Logo

«Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 19.10.2018Հայկական ֆուտբոլ
IMG 6918 - «Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

«Ազգային հավաքականում աստիճանաբար ներգրավելու ենք երիտասարդական ընտրանու լավագույն ֆուտբոլիստներին»,- վերջերս ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը։ Վերջինս գլխավորել է Մ-21 հավաքականը, ավելի լավ գիտե այդտեղ հանդես եկող ֆուտբոլիստների պոտենցիալը, քան ՀՀ քաղաքացի հանդիսացող ցանկացած այլ ոք։

Երիտասարդականն ավարտել է ելույթները «Եվրո-2019»-ի ընտրական փուլում։ Արդյունքները տխուր են՝ 10 խաղ, ընդամենը 2 հաղթանակ (2-ն էլ՝ Ջիբրալթարի հավաքականի նկատմամբ), 3 ոչ-ոքի, 5 պարտություն։ Այդուհանդերձ, այդքան փնտրվող «թարմ արյունը» պետք է և կարելի է գտնել նաև Մ-21 հավաքականում, որտեղ նույնպես հսկայական փոփոխություններ կլինեն արդեն նոր շրջափուլում։

Ազգային հավաքականն Ազգերի լիգայում վերջին ջախջախումից հետո դեռ պահպանում է պայքարը շարունակելու շանսեր, ուստի դժվար է նորամուծություններ ակնկալել վերջին 2 մրցավեճում։ Փորձարկումների ժամանակը կգա 2019-ի առաջին հատվածում, երբ, հուսանք, կկազմակերպվեն ընկերական հանդիպումներ։

IMG 6913 - «Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Այս երիտասարդներին միավորում է հետևյալը․ բոլորն էլ տաղանդավոր են, ունեն տվյալներ, սակայն կայուն չեն, ինչը բնորոշ է երիտասարդ ֆուտբոլիստներին։ Բոլորն էլ, եթե ցանկանում են ամրապնդվել իրենց ակումբներում և ազգային հավաքականում, պետք է լինեն աշխատասեր, չբավարարվեն ձեռք բերածով, լսած գովաբանություններով կամ առաջին հայացքից բարձր աշխատավարձերով ու զարգացնեն իրենց որակները՝ ժամանակ հետո դրսևորվելով նաև արտերկրի թիմերում։

Եվ այսպես, ներքին ռեսուրսները հետևյալն են (նշվածներից ոչ ոք առայժմ հանդիպման չի մասնակցել ազգային հավաքականում)՝

Հենրի Ավագյան

Դարպասապահ, 22 տարեկան, ակումբը՝ «Ալաշկերտ»

Մեր ընտրանու դարպասապահը բազմաթիվ հանդիպումներում կարողացել է փրկել թիմին վերահաս գոլերից։ Թիմակիցներին անընդհատ հուշում է և կարողանում է կառավարել պաշտպանների գործողությունները։ Տպավորիչ էր հատկապես Սերբիայի հասակակից հավաքականի հետ արտագնա վերջին հանդիպումը, որտեղ մեզ ոչ-ոքի են «նվիրել» հենց Ավագյանի բազմաթիվ և տարատեսակ փրկությունները։

Խնդիրն այն է, որ այս դարպասապահի մոտ ամեն ինչ հարթ չէ ակումբային կարիերայում։ Այդպես էլ չամրապնդվելով «Բանանցի» գլխավոր թիմում՝ Հենրին նոր մրցաշրջանից առաջ տեղափոխվել է «Ալաշկերտ», որտեղ պահեստայինն է՝ պարտվելով մրցակցությունն Օգնեն Չանչարևիչին։ Ազգային հավաքականից հրավեր ստանալու համար 22-ամյա դարպասապահը պիտի ջանք ու եռանդ չխնայի և դառնա չեմպիոնի 1-ին համարը։

IMG 6897 - «Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Արթուր Քարտաշյան

Կենտրոնական պաշտպան, 21 տարեկան, ակումբը՝ «Փյունիկ»

Քարտաշյանը վաղուց է «հիմնավորվել» երիտասարդական հավաքականում՝ սկսած դեռ 2015թ․-ից։ Այդ ընթացքում հայտավորվել է ազգային ընտրանու պաշտոնական 4 հանդիպման, բայց ոչ մի անգամ չի հայտնվել խաղադաշտում։ Արթուրի գլխավոր առավելությունն առաջին փոխանցում կատարելու ունակությունն է, ինչի շնորհիվ կամ կարճ, կամ երկար փոխանցումով սկիզբ է դնում թիմի գրոհներին։ Միշտ պայքարում է մինչև վերջ, ուժեղ է 1-ը 1-ի դեմ պայքարում։

Փոխարենը, Արթուրը պետք է զարգացնի իր որակները դիրքն ընտրելու հարցում, ինչը շատ կարևոր է կենտրոնական պաշտպանի համար։ Լինում են դրվագներ, երբ կորցնում է կենտրոնացվածությունը կամ անհարկի խախտումներ թույլ տալիս։ Մշտապես տեղ ունենալով «Փյունիկի» մեկնարկային կազմում՝ այս մրցաշրջանում առայժմ պարտվում է մրցակցությունը երևանյան թիմի լեգեոներներին։ Քարտաշյանը քրտնաջան աշխատանքի դեպքում կվերադարձնի իր տեղը հիմնական կազմում և, ըստ այդմ, շանս կստանա հավաքականում, որի վերջին հավաքի մի մասին մասնակցել է։

IMG 6899 - «Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Ժիրայր Մարգարյան

Ձախ-աջ պաշտպան-կիսապաշտպան, 21 տարեկան, ակումբը՝ «Շիրակ»

«Բանանցի» սան Մարգարյանն այս մրցաշրջանում լիովին ամրապնդվել է «Շիրակում» և Վարդան Բիչախչյանի ձեռքի տակ եղած ամենաբազմաֆունկցիոնալ ֆուտբոլիստն է։ Հաստիքային դիրքը ձախ պաշտպանի գոտին է, բայց հանդես է գալիս նաև կիսապաշտպանությունում։ Ընդ որում, չնայած ձախլիկ է, նույն գոտիները փակում է նաև աջ եզրում։ Լավ է միանում գրոհներին և կատարում հաշվենկատ փոխանցումներ, միշտ նվիրվում է հանդիպումներին 100%-ով։

Այդուհանդերձ, միանգամից մի քանի դիրքերում ելույթ ունենալն ունի իր նաև բացասական կողմը, քանի որ Ժիրայրը դեռ չի հասցնում լիովին բացվել, օրինակ, ձախ պաշտպանի դիրքում, Բիչախչյանը նրան հաջորդ խաղում օգտագործում է որպես աջ կիսապաշտպան։ Հարկավոր է նաև նվազագույնի հասցնել գնդակի կորուստները պարզ իրավիճակներում։ Բարելավել ֆիզիկական պատրաստվածությունը՝ մենապայքարներում մրցակիցներին չզիջելու համար։

IMG 9482 - «Թարմ արյուն» ունեցող 10 ֆուտբոլիստ, ովքեր կարող են շանս ստանալ Հայաստանի ազգային հավաքականում

Հայաստանի հավաքականի վերջին նորությունները

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:

1 2 3

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա