Logo

«Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 26.04.2021ՍՊՈՐՏ
luis suarez uruguay ghana 1w4yxg182y4ww11eowuvjqwtva - «Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Անգլիացի գրող Ռեդյարդ Քիփլինգն իր հանրահայտ «Եթե» բանաստեղծության մեջ ասում է, որ պետք է թե՛ աղետին, թե՛ հաջողությանը վերաբերվել նույն կերպ ու այդ երևույթներին անվանում է խաբեբաներ։ Դժվար է ասել՝ կարդացե՞լ են մեր պատմության հերոսներն այդ տողերը, թե՞ ոչ, բայց նրանք ֆուտբոլային դաշտում առաջացած թվացյալ աղետն ի վերջո վերածել են տրիումֆի։ Այո՛, լինում է նաև այդպես, երբ կարմիր քարտ ստանալը, մրցակցին թվային առավելություն տալը, հոգեբանական հարվածներ ստանալը ոչ թե խանգարում է, այլ օգնում թիմերին։

VNews-ը ներկայացնում է 5 դեպք, երբ կարմիր քարտը ոչ թե խանգարել, այլ օգնել է այդ թիմին, իսկ մրցակցի խաղացողներին, մարզիչներին ու երկրպագուներին գրեթե հասցրել կաթվածի։ Ու գուցե հենց Քիփլինգի տողերն ապացուցելու համար այսպիսի բաներ հիմնականում լինում են գլխավոր մրցաշարերի կարևորագույն խաղերում։

Ֆեդե Վալվերդե․ «Ռեալ» – «Ատլետիկո»

1578863044 011804 1578863158 album grande 960x641 - «Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Սկսենք մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած հանրահայտ միջադեպից, հետո կգնանք ավելի հետ։ Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում միմյանց դեմ մրցում էին Մադրիդի գլխավոր թիմերը։ 2020 թվականի հունվարին, երբ կորոնավիրուսը դեռ չէր գրոհել ամբողջ աշխարհը, մրցաշարն անցկացվում էր Սաուդյան Արաբիայում։ Դրա դիմաց Իսպանիայի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսը մեծ գումարներ էր ստանալու։ Մրցաշրջանի միջնամասում Իսպանիայից Արաբական թերակղզի գնալն, իհարկե լավագույն բանը չէր ֆուտբոլիստների համար։ Թե՛ «Ռեալը», թե՛ «Ատլետիկոն» եզրափակիչին մոտեցել էին բավականին հոգնած կարգավիճակով, այս ամենին գումարվել էր կլիմայի փոփոխությունը։ Ու թերևս հենց այդ հոգնածության պատճառով հանդիպումը դիտարժան չստացվեց ու եթե չլիներ այն պահը, ինչի համար հավաքվել ենք, դժվար էլ այս խաղը հիշվեր։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի։ Լրացուցիչ ժամանակի վերջում «Ռեալը» կարծես սեղմել էր մրցակցին ու ավելի մոտ էր հաջողությանը: Բայց գրոհներից մեկը ձախողելուց հետո «Արքայական ակումբը» մոտ էր գնդակը սեփական դարպասում տեսնելուն։ «Ատլետիկոն» պոկվեց հակագրոհի։ Սաուլի փոխանցումից հետո Մորատան դուրս էր գալիս մեն-մենակ Տիբո Կուրտուայի հետ։ «Սպանի՛ր նրան»․ լսվեց Սերխիո Ռամոսի խրոխտ ձայնը Ֆեդե Վալվերդեի ականջներում։ Ուրուգվայցուն ոչինչ չէր մնում, քան տապալել Մորատային գետնին, կարմիր քարտ ստանալ, բայց փրկել թիմին վերահաս գոլից։ Իսպանացին դեռ չէր հասել տուգանային հրապարակ, այնպես որ 11-մետրանոցի փոխարեն ընդամենը տուգանային նշանակվեց։ Վալվերդեն ուղիղ կարմիր քարտ ստացավ։ 10 հոգով «Ռեալը» մաքառեց ու հասավ հետխաղյա հարվածաշարի, որտեղ հաղթեց տիտղոսը։

Հանդիպումից հետո Մորատայի ու Վալվերդեի դրվագը տարատեսակ մեմերի թեմա դարձավ։ Մորատան «դարձավ» «իմ պլանները 2020 թվականին», իսկ Վալվերդեն՝ «կորոնավիրուսը»։ Իսկ «Ռեալի» երկրպագուները դրվագից հետո սկսեցին ավելի սիրել կռվող ուրուգվայցուն ու նույնիսկ հումորներ էին անում, ճիշտ այնպես, ինչպես կարգին հաղորդման հանրահայտ սկետչում․ «Չեմ հասկանում՝ ինչու Ֆեդեն տապալեց Մորատային, միևնույն է նա վրիպելու էր»։

Ջոն Տերի․ «Բարսելոնա» – «Չելսի»

2012 թվականի Չեմպիոնների լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ խաղերին ընդառաջ ֆուտբոլի երկրպագուները վստահ էին, որ եզրափակիչում լինելու է Էլ կլասիկո։ «Ռեալը» ուղղակի ճախրում էր՝ Մոուրինյոյի ղեկավարությամբ անցկացնելով լավագույն մրցաշրջանը։ Նույնն էլ «Բարսելոնան», որտեղ դեռ աշխատում էր Պեպ Գվարդիոլան։ Բայց «Բավարիան» ու «Չելսին» այլ պլաններ ունեին։ Իհարկե, ավելի մեծ անակնկալ էր լոնդոնյան թիմի՝ եզրափակիչում հայտնվելն ու հետո այնտեղ հաղթելը։ Կիսաեզրափակիչ առաջին խաղում «կապույտները» հաղթել էին 1-0։ Բայց «Կամպ Նոուում» այդ տարիներին «Բարսելոնան» իսկական գազանի էր նմանվում։ Նրանց շանսերն անհամեմատ ավելի բարձր էին։ Ի վերջո, կար նաև մարզչական գործոնը․ մի կողմից հանճարեղ Պեպն էր, մյուս կողմից՝ անփորձ Ռոբերտո դի Մատեուն։

John Terry sent off against Barca 960x675 - «Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Առաջին կեսի վերջում «Բարսելոնան» հաղթում էր 1-0։ 38-րդ րոպեն էր։ Ջոն Տերին որոշեց, որ պետք է անիմաստ տեղը բորբոքել կրքերը։ Նա ծնկով միտումնավոր հարվածեց Ալեքսիս Սանչեսի մեջքին։ Դրա կարիքն առհասարակ չկար։ Այդ պահին «Չելսին» խլել էր գնդակը մրցակցից, բայց Տերիի խախտումից հետո մրցավարը եզրայինից ստացավ դրվագի մանրամասների մասին տեղեկություն ու հեռացրեց «Չելսիի» ավագին։ Լոնդոնյան թիմը մնաց 10 հոգով։ Շուտով Ինիեստան խփեց «Բարսայի» երկրորդ գնդակը։ Մինչև ընդմիջում «Չելսին» կրճատեց հաշվի տարբերությունն ու շահեկան դիրքում հայտնվեց եզրափակիչ դուրս գալու համար։ Հենց Տերիի կարմիր քարտի պատճառով «Չելսին» ամբողջ երկրորդ կեսում փակվեց պաշտպանությունում։ «Բարսելոնայի» բազմաթիվ գրոհներն արդյունք չտվեցին։ Վերջին րոպեին էլ Ֆերնանդո Տորեսը «փախավ» բոլորից, ու հարձակվողին բնորոշ սառնասրտությամբ հետևում թողեց Վիկտոր Վալդեսին ու գնդակն ուղարկեց «Բարսելոնայի» դարպասը։ 2-2։ «Չելսին» եզրափակիչում է։

Եթե նրանք պարտվեին այդ օրը, կամ չլիներ Լեմպարդի հանճարեղ փոխանցումը Ռամիրեսին, գուցե եզրափակիչ դուրս գար «Բարսելոնան»։ Բայց հաղթական արդյունքը սրբում է բոլոր խնդիրները։ Ի վերջո, Տերին չխաղաց նաև եզրափակիչում։ Գուցե դա էլ օգնեց «Չելսիին» հաղթել Չեմպիոնների լիգայում։ Ո՞վ գիտե, հիմա էլ անգլիացին սայթաքեր «Ալիանս Արենայի» խոտածածկին։ Թեպետ Մյունխենում, ի տարբերություն Մոսկվայի, այդ երեկո անձրև չկար։

Մեր ընտրանին

Տիագո Մոտա․ «Բարսելոնա» – «Ինտեր»

busquets motta080615 getty ftrjpg 1kd3osediqzem1bwxbmbw6l7o1 960x540 - «Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Չհեռանալով «Կամպ Նոուից»՝ վերհիշենք ևս մեկ դրամատիկ երեկո կատալոնական ակումբի համար։ Ու նորից Չեմպիոնների լիգա, ու նորից կիսաեզրափակիչ պատասխան խաղ։ Կար ժամանակ, երբ Ժոզե Մոուրինյոյի «Ինտերը» ի զորու էր Չեմպիոնների լիգայի խաղարկությունից դուրս թողնել կատարյալին մոտ թվացող «Բարսելոնային»։ 2009/10 թվականների խաղարկության կիսաեզրափակիչ առաջին խաղում «Ինտերը» 3-1 հաշվով հաղթել էր։ Պատասխան խաղի առաջին կեսի վերջնամասում՝ Օսկարի մրցանակաբաշխությանը նոմինացվելու չափ սքանչելի դերասանական խաղով, աչքի ընկավ Սերխիո Բուսկետսը։ Տիագո Մոտան հարվածել էր նրա դեմքին։ Նա խաղասկզբում դեղին ստացել էր, բայց մրցավարը որոշեց միանգամից կարմիր տալ՝ խախտումը շատ կոպիտ որակելով։ «Ինտերը» մնաց 10 հոգով։

«Բարսելոնայի» բազմաբնույթ գրոհներն ի վերջո արդյունք տալու էին, բայց կիսով չափ։ Խաղավերջում աչքի ընկավ Պիկեն, բայց կատալոնացիներին ևս մեկ գնդակ է պետք եզրափակիչ դուրս գալու համար։ Ի՜նչ դրամա։ Մրցավարի սուլիչը հնչեց, երբ լուսատախտակին Պիկեի գոլի շնորհիվ գրված 1-0-ն էր։ «Ինտերը» եզրափակիչում է, Մոուրինյոն ցնծում է ու վազվզում «Կամպ Նոուում», որտեղ ամիսներ հետո կրելու էր մարզչական կարիերայի ամենախայտառակ պարտություներից մեկը։ Մոտայի կարմիրը գուցե չօգնեց «Ինտերին», բայց և չխանգարեց։ Նրա հեռացումից հետո «Ինտերի» կապույտ-սև ավտոբուսը կանգնեց Ժուլիո Սեզարի դարպասին ու միայն մեկ անգամ թույլ տվեց կատալոնացի ուղևորներին ճեղքել նրա մուտքը։ Ի վերջո, սա պատմական կարմիր քարտ էր, որը փոխեց ամբողջ խաղը։

Զինեդին Զիդան․ Ֆրանսիա – Սաուդյան Արաբիա

432fea2ff3f4dc2ef15e02710c93ad63 - «Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Զինեդին Զիդանի ֆուտբոլային կարիերան ավարտվեց կարմիր քարտով։ «Ռեալի» ներկայիս մարզիչը ժամանակին տաքարյուն էր, նրան հեշտ էր հունից հանելը։ 1998 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի 2-րդ տուրում դա հաջողվեց Սաուդյան Արաբիայի հավաքականին։ Ամբողջ խաղի ընթացքում սաուդցիները տապալում էին Զիդանին։ Խաղավերջում նրա նյարդերը տեղի տվեցին։ 71-րդ րոպեին, երբ հաշիվը 2-0 էր, Զիդանը հունից դուրս եկավ։ Դրվագներից մեկում նա պարզապես մաքրեց ոտքերը Սաուդյան Արաբիայի հավաքականի ավագ Ֆուադ Ամինի վրա։ Մրցավարը հեռացրեց ֆրանսիացիների գլխավոր առաջատարին։ Հետո Ֆրանսիան աչքի ընկավ ևս երկու անգամ ու հաղթեց 4-0։

Զիդանի հեռացումը ոչ այդքան այս խաղի վրա կարող էր անդառնալի հետևանք ունենալ, այլ հաջորդ խաղերի։ Նրան որակազրկեցին 2 խաղով, ասել է թե, նա չէր կարող մասնակցել 1/8-րդ եզրափակիչի խաղին։ Ֆրանսիայում խոսում էին, որ Զիդանը գուցե վերջին անգամ է խաղացել ազգային թիմում այս Մունդիալին, ու առանց նրա Ֆրանսիան ձախողվելու է։ Պարագվայի հետ բարդագույն խաղում Ֆրանսիան հաղթեց միայն լրացուցիչ ժամանակում։ Քառորդ եզրափակիչում Զիդանը վերադարձավ ու առաջնորդեց իր թիմին դեպի պատմական չեմպիոնություն։ Եվս մեկ կարմիր քարտ, որը կարող էր ձախողել ամեն բան, բայց եղավ ճիշտ հակառակը։

Լուիս Սուարես. Ուրուգվայ – Գանա

luis suarez uruguay ghana 1w4yxg182y4ww11eowuvjqwtva 960x640 - «Սպանի՛ր նրան»․ 5 դեպք, երբ կարմիր քարտը օգնել է թիմին հաղթել, իսկ մրցակցին՝ գրեթե կաթվածի հասցրել

Իհարկե, այս հոդվածը կարդալիս դուք սպասում էիք այս տողերին։ Ֆուտբոլի պատմության մեջ ամենադրամատիկ դրվագներից մեկը։ Աշխարհի 2010 թվականի առաջնության քառորդ եզրափակիչ։ Պատմական պահը մոտ է։ Ուրուգվայի ու Գանայի հավաքականների միջև հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել էր 1-1 հաշվով։ Լրացուցիչում՝ Գանան տիրում է նախաձեռնությանը։ Առաջին անգամ պատմության մեջ աֆրիկյան հավաքականը գուցե դուրս գա կիսաեզրափակիչ։ Ու լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին ամեն ինչ գնում է դրան։ Ստանդարտ խաղարկումից ու խառնաշփոթից հետո Դոմինիկ Ադիյան վերջապես որսաց գնդակն օդում ու հարվածեց գլխով։ Ֆերնանդո Մուսլերան այլևս դարպասում չէր, նրա գործառույթը պետք է կատարեր Լուիս Սուարեսը։ Նա ձեռքով հեռացրեց գնդակը։ Կարմիր քարտ, 11-մետրանոց։ Ու թվում էր ամեն ինչ ավարտված է․ դիպուկ հարված ու Գանան գնում է եզրափակիչ։ Բայց արի ու տես, որ ամեն ինչ ավելի դրամատիկ էր դառնալու։

Ասամոա Գյանը վրիպեց, նա հարվածեց բարձր, գնդակը դիպավ հորիզոնական դարպասաձողին։ Հոգեբանական այսպիսի հարվածից Գանան հետ գալ չկարողացավ։ Հետխաղյա հարվածաշարում Ուրուգվայը հաղթեց 4-2 հաշվով։ Ի դեպ, հարվածաշարում Գյանը դիպուկ էր, իսկ Ադիյան, որի գոլը խլել էր Սուարեսը վրիպեց նշակետից։ Ուրուգվայը ցնծում է, իսկ Գանայի հավաքականի խաղացողներն ու Ասամոահ Գյանը այս օրը հիշելու էին հավետ։ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ թերևս ամենադրամատիկ պատմություններից մեկը չէր կայանա, եթե չլիներ Սուարեսի կարմիր քարտը։

Ֆուտբոլն էլ կյանքի նման է։ Եթե դուք անհաջողության մեջ եք, մի՛ հուսահատվեք, պայքարեք մինչև վերջ։ Կարմիր քարտը, մրցակցին թվային առավելություն տալը դատավճիռ չէ։ Իսկ պարտվող կողմերը պետք է հիշեն Ռեդյարդ Քիփլինգի տողերն ու շարժվեն առաջ։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա