Logo

Թռիչքաձև աճ․ 10 խաղացող, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է աճել այս մրցաշրջանում

Հեղինակ
Արամ Սահակյան
18:53 / 29.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Ֆուտբոլային մրցաշրջանի կեսն անցել է։ Այս պահին հարաբերական դադար է, որը պայմանավորված է Մունդիալ 2022-ի որակավորման փուլի հանդիպումներով։ Լավ ժամանակահատված է հայացք նետելու տրանսֆերային շուկային ու հասկանալու, թե որ խաղացողների տրանսֆերային արժեքներն են զգալիորեն փոխվել։ 

Մրցաշրջանի առաջին հատվածում կան խաղացողներ, որոնց խաղն անհամեմատ մեծ առաջընթաց է գրանցել։ Սա անդրադարձել է նաև նրանց տրանսֆերային արժեքներին։ VNews-ը ներկայացնում է 10 խաղացողների, որոնց տրանսֆերային արժեքն ամենաշատն է աճել անցած 6-7 ամիսների ընթացքում։ 

*Տրանսֆերային արժեքները՝ ըստ Transfermarkt մասնագիտացված կայքի 

10. Էդեր Միլիտաո («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 40 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 60 մլն եվրո
Աճը՝ 20 մլն եվրո

Սերխիո Ռամոսի ու Ռաֆայել Վարանի հեռանալուց հետո Էդեր Միլիտաոյի ուսերին ճնշման ու լարվածության մեծ չափաբաժին ընկավ։ Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպանության երկու հսկաները հեռացան թիմից։ Ակումբ եկավ Դավիդ Ալաբան, որի հետ զույգ պետք է կազմեր Միլիտաոն։ «Ռեալը» հենց Ռամոսին ու Վարանին հետագայում փոխարինելու համար էր բրազիլացու համար 2019-ին 60 միլիոն եվրո վճարել պորտուգալական «Պորտուին»։ 

Միլիտաոն տպավորիչ խաղ էր սկսել ցուցադրել դեռ անցած մրցաշրջանում։ Անցած տարվա գարնանը Ռամոսն ու Վարանը մի շարք վնասվածքներ ստացան։ «Ռեալը» Չեմպիոնների լիգայում հասավ մինչև կիսաեզրափակիչ, Լա լիգայում էլ չեմպիոնության համար պայքարեց մինչև վերջին տուրը։ Այս ամենում կար նաև Միլիտաոյի դերը։ Արդեն այս տարի Միլիտաոն ամբողջությամբ դարձել է թիմի առաջատարներից մեկը։ Առանց նրա «Ռեալի» խաղը պաշտպանությունում պատկերացնելը բարդ է։ 

9․ Ջուդ Բելինգեմ («Բորուսիա» Դորտմունդ, Անգլիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 55 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 75 մլն եվրո
Աճը՝ 20 մլն եվրո

Բելինգեմը շատ երիտասարդ է, բայց արդեն այնքան հասուն ֆուտբոլ է ցուցադրում, որ նրա ծառայություններով մի շարք թոփ ակումբներ են սկսել հետաքրքրվել։ Ակնհայտ է, որ նրա պարագայում ևս «Բորուսիան» ֆուտբոլային բիզնես կատարելու հերթական մասթեր-կլասը ցույց կտա ու որոշ ժամանակ անց կլորիկ գումարի դիմաց նրան բաց կթողնի մեկ այլ ակումբ։ 

Բելինգեմի տրանսֆերային արժեքի աճն ուղիղ համեմատական է այս մրցաշրջանում նրա ցուցադրած խաղին։ «Բորուսիայից» բացի, նրան սկսել են վստահել նաև Անգլիայի հավաքականում։ Գարեթ Սաութգեյթը մի քանի անգամ Բելինգեմին ընդգրկեց ազգային թիմի մեկնարկային կազմում Մունդիալ 2022-ի ընտրական փուլի խաղերում։ 

Եթե հավատանք տրանսֆերային շշուկներին, ապա անգլիացու ծառայություններով հետաքրքրված են անգլիական մի շարք ակումբներ, ինչպես նաև Մադրիդի «Ռեալը»։ Մեկ բան ակնհայտ է՝ նրան իրենց թիմում տեսնելու համար ակումբները պետք է կլորիկ գումար վճարեն «Բորուսիային»։

8․ Էրլինգ Հալանդ («Բորուսիա» Դորտմունդ, Նորվեգիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 130 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 150 մլն եվրո
Աճը՝ 20 մլն եվրո

Դորտմունդի «Բորուսիայի» ևս մեկ ներկայացուցիչ այս ցանկում։ Էրլինգ Հալանդը նմանատիպ գրեթե բոլոր ցանկերում ներկա է։ Նրա ֆանտաստիկ խաղն ու արդյունավետությունը նորից ավելացնում են իր տրանսֆերային արժեքը։ Նորվեգացու շուրջ շշուկները չեն դադարում։ Նա օրերս հայտարարեց, որ ակումբն ստիպում է իրեն ապագայի վերաբերյալ որոշում կայացնել։ 

Հալանդը տրանսֆերային շուկայում ամենացանկալի հարձակվողներից է։ Նրա ծառայություններով մի շարք ակումբներ են հետաքրքրված։ Առաջին հերթին խոսվում է «Մանչեսթեր Սիթիի» ու «Ռեալի» մասին։ Շատ հավանական է, որ նորվեգացին առաջիկա ամռանը փոխի ակումբային գրանցումը։ Որքան կարժենա Հալանդի տրանսֆերն այդ ժամանակ՝ դեռ հայտնի չէ, բայց մի բան հստակ է՝ այս գնից ավելի մատչելի «Բորուսիան» Հալանդին չի վաճառի։ 

7․ Լուիս Դիաս («Պորտու», Կոլումբիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 18 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 40 մլն եվրո
Աճը՝ 22 մլն եվրո

Լուիս Դիասն առաջիկա ժամերին կարող է դառնալ «Լիվերպուլի» խաղացող։ Եթե հավատանք Ֆաբրիցիո Ռոմանոյին, ապա «կարմիրները» պաշտոնական առաջարկ են կատարել «Պորտուին» կոլումբիացու համար։ Պորտուգալական գրանդը 40 մլն եվրո կարող է ստանալ իր առաջատարի վաճառքից, ևս 25-ը՝ բոնուսների տեսքով։ 

Դիասն անցած մի քանի մրցաշրջաններում հիանալի առաջընթաց ունեցավ։ Այս տարի նա պարզապես ճախրում է դաշտում։ Երիտասարդ վինգերը Պորտուգալիայի առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն է 14 գոլով ու զիջում է միայն «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսին, որը 15 գնդակ է հեղինակել։ Դիասը հիանալի տպավորություն թողեց նաև Չեմպիոնների լիգայում՝ դառնալով երկու գոլի հեղինակ։ 

6․ Կարիմ Ադեյեմի («Զալցբուրգ», Գերմանիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 10 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 35 մլն եվրո
Աճը՝ 25 մլն եվրո

Կարիմ Ադեյեմին այս ցանկից միակ ֆուտբոլիստն է, որն այս ամիսների ընթացքում խաղաց Հայաստանի հավաքականի դեմ ու նույնիսկ գոլ խփեց։ Այս ֆուտբոլիստի տպավորիչ խաղն ստիպեց Հանսի Ֆլիկին նրան հրավիրել հավաքական։ Հենց Հայաստանի հավաքականի դեմ Շտուտգարտում կայացած խաղում Ադեյեմին նշեց նորամուտն ու դարձավ գոլի հեղինակ։ Դա առայժմ միակ գոլն է նրա համար «բունդեսթիմի» կազմում։ 

Ադեյեմին շարունակում է տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել նաև «Զալցբուրգում»։ Այս խաղացողի ծառայություններով նույնպես հետաքրքրված է «Լիվերպուլը»։ Կա տարբերակ, որ Ադեյեմին կարիերան կարող է շարունակել հայրենիքում։ Նրա ծառայություններով հետաքրքրված է «Բորուսիան»։ Ակումբները պետք է շտապեն, քանի որ Ադեյեմիի տրանսֆերային արժեքը գնալով աճում է։ 

5․ Առնո Դանժումա («Վիլյառեալ», Նիդեռլանդներ)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 15 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 40 մլն եվրո
Աճը՝ 25 մլն եվրո

Դանժուման օգոստոսին 23,5 մլն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Վիլյառեալ»։ «Դեղին սուզանավը» մրցաշրջանի մեկնարկում չէր տպավորում, սակայն Դանժումայի վերելքը տեսանելի էր նույնիսկ ադ ժամանակ։ Ու պատահական չէ, որ նա այս ցանկում իր ուրույն տեղն է զբաղեցրել։ 

Դանժուման սրեց «Վիլյառեալի» հարձակման ձախ եզրի խաղը։ «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ Չեմպիոնների լիգայում «Օլդ Թրաֆորդում» կայացած խաղում Նիդեռլանդների հավաքականի վինգերը չափազանց տպավորիչ խաղ անցկացրեց։ Նրա անցումներին «կարմիր սատանաների» պաշտպանները չէին կարողանում դիմակայել։ Սակայն հարվածները հետ էր մղում Դավիդ դե Խեան։ 

Հիմա «Վիլյառեալի» խաղը կայունացել է։ Նրանք Չեմպիոնների լիգայում շարունակում են պայքարը: Այդ մրցաշարում Դանժուման 6 խաղում 4 գոլ է խփել։ Լա լիգայում էլ թեժ պայքար է եվրագավաթային գոտու համար։ Այնպես որ, Դանժուման պետք է շարունակի ոչ միայն իր տրանսֆերային արժեքի, այլ նաև խաղի աճը, որպեսզի օգնի իր թիմին։ 

4․ Ֆլորիան Վիրց («Բայեր», Գերմանիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 45 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 70 մլն եվրո
Աճը՝ 25 մլն եվրո

Բունդեսլիգայում միայն մեկ խաղացող ավելի շատ գոլային փոխանցում է կատարել այս մրցաշրջանում, քան Ֆլորիան Վիրցը։ Առանց մտածելու ու ստուգելու կարելի է ասել, որ այդ ֆուտբոլիստը Թոմաս Մյուլերն է։ Վիրցը «համարձակվում» է պայքար մղել «Բավարիայի» կիսապաշտպանի հետ Բունդեսլիգայի լավագույն ասիստենտի հարցում։ 

Վիրցի խաղն օր օրի բարելավվում է։ Նա ևս ցանկալի ֆուտբոլիստ է եվրոպական մի շարք ակումբների համար։ Իրականությունն այն է, որ առաջիկայում շատ բարդ կլինի մատչելի գնով նրա տրանսֆերային իրավունքները ձեռք բերելը։ Վիրցի ցուցադրած խաղն ու արդյունավետությունն զգալիորեն բարձրացրել են նրա տրանսֆերային արժեքն այս մրցաշրջանում։

3․ Դուշան Վլահովիչ («Յուվենտուս», Սերբիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 40 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 70 մլն եվրո
Աճը՝ 30 մլն եվրո

Դուշան Վլահովիչն արդեն «Յուվենտուսի» ֆուտբոլիստ է։ Թուրինյան ակումբը նախօրեին պաշտոնապես հաստատեց, որ «Ֆիորենտինայից» ձեռք է բերել սերբ հարձակվողի տրանսֆերային իրավունքները՝ մանրամասներ ներկայացնելով գործարքից: «Յուվեն» հարձակվողի համար «մանուշակներին» կվճարի 70 մլն եվրո, ևս 10 մլն եվրո նախատեսված է որպես հավելավճար: Սերբը նոր թիմում կխաղա «7» համարի մարզազգեստով, որն ազատ էր մնացել Ռոնալդուի հեռանալուց հետո: «Յուվենտուսի» անփառունակ ֆուտբոլը հարձակման գծում ստիպեց ակումբին հենց ձմռանն աղմկոտ գործարք կատարել՝ հարձակման գիծն ուժեղացնելով Ա Սերիայի լավագույն ռմբարկուով ։

Պատահական չէ, որ տրանսֆերային աճ գրանցած ֆուտբոլիստների շարքում Վլահովիչն առաջիններից մեկն է։ Սերբ ֆուտբոլիստի առաջընթացն այս մրցաշրջանում պարզապես խելահեղ է։ Նա «Ֆիորենտինայի» կազմում դարձել է 17 գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ի դեպ, այդքան գոլ իր ակտիվում գրանցել է նաև Չիրո Իմոբիլեն։ 

Անցած 6 ամիսների ընթացքում 3-րդ ամենամեծ տրանսֆերային աճ գրանցած խաղացողի ապագայի ընտրությունը ճիշտ էր, թե ոչ՝ կիմանանք առաջիկայում։ 

2․ Գավի («Բարսելոնա», Իսպանիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 0 
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 40 մլն եվրո
Աճը՝ 40 մլն եվրո

Ամռանը Transfermarkt մասնագիտացված կայքը դեռևս տրանսֆերային արժեք չէր սահմանել 17-ամյա Գավիի համար։ Սրանում ինչ-որ տեղ զարմանալու բան չկա։ Գավին 2021 թվականի սկզբին էր նշել նորամուտը «Բարսելոնայի» երկրորդ թիմում։ Պարզապես նրա առաջընթացն այնքան կայծակնային արագությամբ եղավ, որ նա հիմա ոչ միայն «Բարսելոնայի» մեկնարկային կազմի խաղացող է, այլ նաև հասցրել է նորամուտը նշել Իսպանիայի հավաքականի կազմում։ 

«Ֆուրիա ռոխայի» կազմում նա երբևէ խաղացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է։ Գավիի ցուցադրած խաղն իսկապես ապշեցնում է։ Այդքան երիտասարդ տարիքում այդքան հասուն խաղ կարող են ցույց տալ միայն հրաշամանուկները։ Գավիի անվան հետ են արդեն կապում «Բարսելոնայի» ապագա լուսավոր օրերն ու Իսպանիայի հավաքականի հաջողությունները։ Նրա տրանսֆերային արժեքը դեռ կաճի։ 

1․ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ», Բրազիլիա)

Նախորդ տրանսֆերային արժեքը՝ 40 մլն եվրո
Ներկայիս տրանսֆերային արժեքը՝ 100 մլն եվրո
Աճը՝ 60 մլն եվրո

Եվ վերջապես, ցանկը գլխավորում է «Ռեալի» ու Բրազիլիայի հավաքականի վինգեր Վինիսիուս Ժունիորը։ Նա խելահեղ առաջընթաց գրանցեց այս մրցաշրջանում, որին նույնիսկ «Արքայական ակումբի» երկրպագուներն էին դժվարությամբ հավատում։ Մասնագետների կարծիքով՝ Վինիսիուսը բուն խաղային տեսանկյունից շատ բան չի փոխել։ Նա պարզապես սկսել է ավելի արդյունավետ եզրափակել գրոհները։ 

Բրազիլացին շատ լավ է համագործակցում Կարիմ Բենզեմայի հետ։ Նրանք երկուսով եվրոպական թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ հարձակման զույգն են։ Վինիսիուսի տպավորիչ խաղի ակունքներում «Ռեալի» նախկին գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն է։ Ասում են՝ Զիդանն անցած մրցաշրջանների ընթացքում մարզումներից հետո մնացել է Վինի Ժունիորի հետ ու մարզել գրոհի եզրափակման փուլի հարվածները։ Կառլո Անչելոտին էլ գալուց հետո մի քանի խորհուրդներ է տվել բրազիլացուն։ Իտալացի մասնագետը Վինիին կոչ է արել հարվածային դիրքերում գնդակին երեք-չորս հպումից ավել չդիպչել, այլ իսկույն մտածել հարվածելու ճիշտ պահն ընտրելու մասին։ Վինիսիուսն ամեն ինչ գերազանց է կատարում։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 100 միլիոն եվրո, բայց «Ռեալը» դժվար թե մտածի իր առաջատարին վաճառելու մասին։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա