի և Սևանի մարզադաշտերի մասին առայժմ հստակություն չկա:

l WVqjHDc8PA - Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Ի՞նչ կարելի է խնդրել Ձմեռ Պապին… Որ բոլոր ծրագրերն ընթանան ըստ ժամանակացույցի, ինչը թույլ կտա հայկական ակումբների տրամադրության տակ ունենալ 12 մարզադաշտ, այլ ոչ թե ներկայիս 7-ը:

Եվս մեկ ենթակառուցվածքային խնդիր առաջ է եկել ֆուտզալի ազգային հավաքականի հաջողություններից հետո: Այս տարի մեր թիմը Երևանում ընդունելու է Ֆրանսիայի, Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին, բայց խաղալու տեղ չկա: Հավանաբար խաղերը տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոն-Ավանի ակադեմիայում, բայց այնտեղ ընդամենը մի քանի հարյուր նստարան կա՝ այն էլ բավականին անհարմար:

8. Ազգային հավաքական

Ուղիղ մեկ տարի առաջ Հայաստանի հավաքականն ապրում էր իր պատմության ամենածանր ճգնաժամերից մեկը: Այժմ այդ մասին ոչ ոք չի հիշում: Ավելին, Ազգերի լիգայի խմբում հաղթելուց հետո երկրպագուները կրկին սկսել են անհավանական ակնկալիքներ ձևավորել՝ օրինակ Աշխարհի առաջնության խմբային փուլի ուղեգրի նվաճում:

Իրականում, Ազգերի լիգայի խմբում հաղթելը ինքն իրենով ոչինչ չի նշանակում: Անկեղծ լինենք, մեր մրցակիցներից ոչ մեկը իրական պայքար չմղեց այդ խմբում հաղթելու համար: Բայց հաղթանակը արժեքավոր է՝ հետևյալ պատճառներով.

  • հավաքականը հոգեբանորեն վերականգնվեց ու կրկին սկսեց շնչել,
  • ձևավորվեց նոր կորիզ՝ վետերաններից և նորեկներից, որի շուրջ կարելի է թիմ կառուցել,
  • վերջապես մեկնարկեց սերնդափոխությունը, բայց այն շատ խոհեմ ու անցնցում է իրականացվում,
  • թիմը խաղային ձեռագիր է ձեռք բերել ու լավ հիմք է դրվել հետագա զարգացման համար:

125933013 10164649941355247 9164008772321548432 o - Սիրելի Ձմեռ Պապ… Ի՞նչ սպասել հայկական ֆուտբոլից 2021 թվականին

Նախ և առաջ՝ պետք է պաշտպանել ազգային թիմին և Խոակին Կապառոսին երկրպագուների, երբեմն էլ՝ մամուլի ճնշումներից, քանի որ ոգևորությունը միանգամից իր հետ բերում է անհիմն ակնկալիքներ: Իմ կարծիքով՝ ԱԱ 2022 որակավորման խմբում 3-րդ տեղը մեծ նվաճում կլինի մեր թիմի համար, 4-րդ տեղը՝ ոչ մեծ, բայց նվաճում: Կարևորը արդյունքը չէ, այլ այն, թե ինչքանով մեր հավաքականն ավելի լավը կդառնա մեկ տարի անց:

Նույն միտքը կարելի է նաև այլ կերպ ձևակերպել՝ կարևորը արդյունքն է, բայց քանի որ ԱԱ դուրս գալը իրական չէ, մեզ համար որպես արդյունք կարող է ծառայել միայն ԵՎՐՈ 2024 դուրս գալը: Նշանակում է՝ պետք է պատրաստել մեր թիմին այդ մրցաշարին, որի ուղեգիր հնարավոր է նվաճել կամ հաջորդ Ազգերի լիգայի, կամ էլ 2023թ. կայանալիք որակավորման փուլի միջոցով: Այո, մենք երկարաժամկետ նպատակներ դնել չենք սիրում, բայց իրականությունն այն է, որ հիմքը պետք է նախապես կառուցել: Բոլորս էլ հիշում ենք, որ Յան Պորտերֆիլդը հավաքականում աշխատեց 2006-07թթ., բայց այն պրոցեսը, որի մեկնարկը նա տվեց, իր արդյունքները բերեց 2011թ.: Այնպես որ՝ Ձմեռ Պապից խնդրում ենք միայն համբերություն:

Տարվա խոսք, վերադարձ, անակնկալ, նորարարություն և այլն․ 2020-ի ամփոփումը՝ յուրահատուկ անվանակարգերով

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա