Ի՞նչ է սպիտակ բանաստեղծությունը
Սպիտակ բանաստեղծությունը չափածո ստեղծագործություն, որը չունի տողերի համահնչուն վերջավորություններ՝ հանգեր։ Միևնույն ժամանակ, սպիտակ բանաստեղծությունը ունի որոշակի ձայնային կառուցվածք, այսինքն ՝ այն ունի հստակ չափ:
Պատմությունը վկայում է…
Առհասարակ, պոեզիայում հանգը հայտնվել է միայն V դարում: Այն առաջին անգամ օգտագործվել է հռոմեացի քահանա Սեդուլիուսի բանաստեղծություններում:: Հետագայում՝ X-XII դարերում այս տեխնիկան լայն տարածում է գտել աշուղական բանաստեղծների շրջանում: V դարից ավելի վաղ գրված գործերը, ինչպիսիք են ժողովրդական վիպերգությունները, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործությունները, կամ, օրինակ՝ Հոմերոսի «Իլիական»-ը չեն հանգավորվել, սակայն դրանք չի կարելի կոչել «սպիտակ բանաստեղծություններ», քանզի այս տերմինը կիրառելի է միայն այն պարագայում, երբ հեղինակը նպատակադրված է հրաժարվում հանգավորումից…
Իր ժամանակակից իմաստով սպիտակ պոեզիան հայտնվեց միասյն XVI դարում: Այն սիրված ու կիրառելի տեխնիկա էր հատկապես անգլիացի բանաստեղծների շրջանում: Հենրի Հովարդը առաջիններից մեկն էր, որ դիտավորյալ հրաժարվեց հանգավորությունից ՝ Վիրգիլի «Էնեական» պոեմի թարգմանության մեջ: Նրան հետևեցին Քրիստոֆեր Մարլոուն ու Ուիլյամ Շեքսպիրը:
(Շեքսպիրն, իսկապես, նորարար էր. հիշու՞մ եք մեր նախորդ հոդվածը՝ չորրորդ պատի մասին, որի առաջին «կոտրողներից» էր կրկին Շեքսպիրը… նյութը կարող եք կարդալ՝ այստեղ):
Օրինակներ…
Ռուս գրականության մեջ կարելի է հանդիպել սպիտակ բանաստեղծությունների՝ Պուշկինի, Ախմատովայի, Բլոկի ու Պաստեռնակի գործերում: Մեր դասականների շրջանակներում սպիտակ ոտանավորների օրինակներ ունեն Չարենցը, Սևակը, Դավթյանը և ուրիշներ։ Այսօր՝ ժամանակակից գրականության շրջանակներում այս տեխնիկան մեծ տարածում ունի:
«Խելքըս հալվում է ոսկորներիս մեջ,
Հալվում ու հոսում արյան պես անգույն`
Իմ ոսկորները դարձնելով ասես սպիտակ երակ։
Ու ես դառնում եմ… համատարած սիրտ.
Շարժումներս ամեն` սրտի բաբախում,
Բոլոր ձևերըս` շարժումներ սրտի…
Տե՜ր աստված, դու բարի՛ն կատարես»…
Պարույր Սևակ