Logo

Տարօրինակ անցյալով և գերիշխող ներկայով ակումբ. ինչպիսի թիմ է «Փյունիկի» մրցակիցը

Հեղինակ
Հայկ Հովհաննիսյան
05:13 / 05.07.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
null

ՈՒԵՖԱ-ն, եվրագավաթների թիվն ավելացնելով և դրանց համար հատուկ ձևաչափ մտածելով, այնպիսի իրավիճակ է ստեղծել, որ որակավորման փուլում առաջին հաղթանակը կարող է ավելի կարևոր լինել, քան վերջինը: Հատկապես դա ակտուալ է Չեմպիոնների լիգայում Հայաստանի ներկայացուցիչի համար: «Փյունիկին» անչափ կարևոր է հաղթահարել առաջին փուլը, որովհետև դա հետագայում հնարավորություն կտա նույնիսկ երկու փուլում (ՉԼ ու ԵԼ) պարտվելուց հետո հավակնել Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին: Նախորդ տարի այդ ճանապարհն անցավ «Ալաշկերտը», սակայն այս տարի «Փյունիկին» հենց սկզբում սպասվում է ամենադժվար փորձություններից մեկը: 

VNews-ը ներկայացնում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի հաղթող «Փյունիկի» մրցակից «Կլուժին»:

Պատմությունը

«Կլուժը» տարօրինակ պատմություն ունի: Իր գոյության առաջին 100 տարում ակումբը որևէ տիտղոս չի նվաճել և հիմնականում դեգերել է տարբեր մակարդակի դիվիզիոններում: 2007 թվականին՝ ակումբի 100-ամյակը ճոխությամբ նշելուց հետո, տրանսիլվանիացիները մտել են զարգացման նոր փուլ, որում դարձել են ռումինական ֆուտբոլի հեգեմոն: 2008-2022 թվականների ընթացքում «երկաթգծայինները» 16 տիտղոս են նվաճել, որոնցից 8-ը Ռումինիայի չեմպիոնի տիտղոսն է: 

Սկզբում նրանք դիտարկվում էին որպես ակումբ, որը վերջ դրեց 1991 թվականից սկսված Բուխարեստի թիմերի չեմպիոնական շարքին (հիմնականում դա վերաբերում է «Ստյաուային» և «Դինամոյին») , բայց վերջին տարիներին «Կլուժի» հեգեմոնիան հասել է գագաթնակետին (5 անընդմեջ չեմպիոնություն): 

Այդպես ակումբը, որը հիմնադրվել է, երբ Տրանսիլվանիան պատկանում էր Ավստրո-Հունգարիային, այժմ դարձել է ռումինական ֆուտբոլի դրոշակակիրը: Իսկ «Ունիվերսիտատեայի» հետ քաղաքային դերբիներից զատ այժմ Դան Պետրեսկուի թիմը ռումինական բոլոր գրանդների համար դարձել է սկզբունքային մրցակից:  

Ստադիոնը

Կլուժ-Նապոկա քաղաքը ներկայացնող թիմը խաղում է Կոնստանտին Ռեդուլեսկիի անվան ստադիոնում: Ռեդուլեսկին լեգենդար նախկին ֆուտբոլիստ, մարզիչ և մրցավար է: Որպես գլխավոր մարզիչ՝ նա Ռումինիայի ընտրանուն երեք անգամ անընդմեջ դուրս է բերել Աշխարհի առաջության եզրափակիչ փուլ (1930, 1934, 1938): 

Նրա պատվին կոչված ստադիոնը կառուցվել է 1973 թվականին և վերակառուցվել 2008-ին: Վերակառուցման համար ծախսվել է 30 մլն եվրո: Ստադիոնը տեղավորում է 23 500 հանդիսական: Ընդ որում` մինչև վերակառուցումն այն տեղավորում էր 10 000 երկրպագու: Հատկանշական է, որ Ռումինիայում կա 6 այլ ստադիոն, որոնք ավելի շատ հանդիսական են տեղավորում: 

Հետաքրքիր է, որ «Կլուժի» խաղադաշտը համարվում է բավական նեղ: 105 մետր երկարություն ունեցող խաղադաշտն ունի ընդամենը 60 մետր լայնություն: 

Վերաբացումից հետո բացման խաղում «Կլուժը» մրցեց պորտուգալական «Բրագայի» հետ, իսկ սեպտեմբերին Ռումինիայի հավաքականը 85 տարվա դադարից հետո Տրանսիլվանիայում խաղ անցկացրեց` մրցելով Լիտվայի հետ: Այժմ արդեն Ռեդուլեսկիի անվան ստադիոնը եվրագավաթային խաղերի մշտական վայր է դարձել: 

Եվրագավաթային փորձը

«Կլուժը» եվրագավաթներում բազմաթիվ տպավորիչ արդյունքների է հասել: Հենց սկզբից պարզ է, որ այս ակումբի ու եվրագավաթների միջև հատուկ սիրավեպ կա: Իրենց առաջին եվրագավաթային մրցաշրջանում ռումինացիները հասան Ինտերտոտոյի գավաթի եզրափակիչ, որում պարտվեցին «Լանսին», սակայն մինչև այդ պայքարից դուրս էին թողել Բիլբաոյի «Ատլետիկի» ու «Սենտ-Էթյենի» պես թիմերի: 

Առաջին չեմպիոնությունից հետո «Կլուժը» հայտնվեց Չեմպիոնների լիգայի 2008-09 խաղարկության խմբայի փուլում և այնտեղ մեծ աղմուկ հանեց: Տրանսիլվանիացիներն Իտալիայում հաղթեցին «Ռոմային» (2:1), իսկ Ռումինիայում ոչ-ոքի խաղացին «Չելսիի» (0:0) հետ: 

Հետագայում եվրագավաթների կարևոր փուլերում մասնակցությունը սովորական երևույթ դարձավ «Կլուժի» համար: 2010 թվականին նրանք կրկին ոչ-ոքի խաղացին «Ռոմայի» հետ, իսկ 2012-ին Եվրոպան ցնցեցին «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ հաղթականով (1:0):

Եվրոպա լիգայի 2018/19 մրցաշրջանում «Կլուժը» տոնեց եվրագավաթներում իր ամենախոշոր հաշվով հաղթանակը (5:0): Ցավոք, այն «Ալաշկերտի» նկատմամբ էր:

Ելույթները նախորդ մրցաշրջանում

«Կլուժը» նախորդ մրցաշրջանն սկսեց Մարիուս Շումուդիկեի գլխավորությամբ, սակայն համագործակցությունը երկար չտևեց. պարտություն Սուպերգավաթում, իսկ Չեմպիոնների լիգայում մրցաշարից դուրս մնացին արդեն որակավորման երրորդ փուլից, որում ավելի ուժեղ գտնվեց շվեյցարական «Յանգ Բոյզը»: Զուգահեռաբար թիմը հաջող ելույթներ ուներ Ռումինիայի առաջնությունում, որը մեկնարկեց 6 հաղթանակով, սակայն Եվրոպա լիգա տեղափոխվելուց հետո «Կլուժին» ջախջախեց «Ցրվենա Զվեզդան» (4:0, 2:1), և Շումուդիկեին պաշտոնանկ արեցին:

Նրան փոխարինեց Դան Պետրեսկուն, որի գլխավորությամբ Կլուժը 40 խաղում 24 հաղթանակ տոնեց: Պետրեսկուի վերադարձից հետո «Կլուժն» սկզբում խնդիրներ ուներ (2 անընդմեջ պարտություն), բայց հետզհետե անվանի մասնագետը շտկեց արդյունքները: Նա թիմի խաղն ավելի հարձակողական դարձրեց և անցավ 4-3-3 սխեմայի: Հատկապես Ռումինիայի առաջնությունում դա շատ լավ աշխատեց: Մրցաշարի հիմնական հատվածից հետո «Կլուժը» 14 միավորով գերազանցում էր «Ստյաուային»: Հետո լավագույն 6 թիմերը բաժանվեցին առանձին խմբի, և այնտեղ «Ստյաուան» քամբեք սկսեց, որն ուշացած էր: Նախավերջին տուրում «Կլուժը» նվաճեց չեմպիոնի կոչումը: 

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում տրանսիլվանիացիներն ընդամենը 4 միավոր վաստակեցին ու դուրս մնացին հետագա պայքարից: Նույն խմբում էին «ԱԶ Ալկմարը», «Յաբլոնեցը» և «Ռանդերսը»: Ինչ վերաբերում է Ռումինիայի գավաթին, ապա «Կլուժը» պայքարից դուրս մնաց դեռ սեպտեմբերին: 

Մարզիչը

Դան Պետրեսկուն ֆուտբոլիստի փայլուն կարիերա է անցկացրել: Միջին և բարձր տարիքի ֆուտբոլասերները նախկին պաշտպանին կհիշեն «Չելսիում» ելույթներով և Ռումինիայի ընտրանու կազմում աշխարհի ու եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերից: 

Որպես մարզիչ` Պետրեսկուն դեռ նման հաջողությունների չի հասել, բայց Արևմտյան Եվրոպայում, իսկ ահա Արևելքում մեծ ճանաչում ունի: Նա երեք անգամ գլխավորել է «Կլուժը», որի ընթացքում թիմը 4 անգամ դարձել է Ռումինիայի չեմպիոն: Նաև շատ տպավորիչ էր նրա հաջողությունը 2008-09 մրցաշրջանում, երբ համեստ «Ունիրեային» դարձրեց երկրի չեմպիոն:

54-ամյա մասնագետը շատ իմպուլսիվ է, ինչի պատճառով հաճախ է թիմեր փոխում: 2004 թվականից նա գլխավոր մարզիչ է աշխատում և այս 18 տարում 15 անգամ թիմ է փոխել, ընդ որում` մի քանի դեպքում վերադառնալով նախկին ակումբներ:

Արտասահմանում ևս Դանն աշխատելու մեծ փորձ ունի: Ռուսաստանում նա մարզել է «Կուբանը» և Մոսկվայի «Դինամոն», ինչպես նաև աշխատել է Չինաստանում, Թուրքիայում, Լեհաստանում, ԱՄԷ-ում և Կատարում: 

Պետրեսկուին գովում են թիմերում շատ արագ կուռ կոլեկտիվ ստեղծելու համար, որն արագորեն ընկալում է մարզչի պահանջները և սկսում արդյունքների հասնել: 

Կազմը

Այս ամռանը «Կլուժում» արդեն մի քանի փոփոխություններ են եղել: Ակումբից 14 ֆուտբոլիստ է հեռացել, որոնցից մեծ մասը՝ ազատ գործակալի կարգավիճակով: Թիմը 6 նոր ֆուտբոլիստ ունի, որոնց տրանսֆերների համար մոտ 1 մլն եվրո գումար է ծախսել, սակայն բազմաթիվ խաղացողներ էլ վերադարձել են վարձակալությունից: 

Թիմի առաջատարը վինգեր Չիպրիան Դյակն է: Ակումբի պատմության լավագույն ռմբարկուն արդեն 35 տարեկան է, սակայն ավարտված մրցաշրջանում 55 խաղի է մասնակցել (բոլորից շատ) և խփել է 12 գոլ, ինչպես նաև կատարել է 15 ասիստ (կրկին բոլորից շատ): 

Հարձակման գծում Դյակին ակտիվորեն օգնում են խորվաթ Գաբրիել Դեբելյուխը, որը նախորդ մրցաշրջանում թիմի ռմբարկուն էր 19 գոլով, ալժիրցի Բիլել Օմրանին (6+11) և երիտասարդ վինգեր Կլաուդիու Պիտրիլան (10+5): «Փյունիկի» համար բարեբախտաբար, Օմրանին անհանգստանալու պատճառ չի դառնա. «Լացիոյի» դարպասը հաղթական գոլ խփած ֆուտբոլիստը 4 օր առաջ պաշտոնապես հեռացավ ակումբից:

Ձախ պաշտպանի դիրքում էլ խաղում է պորտուգալացի Մարիու Կամորան, որը 11 տարի է՝ Ռումինիայում է, ստացել է այդ երկրի քաղաքացիություն և խաղում է ազգային հավաքականում: Կամորան 425 խաղ է անցկացրել «Կլուժում», ինչն ակումբի պատմության ռեկորդն է:

«Երկաթգծայինների» կազմում 10 ֆուտբոլիստ կա, որոնց տրանսֆերային արժեքը գերազանցում է 1 մլն եվրոն: Ամենաթանկը Անդրեյ Բուրկեն է, որին ակումբը երեք տարի առաջ ձեռք է բերել 200 հազար եվրոյով, իսկ այժմ նրա տրանսֆերը գնահատվում է 4 մլն: 

Կարծիք

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը վիճակահանությունից հետո ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում գովեստի խոսքեր ասաց «Կլուժի» մասին, բայց իր թիմի շանսերը նույնպես փոքր չի գնահատում.

«Մրցակիցն ուժեղ է, բայց մենք ամեն դեպքում գիտեինք, որ Չեմպիոնների լիգայում հեշտ մրցակիցներ չկան։ «Կլուժը» լավ թիմ է, և ակնհայտ է, որ նրանք մեզ համար խնդիրներ կստեղծեն, բայց լրջորեն կնախապատրաստվենք առաջիկա դիմակայությանը, որպեսզի մենք էլ խնդիրներ ստեղծենք նրանց համար։ Հոգեբանորեն պատրաստ ենք, և հուսով եմ, որ լավ պայքար է լինելու»։ 

«Փյունիկի» և «Կլուժի» միջև առաջին հանդիպումը կկայանա այսօր՝ հուլիսի 5-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Մեկնարկը` 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա