2022 թվականին Երևանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը երրորդ ու, հավանաբար, վերջին անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
ԵԱ-ի ընթացքում 30-ամյա Բաչկովի գերազանցությունը մրցակիցների նկատմամբ այնքան ակնհայտ էր, որ տպավորություն կար՝ գյումրեցի բռնցքամարտիկը նույնիսկ «ավելորդ» է այս առաջնությունում: Անկասկած, եթե առաջնությունը չանցկացվեր Երևանում, Բաչկովը դժվար թե մասնակցեր, առավել ևս, որ նա պայքարում էր ձեռքի վնասվածքով: Հովհաննեսն արդեն շուրջ երեք տարի ելույթ է ունենում նաև պրոֆեսիոնալ ռինգում, սակայն «անավարտ գործերը» դեռ ստիպում են նրան տատանվել սիրողական և պրոֆեսիոնալ բռնցքամարտի միջև:
Թվում էր՝ Բաչկովը 2021-ին տեղի ունեցած Օլիմպիական խաղերից հետո վերջնական կտեղափոխվի պրոֆեսիոնալ բռնցքամարտ. պակասում էր օլիմպիական մեդալը, որը Հովհաննեսը պատվով նվաճեց Տոկիոյում: Ճիշտ է, մի փոքր դառնություն մնաց կիսաեզրափակիչի մենամարտից հետո, բայց, ամեն դեպքում, երկար տարիների քրտնաջան աշխատանքը տվեց իր արդյունքը՝ օլիմպիական բրոնզե մեդալի տեսքով: Հաշվի առնելով տարիքը՝ սպասելի էր, որ Օլիմպիական խաղերից հետո Բաչկովը կկենտրոնանա պրոֆեսիոնալ մենամարտերի վրա: 2022-ի մարտին գյումրեցի մարզիկը երրորդ մենամարտն անցկացրեց՝ տանելով երրորդ հաղթանակը, իսկ տարվա վերջում պարտության մատնեց մեքսիկացի Մարկոս Բարասային:
Ավելորդ է նշել, որ Բաչկովը վերջին տարիների հայկական բռնցքամարտի ամենավառ ներկայացուցիչն է և կարող է նաև լավ պրոֆեսիոնալ կարիերա ունենալ: Սակայն դրա համար պետք է շատ մենամարտեր անցկացնել, իսկ սիրողական բռնցքամարտը նույնպես որոշակի ժամանակ է խլում: Այդ պատճառով մինչև վերջին պահը հարցականի տակ էր նրա մասնակցությունը երևանյան ստուգատեսին։ Ֆեդերացիայի ներկայացրած առաջին կազմում նրա անունը բացակայում էր, և հայտացուցակի հրապարակումից մի քանի րոպե անց միայն Բաչկովի մասնակցությունը հաստատվեց: Հասկանալի է, որ Հայաստանի համար Հովհաննեսի մասնակցությունը կարևոր էր, նա ոսկե մեդալի իրական հավակնորդ էր, բայց որքանով են իր՝ բռնցքամարտիկի համար արդյունավետ նման տատանումները:
Հովհաննեսը, պրոֆեսիոնալ բռնցքամարտի տեսանկյունից այնքան էլ երիտասարդ չէ: Նա արդեն 30 տարեկան է, սովորաբար պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվում են մեկ օլիմպիական ցիկլից հետո: Լեգենդար Վախթանգ Դարչինյանը մնաց Ավստրալիայում 2000-ի Օլիմպիական խաղերից հետո ու պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի փայլուն կարիերա կառուցեց, թեև Սիդնեյի Խաղերում պայքարից դուրս մնաց քառորդ եզրափակիչում: Այսօր բռնցքամարտի սիրահարներից ոչ ոք չի հիշի ղազախ բռնցքամարտիկի անունը, որն այդ ժամանակ հաղթեց Վիկին, բայց Դարչինյանի անունը ոսկե տառերով գրված է բռնցքամարտի պատմության մեջ: Դժվար թե Վիկը երբևիցե ափսոսա, որ իր հարուստ հավաքածուում պակասում է օլիմպիական մեդալը: Նույնը կարելի է ասել Արթուր Աբրահամի մասին:
Բաչկովին մրցավարները թույլ չտվեցին մեդալ նվաճել իր առաջին Օլիմպիական խաղերում՝ 2016 թվականին: Այդ ժամանակ նա 23 տարեկան էր՝ իդեալական տարիք պրոֆեսիոնալներ մտնելու համար, բայց օլիմպիական մեդալ նվաճելու ցանկությունը ստիպեց Հովհաննեսին ևս 4 տարով հետաձգել պրոֆեսիոնալ դառնալու մտքերը: Սակայն երկարատև օլիմպիական ցիկլից հետո Բաչկովը դեռ չի շտապում հայտարարել սիրողական բռնցքամարտիկի կարիերան ավարտելու մասին: Դեռ կան չլուծված խնդիրներ՝ աշխարհի չեմպիոնի և օլիմպիական չեմպիոնի տիտղոսները: 2021թ․ աշխարհի առաջնությունում նորից չհաջողվեց հաղթահարել կիսաեզրափակիչի արգելքը, և բռնցքամարտի Հայաստանի հավաքականի առաջատարը նորից բավարարվեց բրոնզե մեդալով: Սակայն այժմ, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել:
Կուբայում ամիսներ առաջ իրենց բռնցքամարտիկների վրայից հանեցին պրոֆեսիոնալ դառնալու արգելքը: Բաչկովի անհաղթահարելի մրցակիցը՝ Էնդի Կրուզ Գոմեսը, որն ամեն ինչ հաղթել է սիրողական բռնցքամարտում, այն էլ՝ մի քանի անգամ, այժմ լրջորեն մտածում է պրոֆեսիոնալ ռինգ տեղափոխվելու մասին: 2022-ի հունիսին Կրուզը փորձել էր անօրինական ճանապարհով լքել Կուբան, սակայն իրավապահ մարմինները կանխել էին: Խոսվում է, որ Կրուզը մոտիվացիայի պակաս ունի, և սիրողական բռնցքամարտում դժվար թե շարունակի ելույթները: Դա կարող է բացել Բաչկովի ճանապարհը դեպի օլիմպիական բարձունք: Սակայն հարց է՝ որքանով սիրողական բռնցքամարտից չհեռանալն արդյունավետ կլինի Հովհաննեսի համար:
AIBA-ի վերջին փոփոխությունները թույլ են տալիս բռնցքամարտիկներին համատեղել պրոֆեսիոնալ և սիրողական բռնցքամարտիկի կարիերաները: Բաչկովը կարող է ժամանակ անցկացնել պրոֆեսիոնալ ռինգում, հետո նախաօլիմպիական տարում պայքարել օլիմպիական ուղեգրի և Փարիզում էլ՝ ոսկե մեդալի համար: Սակայն սիրողական բռնցքամարտում անցկացրած ժամանակը դանդաղեցնելու է պրոֆեսիոնալում իր առաջընթացը: Մնում է հասկանալ՝ որն է բռնցքամարտիկի համար առաջնային նպատակը կարիերայում: