Logo

Սիրուց դեպի ատելություն մեկ քայլ. Ինչո՞ւ Կլաուդիո Ռանիերին հեռացվեց

Հեղինակ
Հրաչ Խաչատրյան
00:00 / 24.02.2017ՍՊՈՐՏ
Ranierii - Սիրուց դեպի ատելություն մեկ քայլ. Ինչո՞ւ Կլաուդիո Ռանիերին հեռացվեց

Ցանկացած հեքիաթ ունի սկիզբ եւ ավարտ։ Այսօր ավարտվեց Կլաուդիո Ռանիերի կողմից գրված «Լեսթերյան հեքիաթը», որը շատերի համար դարձավ գուցե լավագույններից մեկը ֆուտբոլի պատմության մեջ։

Կարիք չկա անդրադառնալ, թե ինչ կարգի մարզիչ է Ռանիերին, բոլորը գիտեն, թե ինչպիսի ակումբներում է նա աշխատել: Ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Հունաստանի հավաքականում ձախողվելուց հետո իտալացի մասնագետը այդքան քննադատություններից հետո կկարողանա միջին կարգի ակումբին, ով ամեն տարի պայքարում իր տեղը ԱՊԼ-ում պահպանելու համար, չեմպիոն դարձնել։ Սակայն եղավ այն ինչ պետք է լիներ։ Ռանիերիին հրավիրեցին «Լեսթեր», որպեսզի իտալացին կարողանա օգնել թիմին պահպանել իր տեղը պրեմիեր լիգայում, սակայն դրա փոխարեն նա հաղթեց այն:

2016թ. մայիսի 2-ին «Տոտենհեմը» միավորներ կորցրեց «Չելսիի» հետ խաղում և լոնդոնյան ակումբի սայթաքումը օգնեց «Լեսթերին» առաջին անգամ իր պատմության մեջ դառնալ Անգլիայի չեմպիոն: Այդ օրը «Լեսթերի» ֆուտբոլիստները հավաքվել էին հարձակվող Ջեմի Վարդիի տանը, որտեղ էլ նշեցին իրենց ֆանտաստիկ հաջողությունը: Իսկ ահա Ռանիերին այդ օրը մեկնել էր Իտալիա, իր 96-ամյա մոր մոտ:


Ամռանը Ռանիերին ամեն կերպ փորձում էր կանխել իր չեմպիոնների տեղափոխությունը այլ ակումբներ: Բոլորին ստացվեց համոզել, սակայն Ն՛Գոլո Կանտեն, ով համարվում էր «Լեսթերի» շարժիչ ուժը, չկարողացավ մերժել «Չելսիին»: Մրցաշրջանից առաջ իտալացի մասնագետը բազմիցս նշել էր, որ պետք չէ սպասել նոր «հեքիաթի» իր և իր սաների կողմից, քանի որ նրանց համար շատ ծանր խաղաշրջան է սպասվում: Ռանիերին այդ հարցում նույնպես չսխալվեց:

Եթե մեկ տարի առաջ նրանք առաջին հորիզոնականում էին, ապա այսօր ԱՊԼ-ում նրանք զբաղեցնում են 17-րդ հորիզոնականը և նրանց ընդամենը մեկ միավոր է բաժանում վտանգավոր գոտուց: Չնայած որ ԱՊԼ-ում գործերը այդքան էլ լավ չեն, ամեն դեպքում ՉԼ-ում «Լեսթերը» բավականին հաջող է հանդես գալիս և դեռ շանսեր է պահպանում ¼ եզրափակիչ դուրս գալու համար: Իհարկե ակումբի ղեկավարությունը պետք է քայլեր ձեռնարկեր, քանի որ 2017թ. «Լեսթերը» ոչ մի հաղթանակ չէր տարել ԱՊԼ-ում, իսկ վերջերս էլ դուրս մնացել Անգլիայի գավաթի խաղարկությունից, պարտվելով 3-րդ դիվիզիոնի թիմին:

Սակայն հեռացնե՞լ մարզիչի, ով կարողացավ միջին կարգի ֆուտբոլիստների հետ նվաճել Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, ով կարողացավ գերազանցել գրանդ ակումբներին, ով կարողացավ ջախջախել «Մանչեսթեր Սիթիի» և «Չելսիի» պես մրցակիցների: Կարելի էր այս քայլին դիմել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, կամ ինչու չէ փորձել գնել նոր ֆուտբոլիստների, ովքեր կզբաղեցնեին Ջեմի Վարդիի և Ռիհադ Մահրեզի տեղերը: Այո, հենց նրանց, քանի որ ընթացիկ մրցաշրջանում այնպիսի տպավորություն է, որ նրանք այլևս չեն ցանկանում ֆուտբոլ խաղալ: «Լեսթերը» այնքան շատ հոգի ուներ և կարողանում էր դրանով բոլորին կաշառել: Դրա շնորհիվ նրանք կարողացան նոր երկրպագուներ ունենալ, ովքեր սկսեցին հետևել նրանց հեքիաթին: Հարցը «գլոր» լինելու մեջ չէ, այլ ուղղակի այս ակումբը մարդկանց հնարավորություն տվեց հավատալ, որ կյանքում ամեն ինչ փողով չի որոշվում  և եթե մեծ ցանկություն կա, ապա ամեն ինչ կարող է ստացվել: Երբ ակումբի ղեկավարները, ովքեր հայտնի գործարարներ են, դիմում են այսպիսի քայլի, արդյոք նրանք չէին մտածում, որ այս քայլով նրանք կարող են կորցնել իրենց երկրպագուներին և կորցնեն այն հռչակը, որը Ռանիերիի և իր սաների շնորհիվ է ձեռքբերվել:

Ինչպե՞ս կարելի է ուղղակի այսպես վերցնել և հեռացնել այդ մարդուն, ով դեռ իր թիմի հետ շարունակում էր շանսեր պահպանել Չեմպիոնների լիգայում: Դուք հասել եք Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ, իսկ դուք որոշում եք հեռացնել ձեր թիմի մարզիչի՞ն: Գոնե թույլ տայիք նրան անցկացնել «Սեվիլիայի» հետ պատասխան հանդիպումը:

Այս ամենից հետո ակումբի ղեկավարները արժանի են հայտնվել Չեմպիոնշիփում և «փտել» այնտեղ երկար տարիներ:

Ամբողջ աշխարհն է հպարտանում և հարգում այս մարզչին, թիմին, իսկ ակումբի ղեկավարները 9 ամիս անց նրան հեռացնում են: Սակայն ներկայիս ֆուտբոլը սա է: Հարգանք և հավատարմություն ասվածը վերացել է ֆուտբոլային աշխարհից:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա