Logo

Ճանապարհ դեպի Ռիո. Ըմբշամարտ

Հեղինակ
nunegrigorian1994
00:00 / 14.04.2016Ըմբշամարտ
artur aleksanyan 1 - Ճանապարհ դեպի Ռիո. Ըմբշամարտ

Աշխարհի 205 երկրից, մոտ 10 500  մարզիկ օգոստոսին հնարավորություն կունենա հասնել օլիմպիական գագաթնակետին, այդ թվում և 336 ըմբիշ: Այժմ հերթը, Օլիմպիական բարձունքը արդեն իսկ գրաված Լևոն Ջուլֆալակյանի ու Արայիկ Բաղդադյանի սաներինն է: Հասնել,  գերազանցել ուսուցչին, հաղթահարել Ռիո տանող ճանապարհը, որն այս անգամ անցնում է Թուրքիայով:

 «Վիվառո Նյուզը» ներկայացնում է հայ ըմբիշների ճանապարհը դեպի Ռիո:

Օլիմպիական ուղեգիր նվաճել են

Արթուր Ալեքսանյան (98կգ) –հունահռոմեական ոճի ըմբիշ

Աշխարհի կրկնակի ու գործող չեմպիոն «Սպիտակ Արջը» իր ուղեգիրը նվաճեց Լաս Վեգասում սեպտեմբերին: Այստեղ Արթուրը ևս մեկ անգամ հաստատեց իր քաշային կարգում առաջատարությունն աշխարհում՝ 2-րդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն, ավելին իր տեղն ամրագրեց Ռիոյում: Ինչպես ինքն է սիրում ասել՝ չեմպիոն դառնալը դժվար է, բայց տիտղոսը պահելը՝ ավելի:

Ըմբշամարտի Աշխարհի առաջնությանը՝ Լաս Վեգասում յուրաքանչյուր քաշային կարգում խաղարկվում էր 6-ական  օլիմպիական ուղեգիր: Սա, ըստ էության, դեպի Ռիո տանող ճանապարհի 1-ին փուլն էր:

Artur Aleksanyan won Silver of European Wresting Championship

Արթուր Ալեքսանյանը արդեն հատուկ ծրագրով սկսել է մարզումները.  «Մարզիչները մշակում են մարզման ծրագիրը, որի համաձայն էլ շարժվում ենք, ավելի շատ շեշտը դնելով գորգային մարզումների վրա: Աստիճանաբար մարզումները նվազեցնում ենք, ռեժիմը խստացնում: Ամեն ինչ հաշվարկված է, քնելը, վեր կենալը, սնվելը: Նաև հոգեբանորեն ենք պատրաստվում, մտքերը կենտրոնացնում մրցումների վրա և փորձում զերծ մնալ ավելորդ նյարդայնանալուց»:

1-ին փուլը հաղթահարված է: Մարզական կարիերայի ամենակարևոր իրադարձությանը սպասում ու պատրաստվում են բոլորը: Արթուրին էլ Ռիոյում կսպասեն արժանի մրցակիցներ: Նրա հիմնական մրցակիցը գործող օլիմպիական չեմպիոն՝  իրանցի Ղասեմ Ռեզային է: Արթուրը արդեն իսկ ունի օլիմպիական բրոնզ, բայց նպատակը միայն ոսկին է:

Արթուր Ալեքսանյանը նոր է վերադարձել Ռիգայից՝  որպես Եվրոպայի փոխչեմպիոն: Բոլորը սպասում էին ոսկե մեդալի, բայց ինչպես Լևոն Ջուլֆալակյանը փաստեց ռուս ըմբիշի հետ պայքարում մրցավարական կողմնապահությունն անխուսափելի էր: Իհարկե սրանից ողբերգություն սարքել պետք չէ:

Միհրան Հարությունյան (66կգ ; 71կգ) – հունահռոմեական ոճի ըմբիշ

Տպավորիչ տիտղոսներ ու հաղթանակներ հաշվի զգալի առավելություններով: Միհրան Հարությունյանը Լաս Վեգասում ցուցադրեց դիտարժան պայքար, սակայն կրկին մրցավարական սխալի, կամ էլ դիտավորության արդյունքում վերջին պահին եզրափակիչ չհասավ:

Կիսաեզրափակչում կորեացու հետ գոտեմարտի ժամանակ հաղթեց 4:0 հաշվով, բայց մրցավարների միջամտությամբ գոտեմարտն ավարտվեց 4:4 հաշվով, ու նա չանցավ եզրափակիչ:

Բրոնզե մեդալի համար պայքարում էլ հանդիպել է Ռուսաստանի ներկայացուցիչ Արտյոմ Սուրկովին: Այստեղ կրկին մրցավարների որոշմամբ ռուս մարզիկին է տրվել առավելությունը: Բայց Միհրանը կարողացավ ապահովել իր տեղը Ռիոյում: Նրա դեպքում նույնպես 1-ին փուլն էլ բավական էր: Ուղեգիրն էլ նվաճված:

For_interv (1)

Սակայն այս տարի Ռիգայում Եվրոպայի առաջնությունը, Միհրանը հիասթափեցնող հանդես եկավ: Որակավորման փուլը հաղթահարելուց հետո՝ 1/8 եզրափակչում պարտություն կրեց Լատվիայի ներկայացուցիչ Նիկիտա Մասյուկսից:

Վնասվածքի պատճառով, այս ոչ այնքան հուսադրող ելույթները, առիթ չեն տալիս նրան հուսահատվելու, այլ մարզումները ավելի մեծ թափով շարունակում է և պատրաստվում տարվա ամենագլխավոր փորձությանը, որտեղ պետք է ներդնել ամեն հնարավորը:

Լևան Բերիանիձե (125կգ) – ազատ ոճի ըմբիշ

Լևան Բերիանիձեն ազատ ոճի միակ ըմբիշն է, որն ունի Ռիո 2016-ի ուղեգիր: Նա նույնպես այս ուղեգիրը նվաճել է Լաս Վեգասի աշխարհի վարկանշային առաջնությունում:

1/8 եզրափակչում Թուրքիայի ներկայացուցիչ Թահա Ակգյուլին Լևանը զիջեց, բայց հնարավորություն ունեցավ սփոփիչ գոտեմարտի, որտեղ էլ  3:2 հաղթեց ղազախ Դաուլետ Շաբանբային:

Բրոնզե մեդալի համար պայքարում չհաղթեց Ռուսաստանից Բիլյալ Մախովին:  Ի վերջո, 5-րդ հորիզոնականը զբաղեցրեց աշխարհի առաջնությունում ու ձեռք բերեց ուղեգիր:

levan

Այս տարի Ստայկիում հավաքներից մեկի ժամանակ Բերիանիձեն վնասվածք ստացավ, որի պատճառով Ռիգայի Եվրոպայի առաջնությունը բաց թողեց: Էլ ավելի վիճակը չվատթարացնելու համար ուժերը խնայեց Ռիոյի համար:

Արայիկ Բաղդադյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց Լևանի ներկայիս վիճակը. «Մեջքի մկանների ձգում էր ստացել: Շատ ցանկության դեպքում կմասնակցեր Եվրոպայի առաջնությանը, բայց խնայեցինք ուժերը: Միգուցե ավելի խորանար վնասվածքը ու չհասցներ լիարժեք վերականգնվեր: Արդեն վնասվածքը լիակատար բուժվել է՝ 15 օր ֆիզիոթերապիաների ու այլ բուժումների արդյունքում»:

Վնասվածքը ետևում է, Լևանը առողջ է և շարունակում է պարապմունքները Վրաստանում: Մարզումները այստեղ անցկացնելու խնդիր կա: Գերծանր քաշային ազատ ոճի ըմբիշ Հայաստանում չկա:

«Լևանին զույգ չունենք, հակառակորդ, որ պարապեն ու պատրաստվի: Դրա համար նա Վրաստանում է մարզվում: Բայց Ստամբուլի մրցաշարից առաջ արդեն կգա այստեղ ու մեր թիմի հետ կմարզվի, որ նաև պատրաստվի, նաև ոգեշնչի մեր մյուս մարզիկներին»:

Ռիո գնալուց առաջ Արայիկ Բաղդադյանը նախատեսում է Հայաստան հրավիրել վրացի գերծանր քաշային մարզիկներ՝ Լևանի հետ մարզումներ  անելու ու թուրք ըմբիշ Թահա Ակգյուլին, վրացի Գենո Պեդրոաշվիլին և այլ հիմնական մրցակիցներին գերազանցելուն պատրաստվելու համար:

Հավակնում են ուղեգրի

Եվ՛ հունահռոմեական և և՛ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ Լևոն Ջուլֆալակյանը և Արայիկ Բաղդադյանը համոզված են դեռ ավելացնելու են նվաճած օլիմպիական ուղեգրերի քանակը:

«Եթե 6 քաշայինում ունենանք շատ լավ կլինի, մենք պայքարելու ենք մնացած 4 քաշերում: Սակայն ամեն ինչ ցույց կտա գորգը: Իսկ ավելի ստույգ՝ 4-5 հոգով մասնակցելը շատ իրական է»,նշեց  Լևոն Ջուլֆալակյանը:

1975154_262942077210571_804058303_n

Իսկ ինչպե՞ս պետք է ավելացնեն ուղեգրերի քանակը: Ի՞նչ ճանապարհ պետք է անցնեն ու ո՞ր երկրներով է այն անցնում : Փորձություններն առջևում են:

1-ին փուլը Լաս Վեգասի աշխարհի առաջնություն էր: Սա արդեն հաղթահարված է: 3 ուղեգիր այստեղից արդեն նվաճված է: Երկուսը հունահռոմեականից, մեկն էլ ազատ ոճից:

2-րդ փուլը աշխարհամասերի ընտրական մրցաշարերն են: Սկսում ենք Սերբիայի Զրենյանին քաղաքից:  Ապրիլի 13-17-ը  Եվրոպա աշխարհամասի վարկանիշային ընտրական մրցաշարն է: Այստեղ ավելի բարդ է, միայն 1-ին և 2-րդ տեղերը զբաղեցրած ըմբիշները կստանան ուղեգիր:

Արդեն հայտնի է թե ովքեր են մասնակցելու այս վարկանիշային մրցաշարին: Այսպիսով հունահռոմեական ուճում ուղեգրի համար կպայքարեն  Ռոման Ամոյան (59 կգ), Կարապետ Չալյանը (75 կգ), Արթուր Շահինյանը (85 կգ), Էդգար Խաչատրյանը (130 կգ):  

Իսկ ազատ ոճայիններից, այս մրցաշարում կմասնակի 5 մարզիկ: Նրանք են՝ Գառնիկ Մնացականյանը (57կգ), Դավիթ Սաֆարյանը (65կգ), Սուրեն Խաչատրյանը (74կգ), Մուսա Մութազալիևը (86կգ) և Էդգար Ենոքյանը (97 կգ):

Արայիկ Բաղդադյանը բոլոր 5 ըմբշամարտիկներից էլ մեծ սպասումներ ունի. «Մեր մարզիկները բոլորն էլ, կարելի է ասել, փորձառու են, հնարավորություն ունեն վարկանիշ ձեռք բերելու, բայց ամեն ինչ պարզ կդառնա Զրենյանինում: Միանշանակ վստահ լինել սպորտում, չենք կարող»:

Ինչ վերաբերում է Եվրոպայի առաջնությանը, որին այնքան էլ խոստումնալից հանդես չեկան ազատ ոճայինները, Արայիկ Բաղդադյանը անդրադարձավ նաև բաղթողումներին, որոնք արդեն շտկվում են: «Հավաքի վերջին շաբաթվա ընթացքում, մարզումների գրաֆիկը թեթևանցրել ենք աստիճանաբար, որ մարզիկները ուժ հավաքեն, հանգստանան, որ կարողանան լավ հանդես գալ: Նաև ուշադրություն ենք դարձնում քաշային խնդիրներին, որ մարզիկները կարողանան պահպանել» ,– նշեց Արայիկ Բաղդադյանը: 

Մեր մարզիկներն արդեն Զրենյանինում են, հավաքը վերջացրել են ու մեկնել ուղեգրեր ձեռք բերելու, որին կհաջորդի 3-րդ փուլը:

3-րդ փուլում կազմակերպվելու են համաշխարհային ընտրական վարկանիշային երկու մրցաշարեր:

  1. «Վերջին հնարավորություն» անվանումով, ըստ էության, նախավերջին հնարավորությունը Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան-Բատորում է: Ապրիլի 22-24-ը 3-ական օլիմպիական ուղեգիր էլ այստեղ կխաղարկվի:
  1. Իսկ ահա վերջում, ճանապարհը տանում է դեպի Թուրքիա՝ Ստամբուլ: Մայիսի 6-8-ը կվճռվի ըմբիշների մարզական ճակատագիրը: Այստեղ յուրաքանչյուր քաշային կարգում վիճարկվելու է 2-ական օլիմպիական ուղեգիր:

Յուրաքանչյուր քաշային կարգում ամեն երկիր կարող է ստանալ միայն մեկ օլիմպիական ուղեգիր: Հստակ սպասելիքներ ու իրական հնարավորություններ ունեն մեր ըմբշամարտի հավաքականի բոլոր մարզիկները:

2898

Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում

Հիմա արդեն ամբողջ ուշադրությունը միայն  օլիմպիական խաղերին պատրաստվելու ու հավուր պատշաճի՝ չեմպիոններին վայել, ներկայանալու վրա է: Անգամ Հայաստանի առաջնությունը այս տարի հետաձգվել է և անց է կացվելու հոկտեմբերին՝ օլիմպիական խաղերից հետո: Մեր ըմբշամարտիկներն այժմ արդեն Զրենյանինում են:

Թեև Ռիգայի Եվրոպայի առաջնությունը վարկանշային մրցաշար չէր, բայց դրան մասնակցությունը ուժերն ավելի ամրապնդեց և դրանք իրական գնահատելու, ևս մեկ  հնարավորություն տվեց: Հայաստանում տարիներ շարունակ ըմբշամարտը եղել է ու կա սիրված ու առաջատար մարզաձև:

Մի բան հստակ է. մայիսին արդեն ուղղորդված ծրագրով կաշխատեն, իսկ դրա համար նախ պետք է հաստատվեն ուղեգրերի քանակը և իհարկե նվաճողների անունները:

  • Ապրիլի 13-17՝ Աշխարհամասերի ընտրական մրցաշարեր, Զրենյանին, Սերբիա
  • Ապրիլի 22-24՝ «Վերջին հնարավորություն», Ուլան-Բատոր, Մոնղոլիա
  • Մայիսի 6-8՝ Աշխարհամասերի ընտրական մրցաշարեր, Ստամբուլ, Թուրքիա
  • Օգոստոսի 14-21՝ Ամառային Օլիմպիական խաղեր, Բրազիլիա, Ռիո Դե Ժանեյրո

Նունե Գրիրգորյան

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա