Logo

«Առաջին խաղում պարտությունը նվազեցրեց մեր հնարավորությունները». Գայանե Մովսիսյանի հարցազրույցը VNews-ին

Հեղինակ
Հրայր Նազարյան
19:44 / 17.06.2022Հարցազրույցներ
Բացառիկ
null

Թենիսի Հայաստանի կանանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Գայանե Մովսիսյանն ընդհանուր առմամբ բավարարված է Չեռնոգորիայում անցկացված աշխարհի ոչ պաշտոնական թիմային առաջնության՝ Բիլի Ջին Քինգի գավաթի եվրո-աֆրիկյան գոտու 3-րդ խմբի մրցաշարին մեր ընտրանու մասնակցությունից։ VNews-ի հետ զրույցում մարզիչն այդպես մեկնաբանեց մեր մարզուհիների ելույթը, որի արդյունքում Հայաստանի հավաքականը, 11 թիմերի հաշվարկում գրավելով 7-րդ տեղը, մնաց նույն խմբում։

Հայաստանի հավաքականը ենթախմբում 2։1 հաշվով հաղթել է Մավրիկիոսին, նույն արդյունքով պարտվել է Մոլդովային, ինչպես նաև 0։2 արդյունքով զիջել է Մարոկկոյին։ 7-8-րդ տեղերի համար խաղում հայուհիները 2։1 հաշվով հաղթել են Գանայի մարզուհիներին։

«Նման ձևաչափով մրցաշարերում բոլոր հանդիպումներն էլ անչափ կարևոր են, քանի որ մեկ պարտությունն իսկ կարող է զրկել փլեյ-օֆֆին մասնակցելու հնարավորությունից։ Մոլդովայի հետ հանդիպման ելքը վճռվեց զուգախաղում. պարտությունը նվազեցրեց մեր հնարավորությունները։ Առհասարակ, այդ մրցաշարում մեր երկու հաղթանակներն էլ տարել ենք զուգախաղում հաջողության հասնելու շնորհիվ։ Հաղթական միավորները բերել են Անի Ամիրաղյանը և Գաբրիելա Հակոբյանը։ Իսկ ենթախմբում ավելի լավ ելույթ ունենալու հնարավորություն միշտ էլ կա, սակայն այս անգամ Մարոկկոյի և Մոլդովայի հավաքականներն ավելի լավ տպավորություն թողեցին և աղյուսակում շրջանցեցին մեզ»,- նշեց Գայանե Մովսիսյանը։

Անդրադառնալով Մարոկկոյի հետ ենթախմբի վերջին խաղին՝ մեր զրուցակիցն ասաց, որ հենց սկզբից ամեն ինչ ընթացավ մեզ համար անցանկալի հունով. «Այդ օրն ու նախօրեին տեղատարափ անձրև էր եղել, և կորտի ծածկույթը հեռու էր բավարար լինելուց։ Մեր մարզուհիները սովոր չեն թաց կորտում խաղալուն։ Ի լրումն՝ նաև ինքնազգացողության խնդիրներ ունեցան։ Հակոբյանը պարտվեց գործնականում առանց պայքարի, իսկ Ամիրաղյանն առաջին սեթում պարտվելուց հետո երկրորդում հաղթում էր 3։1 հաշվով, սակայն վատ զգալու պատճառով չկարողացավ ավարտին հասցնել այն։ Այլ պարագայում գուցեև կհաղթեինք Մարոկկոյին»։

Մարզիչը տեղեկացրեց նաև, որ հավաքականն ուժեղացնելու ներուժ կա. մի շարք առաջատար խաղացողներ ուսանում են ԱՄՆ-ի համալսարաններում և մարզվում տեղի ակումբներում։ Նրա պնդմամբ՝ այս անգամ հավաքականին միանալու հրավեր էին ստացել Իռեն Մուրադյանը և Միլենա Գևորգյանը, որոնք, սակայն, չկարողացան ժամանել։ Իսկ Մարինա Հարությունյանը չէր հասցրել վերականգնվել վնասվածքից։

Գայանե Մովսիսյանը ղեկավարելու է նաև մինչև 14 տարեկան տղաների Հայաստանի հավաքականը, որը պատրաստվում է հունիսի 26-29-ը Երևանում անցկացվելիք պատանիների Եվրոպայի գավաթի թիմային խաղարկությանը։ Նա նշեց, որ թիմում ընդգրկվել են տարիքային այդ խմբի մեր առաջատարները՝ Միքայել Ավանեսյանը, Դավիթ Պողոսյանը և Հովհաննես Սողոյանը։ Ըստ մարզչի՝ Ավանեսյանը վերջին մեկ տարում բավական լավ արդյունքներ է գրանցել և լավ մարզավիճակում է։ Մնացածը պայմանավորված է լինելու նրանով, թե պատանի մարզիկներն ինչպես կդրսևորեն իրենց կոնկրետ հանդիպումներում։ «Թեպետ բավական ուժեղ մրցակիցներ ենք ունենալու, բայց որոշակի ակնկալիքներ այնուհանդերձ կան։ Առանց սպասելիքների չի կարելի մրցումների մասնակցել։ Շատ բան պայմանավորված կլինի նաև այն հանգամանքով, թե երեխաներն ինչպես կհաղթահարեն սեփական հարկի տակ խաղալու հոգեբանական կաշկանդվածությունը»,- եզրափակեց Գայանե Մովսիսյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա