Logo

Ճիշտ հայերեն. որ և որպեսզի շաղկապների կիրառության մասին

Հեղինակ
Լուսանե Ջալալյան
00:00 / 14.09.2020ՄՇԱԿՈՒՅԹ
jishthayyy - Ճիշտ հայերեն. որ և որպեսզի շաղկապների կիրառության մասին

Լեզվի կոմիտեն պարբերաբար ներկայացնում է ուսուցողական հոդվածներ՝ հայոց լեզվի մասին։ Արդյո՞ք ճիշտ եք կիրառում «որ» և «որպեսզի» շաղկապները. եկեք հասկանանք՝ ստորև։

Ո՞ր, թե՞ որպեսզի

Որ շաղկապը կարող է արտահայտել մեկնական, նպատակի, պայմանի, պատճառի, ժամանակի և այլ իմաստներ:

Ի տարբերություն որ-ի՝ որպեսզի-ն ունի միայն նպատակի իմաստ, այսինքն՝ գլխավոր նախադասությանը կապում է նպատակի պարագա երկրորդական նախադասություն: Որպեսզի-ի նպատակի իմաստն ընկալելի է նույնիսկ խոսքից դուրս:

Ինչպես տեսնում ենք, այս շաղկապների գործառույթները համընկնում են մեկ դեպքում. երբ գլխավոր նախադասությանը միացնում են նպատակի պարագա նախադասություն: Այստեղից կարող ենք հետևություն անել. որ շաղկապը որպեսզիին կարող է փոխարինել գրեթե բոլոր դեպքերում, իսկ որպեսզի-ն որ-ին միայն այն դեպքում, երբ երկրորդական նախադասությունը նպատակի պարագա է:

Վերջին ժամանակներս ոմանք խուսափում են որ շաղկապը կիրառելուց՝ մտածելով, թե որպեսզի-ն պաշտոնական ոճին առավել պատշաճ է: Սա թյուր կարծիք է:

Զանգվածային տեղեկատվության միջոցներում, պաշտոնական խոսքում հաճախադեպ են որպեսզիի գործածության սխալները:

Բերենք օրինակներ.

«Հարկային ու մաքսային մարմինները տարիներ շարունակ նպաստել են, որպեսզի որոշ իշխանավորների բանկային հաշիվները գնալով մեծանան»: «Կողմերից ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ, որպեսզի իր իրավունքները խախտվեն»: «Նախընտրելի է, որպեսզի թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»: «Նա պնդում է, որպեսզի նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի այդ դրույթը»: «Ժամանակն է, որպեսզի մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:

Որպեսզի շաղկապը գործածության ճշտությունը կարելի է պարզել հարցով: Նպատակի պարագան պատասխանում է ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով հարցերին: Բերված օրինակներում գլխավոր նախադասություններից հետո չենք ասի՝ ինչո՞ւ (ի՞նչ նպատակով, ինչի՞ համար): Այլ՝

«…նպաստել են (ինչի՞ն), որ նրանց բանկային հաշիվները գնալով մեծանան»: «…ամեն մեկը ցանկանում է թույլ չտալ (ի՞նչ)որ իր իրավունքները խախտվեն»: «Նախընտրելի է (ի՞նչը)որ թեկնածուն լինի այն համայնքից, որի ղեկի համար պայքարում է»: «Նա պնդում է (ի՞նչ)որ նոր սահմանադրության նախագծի մեջ ամրագրվի…»: «Ժամանակն է (ինչի՞)որ մենք ինքներս մի րոպե կանգ առնենք»:

Համոզվում ենք, որ այս օրինակներից ոչ մեկում երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չէ, և, բնականաբար, պետք էր գործածել որ շաղկապը: Ահա այս նախադասություններում որպեսզի-ն ճիշտ է գործածված.

«ՀՀ քաղաքացիություն են ընդունել (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով)որպեսզի գոնե կենսաթոշակ ստանալու հնարավորություն ունենան»։ «Օգնենք նրանց (ինչո՞ւ, ինչի՞ համար, ի՞նչ նպատակով)որպեսզի կարողանան մոռանալ ողբերգությունը»:

Ինչպես ասվեց, որպեսզի-ի փոխարեն կարող է գործածվել նաև որ-ը. «Օգնենք նրանց, որ կարողանան մոռանալ ողբերգությունը»:

Նկատի ունենալով այս ամենը, որ և որպեսզի շաղկապների առանձնահատկությունները՝

ՀՈՐԴՈՐՈՒՄ ԵՆՔ

երկրորդական նախադասությունը նպատակի պարագա լինելու դեպքում հավասարապես գործածել որպեսզի կամ որ շաղկապները. երկրորդական նախադասությունը նպատակի պարագա չլինելու դեպքում գործածել միայն որ -ը:

 

Աղբյուրը՝ langcom.am


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա