Logo

«Սպորտի ոլորտում ունենք լրջագույն անելիքներ». ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյան

17:00 / 25.03.2023Սամբո
null

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, պաշտոնավարման 100 օրվա ասուլիսին խոսելով սպորտի ոլորտում իրականացված և սպասվող ծրագրերի մասին, ընդգծել է՝ այս ոլորտում ևս կան լրջագույն անելիքներ:

«Այս տարի մեր երկրում նախատեսված են սպորտային մեծ միջոցառումներ, մասնավորապես ապրիլին Երևանում կայանալիք ծանրամարտի Եվրոպայի, բռնցքամարտի երիտասարդների Եվրոպայի առաջնությունները, ինչպես նաև աշնանը կայանալիք սամբոյի աշխարհի մեծահասակների առաջնությունը: Մի կողմից՝ մեր անելիքներն այս սպորտային միջոցառումների կազմակերպման գործընթացներն են, որոնք, իհարկե, նախարարությունը չի անում միայնակ, մյուս կողմից՝ սպորտի ոլորտում մեր նախապատրաստական աշխատանքներն են Փարիզում 2024 թվականին կայանալիք Օլիմպիական խաղերին ընդառաջ՝ մեր մարզիկների պատշաճ մարզավիճակի ապահովման համար: Այդ նպատակով նախորդ տարվանից գործարկվել է նպաստների տրամադրման ծրագիրը»,- ԿԳՄՍ նախարարության հաղորդմամբ՝ ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև մասսայական սպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների անցկացումը: Նա տեղեկացրել է, որ «Վարչապետի գավաթ» շարքի բոլոր հինգ մրցաշարերն այս տարի կանցկացվեն լավարկված և բարելավված ձևաչափերով, որպեսզի հնարավոր լինի ավելի մեծ մասնակցություն ապահովել: Նախարարի ընդգծմամբ՝ սա նույնպես շարունակական քաղաքականություն է:

Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ սպորտային ենթակառուցվածքների զարգացման առումով ևս մեծ ծավալի աշխատանք է իրականացվում:

«Կառավարության վերջին նիստում հաստատվեց Արթուր Աբրահամի անվան բռնցքամարտի մարզադպրոցի կառուցման որոշման նախագիծը: Ենթակառուցվածքների բարելավմանը նույնպես շարունակելու ենք մեծ ուշադրություն դարձնել»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա