Logo

Սպերցյանն ու Հարությունյանը միայն սկիզբն են․ Ինչպես է «Կրասնոդարը» դառնում Հայաստանի հավաքականի արտասահմանյան բազային թիմը

Հեղինակ
Ռաֆայել Խալաթյան
13:41 / 22.03.2023Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

Երբ 2021 թվականին Էդուարդ Սպերցյանը, դեռևս լինելով «Կրասնոդար-2»-ի ֆուտբոլիստ, ընդունեց Հայաստանի հավաքականի հրավերը և արագորեն դարձավ ազգային թիմի առաջատարներից մեկը, տարբեր տարիքային հավաքականների ուշադրությունն էլ ավելի սևեռվեց ռուսական ակումբի երիտասարդական թիմերին։ Արդյունքը երկար սպասել չտվեց։ Այս պահին կրասնոդարյան ակումբից կան Հայաստանի երիտասարդական և պատանեկան հավաքականների մի քանի թեկնածուներ, իսկ «Կրասնոդար-2»-ի կենտրոնական պաշտպան Գեորգի Հարությունյանի հրավերն ազգային հավաքական ընդհանրապես անակնկալ դարձավ։

Սպերցյանի հրավերը 2021-ին միանգամայն տրամաբանական էր թվում, թեև նա խաղում էր «Կրասնոդարի» երկրորդ թիմի կազմում, սակայն արդեն հասցրել էր նորամուտը նշել գլխավոր թիմում, նույնիսկ՝ խաղալ Չեմպիոնների լիգայում, ու կասկած չկար, որ հաջորդ մրցաշրջանում Էդուարդը դառնալու է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ներկայացուցիչի հիմնական կազմի խաղացող, մինչդեռ 18-ամյա Հարությունյանն այս մրցաշրջանի մեծ մասն անցկացնում է կրասնոդարցիների մինչև 21 տարեկանների թիմում։

Հավանաբար ՀՖՖ-ն այս պարագայում որոշել է արագ գործել՝ տաղանդավոր կենտրոնական պաշտպանի ապագան Հայաստանի հավաքականի հետ կապելու հարցում։ Հարությունյանը կանոնավոր կերպով հրավիրվել է Ռուսաստանի պատանեկան հավաքականներ, համարվում է «Կրասնոդարի» տաղանդավոր սաներից մեկը։ Հաշվի առնելով հավաքականի խնդիրները կենտրոնական պաշտպանի դիրքում՝ բացառված չէ, որ Գեորգին իր շանսը կստանա առաջիկա խաղերում։ Եվ, ամենայն հավանականությամբ, ապագայում էլի «Կրասնոդարի» սաներ կտեսնենք ազգային հավաքականում։

Հայաստանի հավաքական-88

Ռուսաստանցի հայ գործարար Սերգեյ Գալիցկու հիմնադրած ակումբը ներկայացնող առաջին ֆուտբոլիստը, որը խաղացել է Հայաստանի հավաքականում, եղել է Յուրա Մովսիսյանը։ Կարճ ժամանակով կրասնոդարյան ակումբում հայտնվեց նաև Մարկոս Պիզելին։ Սակայն նրանք երկուսն էլ ռուսական ակումբի սաներ չեն։ Իսկ ահա «Կրասնոդարի» սաներից առաջինը հավաքականում եղել է ոչ թե Սպերցյանը, այլ՝ այժմ Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուն» ներկայացնող դարպասապահ Արսեն Բեգլարյանը, որը 2008-2012 թվականներին ընդգրկված է եղել նորաբաց «Կրասնոդար» ակումբի մարզադպրոցում, խաղացել է տարբեր տարիքային թիմերում, սակայն մեծահասակների ասպարեզ մուտք է գործել Կապանի «Գանձասարում»։

Սպերցյանի հետ միասին ժամանակին «Կրասնոդար-2»-ում էր նաև կենտրոնական կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը, որը, սակայն, առաջին թիմում խաղալու շանս չստացավ ու տեղափոխվեց երկրորդ լիգան ներկայացնող Տվերի «Վոլգա»։ Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա Գրիգորյանը վերադարձել է Ռուսաստանի առաջին դիվիզիոն, խաղում է առաջատարներից մեկի՝ Տուլայի «Արսենալի» կազմում։ Մրցաշրջանի առաջին հատվածը հայ կիսապաշտպանը բարձր մակարդակով անցկացրեց, նույնիսկ թվում էր, որ նման կերպ շարունակելու դեպքում կարող է հայտնվել Հայաստանի հավաքականի մարզիչների ուշադրության կենտրոնում, սակայն գարնանային հատվածում առայժմ պահեստային խաղացող է։

Այժմ «Կրասնոդարի» տարբեր տարիքային թիմերում խաղում է 13 հայ ֆուտբոլիստ: Բացի Սպերցյանից ու Հարությունյանից, Հայաստանի հավաքականի հետ կապված են ևս երեք ֆուտբոլիստներ: Հարությունյանի հետ միասին Մ21 թիմում խաղացող եզրային պաշտպան Ռուսլան Բաբայանն ու եզրային կիսապաշտպան Ռոբերտ Պոտինյանը Հայաստանի Մ19 հավաքականի թեկնածուներ են: Երկուսն էլ «Կրասնոդարի» երիտասարդական թիմի հիմնական կազմի խաղացողներ են, Բաբայանը ընթացիկ մրցաշրջանի 11 խաղում մեկ գոլային փոխանցման հեղինակ է դարձել, Պոտինյանը 16 խաղում երկու գոլ է խփել: Ընդ որում, «Կրասնոդարի» երիտասարդական թիմում կա ևս մեկ հայ ֆուտբոլիստ, որն ավելի արդյունավետ խաղ է ցուցադրում. բարձրահասակ (1.87սմ) կենտրոնական հարձակվող Արտյոմ Հարությունովը Ռուսաստանի երիտասարդական առաջնության 18 խաղում դարձել է 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ ու թիմի լավագույն ռմբարկուներից է: Բացառված չէ, որ 19-ամյա խաղացողն էլ շուտով հրավեր ստանա Հայաստանի հավաքականներից մեկից:

Հայաստանի Մ17 հավաքականի անդամ է բարձրահասակ կենտրոնական պաշտպան Ստեփան Գիգոլյանը «Կրասնոդար Մ16» թիմից: Նույն թիմում խաղացող հարձակվող Արթուր Ավագումյանը ընթացիկ մրցաշրջանի 14 խաղում խփել է 4 գոլ։

Հետաքրքիր վիճակագրություն ունի Մ14 թիմի հարձակվող Դանիել Համբարձումովը, որը 2022 մրցաշրջանի 14 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ: Բացի վերոնշյալ ֆուտբոլիստներից, «Կրասնոդարի» ակադեմիայի տարբեր տարիքային թիմերում են խաղում հետևյալ հայ ֆուտբոլիստները. 

Հրանտ Սարգսյան, պաշտպան, «Կրասնոդար Մ-15»

Էդուարդ Մարտիրոսյան, պաշտպան, «Կրասնոդար Մ-14»

Արթուր Չիլիկյան, պաշտպան, «Կրասնոդար Մ13»

Գլեբ Սարգսյան, կիսապաշտպան, «Կրասնոդար Մ13»

Միրոն Մխիթարյանց, պաշտպան, «Կրասնոդար Մ12»

Հետաքրքիր է, որ Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի հրապարակած 26 ֆուտբոլիստներից կազմված ցուցակում տեղ են գտել «Փյունիկի» 5 սաներ, ներառյալ՝ Ժիրայր Շաղոյանն ու Արման Ներսեսյանը, որոնք երևանյան ակումբում են եղել մինչև 16 տարեկանը, «Ուրարտուի» երկու և Ակադեմիայի մեկ սան, մինչդեռ «Կրասնոդարի» ակադեմիայից դուրս եկած ֆուտբոլիստներն այդ ցուցակում երեքն են։ Իհարկե, չափազանցություն կլինի ասել, որ «Կրասնոդարը» դառնում է հավաքականի բազային թիմը, բայց այն, որ այդ ակումբից դեռ շատ ֆուտբոլիստներ են համալրելու Հայաստանի տարբեր տարիքային հավաքականները, կասկած չկա, և դա ուրախալի է։ Սակայն ամենակարևորն այն է, որ հայկական ակումբների մարզադպրոցներն ու ակադեմիաները որակով կադրեր մատակարարեն Հայաստանի հավաքականներին, որ «Կրասնոդարի» մասին խոսելիս նույնիսկ կատակով չօգտագործենք «հավաքականի բազային թիմ» արտահայտությունը։

Ո՞վ է Հայաստանի հավաքականի 18-ամյա նորեկը (տեսանյութ, ֆոտո)

Էդուարդ Սպերցյան․ «Լրջորեն ենք պատրաստվում Թուրքիայի դեմ խաղին» (ֆոտո, տեսանյութ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա