Logo

Փաշիկ Ալավերդյանը՝ հայ ծանրորդների մարզավիճակի, անվերջ վնասվածքների և Հայաստանում ԵԱ-ն անցկացնելու հնարավորության մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:22 / 30.03.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Փաշիկ Ալավերդյան

Ծանրամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականը բնականոն հունով է պատրաստվում մայիսի վերջին Ալբանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը։ Մեր երկրի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ, մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը VNews-ին ներկայացրեց նախապատրաստական գործընթացի որոշ, այդ թվում՝ մտահոգիչ մանրամասներ և պատմեց, թե առաջնային ինչ խնդիր է անհրաժեշտ լուծել՝ հաջորդ տարվա եվրոպական ստուգատեսը Երևանում ընդունելու համար։

«Նախապատրաստությունն սկսել ենք հունվարից և արդեն մի քանի հավաք ենք անցկացրել։ Տղաներն անցել են դասական վարժությունների կատարմանը, իսկ բարձր կիլոգրամների հետ կսկսեն աշխատել ծաղկաձորյան հավաքից հետո։ Պարապմունքների ամփոփիչ փուլը մտադիր ենք անցկացնել Աբովյանի մարզահանգրվանում։ Սակայն դրան դեռ բավականաչափ ժամանակ կա։ Հավաքին ընդգրկված են մեր բոլոր առաջատար ծանրորդները՝ 14 հոգի։ Եվրոպայի առաջնությունում կունենանք 9-10 մարզիկ»,- VNews-ի հետ զրույցում նշեց Փաշիկ Ալավերդյանը։

Նա ընդգծեց, որ այս պահին գոհ է երկաթախաղի մեր վարպետների մարզավիճակից, բայց վաղաժամ համարեց եզրակացություններ անելը։ Առավել ևս, որ թիմում չկա վնասվածք ունեցողների պակաս։ «Եվրոպայի առաջնության մեկնարկին դեռ շուրջ 65 օր կա. այդ ընթացքում մարզումային ցուցանիշները դեռ շատ կփոխվեն, ուստի նշված հարցին կանդրադառնանք նախապատրաստության ավարտին։ Իսկ տարբեր կարգի վնասվածքներ ունեցել են և ունեն հավաքականի բոլոր մարզիկները։ Խնդիրը, ինչպես միշտ, փորձում ենք լուծել սեփական ուժերով»,- հայտնեց գլխավոր մարզիչը։

ԵՎՐՈՊԱՅԻ 2023Թ. ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ

Անդրադառնալով Եվրոպայի 2023 թվականի առաջնությունը Երևանում անցկացնելու հնարավորությանը՝ մեր զրուցակիցը նշեց, որ այդ հարցը դեռևս բաց է մնում։

«Մրցումների անցկացման մարզապալատից զատ պետք է նաև մարզումային դահլիճներ ապահովել։ Անհրաժեշտ է ավելի քան 35 ժամանակակից մրցահարթակ տեղադրել։ Մի՛ մոռացեք, որ Եվրոպայի առաջնությանը մի քանի տասնյակ երկրի մարզիկ-մարզուհի է մասնակցում։ Նրանց համար պետք է շուրջ 10-12 օր պարապելու պայմաններ ստեղծել։ Եվ դա ցանկացած դահլիճում չես կազմակերպի. կառույցը պետք է հարմարեցված լինի ծանրամարտի պահանջներին։

Մի խոսքով՝ տեխնիկական շատ խնդիրներ կան լուծելու։ Ամեն դեպքում ոլորտային նախարարությունը վստահեցնում է, որ դրանք լուծվող խնդիրներ են։ Եվրոպական ֆեդերացիան մեծ սիրով պատրաստ է առաջնության կազմակերպումը վստահել Հայաստանին։ Կառույցը հարցին նորից կանդրադառնա այն ժամանակ, երբ հայկական կողմը տեղեկացնի պատրաստ լինելու մասին։ Առայժմ Հայաստանից բացի, որևէ այլ երկիր չի հավակնում Եվրոպայի 2023 թվականի առաջնության անցկացմանը»,- եզրափակեց Փաշիկ Ալավերդյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա