Logo

Պիոլին՝ «Ինտերից» կրած խոշոր հաշվով պարտության մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:55 / 20.04.2022ՍՊՈՐՏ
Ստեֆանո Պիոլի

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Ինտերից» կրած պարտությունից հետո խոսել է խաղի (0:3) և Բենասերի չեղարկված գոլի մասին (0:2 հաշվի ժամանակ):

ԽԱՂԻ ՄԱՍԻՆ

«Մենք ցանկանում էինք հաղթել, բայց չհասանք մեր նպատակին, մեզ հաստատ ուժեղ մրցակից էր դիմակայում։ Չեմ կարծում, թե արժանի էինք 0:3 հաշվով պարտվելուն, բայց մրցակիցը ճիշտ պահին գոլ խփեց: Նրանք արագ գոլ խփեցին, բայց մենք հնարավորություններ ունեինք խաղի մեջ վերադառնալու: Բնականաբար, եթե հաշիվը դառնար 1:2, այլ հանդիպում կլիներ, և մեզ ավելի մեծ թափ կհաղորդեր, ուստի դժվար պահ էր։

Երբ 3 գոլ ես բաց թողնում, նշանակում է, որ մրցակիցն ավելի լավ խաղաց, իսկ մենք սխալվեցինք։ Ցանկանում էինք դուրս գալ եզրափակիչ, բայց հիմա մենք հիանալի հնարավորություն ունենք ապացուցելու մեր որակները և ամեն ինչ տալու Ա Սերիայի չեմպիոնական մրցավազքում, քանի որ ունենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մինչև վերջ գնալու համար»:

ՉԵՂԱՐԿՎԱԾ ԳՈԼԻ ՄԱՍԻՆ

«Տեսա՞ք Հանդանովիչի արձագանքը. նա նույնիսկ չբողոքեց։ Նշեք ինձ մի դարպասապահ, որը չի արձագանքի բաց թողած գոլին, եթե այդ դրվագում մրցակցի խաղացողը փակել է նրա տեսադաշտը: Փոխարենը նա ոչինչ չարեց, նրա թիմակիցները բողոքում էին ձեռքով խաղի համար, որը գոյություն չուներ»,- Պիոլիի խոսքն է մեջբերում Football Italia-ն։

Իտալիայի գավաթի եզրափակիչում «Ինտերը» կխաղա «Ֆիորենտինա» - «Յուվենտուս» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղից հետո դիմակայության հաշիվը 1:0 է՝ հօգուտ թուրինցիների։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա