Logo

«Հանուն ինձ եղբայրս ավարտեց կարիերան». Դարվին Նունյեսի կյանքի ոգեշնչող պատմությունը

Հեղինակ
Ռոբերտ Գասպարյան
19:08 / 20.06.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

«Լիվերպուլը» 75 մլն եվրոյով (+25 մլն եվրո բոնուսներ) ձեռք է բերել «Բենֆիկայի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը։ 22-ամյա ուրուգվայցին ծանր մանկություն է ունեցել. ապրել է աղքատության մեջ, իսկ 16 տարեկանում խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Չնայած այս ամենին՝ Նունյեսը կարողացել է 40 հազար բնակչություն ունեցող ուրուգվայական բնակավայրից հասնել եվրոպական ֆուտբոլի էլիտա։ 

VNews-ը ներկայացնում է Դարվին Նունյեսի կյանքի ու կարիերայի պատմությունը։ 

Դարվինի ծնողներն ապրել են Էլ-Պիրատայում։ Մայրը՝ Սիլվիա Ռիբեյրոն, աշխատել է որպես մաքրուհի, իսկ հայրը՝ Բիբիանո Նունյեսը, շինարար է եղել։

«Ես չեմ մոռանում, թե որտեղից եմ եկել՝ համեստ, աշխատասեր ընտանիքից: Երբեմն հայրիկը կոշիկ չուներ, բայց փորձում էր ինձ համար խաղակոշիկներ գնել, որպեսզի ես կարողանայի ֆուտբոլ խաղալ։ Նա ստիպված էր 8-9 ժամ աշխատել շինհրապարակում, որպեսզի մեզ սնունդ գներ։ Իսկ մայրս դուրս էր գալիս փողոց, շշեր հավաքում ու վաճառում, որպեսզի ուտելու ինչ-որ բան գներ ինձ ու եղբորս համար»,- պատմել է Դարվինն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ զրույցում։ 

Նա մեծացել է 40 000 բնակչություն ունեցող ուրուգվայական Արտիգաս շրջանում, որը գտնվում է Ուրուգվայի և Բրազիլիայի սահմանին: Այնտեղ պարբերաբար ջրհեղեղներ են տեղի ունենում․ հորդառատ անձրևներից հետո Կուարայ գետի ջուրը բարձրանում է։ Նունյեսների ընտանիքն ապրել է հենց գետի ափին։ Հաճախակի ջրհեղեղների պատճառով այնտեղ բնակարանները բավական էժան են եղել։ 

Չնայած ցավալի հիշողություններին՝ Նունյեսը մեծ ջերմությամբ է խոսում ինչպես Արտիգասի, այնպես էլ մանկության օրերի մասին։

«Ես միշտ ասում էի՝ երբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնամ ու տան փող ունենամ, կգնեմ այն ծնողներիս համար։ «Ալմերիա» տեղափոխվելուց հետո ես արեցի դա․ Արտիգասում վեց հեկտար հող գնեցի և տուն նվիրեցի նրանց։

Արտիգասը միշտ կմնա իմ սրտում։ Մոլորակի վրա շատ գեղեցիկ վայրեր կան, որոնք կցանկանայի այցելել, բայց ես նախընտրում եմ ժամանակ անցկացնել ընկերներիս և ընտանիքիս հետ Արտիգասում, քանի որ այն շատ հիշողություններ է արթնացնում: Մենք խոսում ենք մանկության մասին, և այն ինձ դրական էներգիա է հաղորդում։ Հոգու խորքում ես դեռ նույն երեխան եմ: Ես չեմ փոխվել ու չեմ փոխվելու։ Ես դեռ նույն Դարվինն եմ, ինչպես մանկության տարիներին՝ խոնարհ և իրատես ինքս իմ հանդեպ»:

Հանուն Դարվինի եղբայրն ավարտել իր կարիերան․ նրանցից մեկը պետք է սկսեր աշխատել

2013 թվականին Ուրուգվայի հավաքականի նախկին խաղացող Խոսե Պերդոմոն ավելի քան 700 կմ ճանապարհ էր հաղթահարել՝ ժամանելով Արտիգաս։ Նա «Պենյարոլի» ակադեմիայի համար տաղանդավոր պատանիներ էր փնտրում: 

Բոլորը գիտեին, որ Խոսեն խորհուրդ է տալիս ձեռք բերել որևէ ֆուտբոլիստի, երբ դիտում է նրա մասնակցությամբ նվազագույնը 4-5 խաղ, բայց Դարվինի հետ ամեն ինչ այլ էր. բավական է եղել ընդամենը մեկ հանդիպումը: Երբ խաղն ավարտվել է, Խոսեն որոշել է խոսել Դարվինի մայրիկի հետ, որն սկզբում դեմ էր, որ Նունյեսը հեռանա. «Պերդոմո՛, դու ինձնից արդեն վերցրել ես իմ ավագ որդուն, ես չեմ հրաժարվի Դարվինից»,- ասել է Սիլվիա Ռիբեյրոն:

Ջունիորը՝ Դարվինի ավագ եղբայրը, արդեն խաղում էր «Պենյարոլի» ակադեմիայում։ Սիլվիան չի ցանկացել բաց թողնել իր երկրորդ որդուն, բայց մի քանի ամիս անց Դարվինը տեղափոխվել է Մոնտեվիդեո։

Տղան հայտնվել է «Պենյարոլի» բազայի մի փոքրիկ տանը, որտեղ ապրում էին երեխաներ տարբեր քաղաքներից: Գրեթե ամբողջ ժամանակ Դարվինը եղել է եղբոր՝ Ջունիորի կողքին, որը 2015 թվականի սեպտեմբերին նույնիսկ մարզվել է առաջին թիմի հետ։ Բայց Դարվինի ադապտացիան դժվար է անցել։

«Ես վախենում էի, որովհետև կյանքում երբեք չէի եղել քաղաքում։ Ես այնքան վատ էի զգում, որ չէի ուզում այնտեղ մնալ»,- հիշել է Նունյեսը El Observador-ի հետ զրույցում:

«Պենյարոլում» նկատել են Դարվինի վիճակը, հետևաբար նրան թույլ են տվել վերադառնալ Արտիգաս՝ պայմանով, որ մեկ տարի հետո նա պետք է վերադառնա: Նրան համբերատար սպասում են։ Վերադառնալուց հետո Դարվինը լրացուցիչ մոտիվացիա է ունեցել։

«Եղբայրս ստիպված եղավ դադարեցնել ֆուտբոլ խաղալը մեր ընտանիքի, կյանքի խնդիրների պատճառով, չնայած նա արդեն մարզվում էր «Պենյարոլի» առաջին թիմի հետ։ Կար մի պահ, երբ ես էի որոշել թողնել ֆուտբոլն ու վերադառնալ Արտիգաս, բայց նա ինձ ասաց. «Դու մնա, դու ապագա ունես: Միայն ես եմ հեռանում»: Նա ինձ տվեց այս հնարավորությունը և ավարտեց իր կարիերան ինձ համար։ Մեզնից մեկը պետք է աշխատեր՝ ընտանիքին օգնելու համար։ Նա արեց դա», - պատմել է Նունյեսը։ 

Խաչաձև կապանների պատռվածքը նրան շարքից դուրս է թողել մեկուկես տարով

Որպեսզի 16 տարեկան Դարվինը մտածի միայն ֆուտբոլի մասին, թիմի մարզիչ Լեոնարդո Ռամոսը «Պենյարոլի» ղեկավարության հետ օգնել է Նունյեսի ընտանիքին տեղափոխվել Մոնտեվիդեո։ 

Երբ Դարվինը մոտ է եղել առաջին թիմում նորամուտը նշելուն, խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ 2017 թվականի փետրվարին նրան վիրահատել են։ Վերականգնումը դժվար է եղել, իսկ Նունյեսը խաղադաշտ է վերադարձել միայն մեկուկես տարի անց։ 

«Ինձ համար դժվար պահ էր։ Ես ցանկանում էի ավարտել կարիերաս։ Ես պատրաստվում էի գնալ Արտիգասում աշխատանք փնտրելու. այլ ելք չկար։ Ես պետք է սկսեի աշխատել օրական ութ ժամ»,- խոստովանել է Դարվինը:

«Նրան անվանում էին «նոր Կավանի», և այս վնասվածքը մեծ հարված էր Դարվինի համար։ Նա գործնականում դադարեց հավատալ իրեն», - հիշել  է Պերդոմոն The Telegraph-ի հետ հարցազրույցում: 

Պատրիսիա Լոպեսը (նա հետագայում ստանձնել է «Պենյարոլի» կադրային քաղաքականության նախագահի պաշտոնը) համոզել է Նունյեսին չթողնել ֆուտբոլը։ Նա Դարվինի հետ է եղել բոլոր հետազատությունների և վիրահատության ժամանակ: 

«Դարվինը շատ վատ հուզական վիճակում էր։ Նա հաճախ էր մտածում կարիերան ավարտելու մասին։ Տխրում էր, քանի որ ոտքը շատ էր ցավում, և վիճակը չէր բարելավվում։ Նրան թվում էր, թե երբեք չի ապաքինվի։

Ես շատ եմ զրուցել Դարվինի հետ, կարծես ես նրա հոգեբանը լինեի, թեև երբեք այդ գործով չեմ զբաղվել։ Սիլվիան՝ նրա մայրը, դեռ երբեմն գրում է ինձ՝ խնդրելով խոսել նրա հետ»,- պատմել է Լոպեսը։

Վնասվածքից ապաքինվելուց հետո Դարվինը վերադարձել է առաջին թիմ, որի ժամանակավոր մարզիչն էր Ֆերնանդո Կուրուտչետը։ Մի օր նա Նունյեսին կանչել է իր մոտ և ասել, որ պատրաստվի նորամուտին։ 

«Ես պատրաստ չէի խաղադաշտ դուրս գալուն։ Ես նույնիսկ պատրաստ չէի նստել պահեստայինների նստարանին։ Ծունկս ցավում էր, բայց ստիպված էի սեղմել ատամներս ու խաղալ», - հետագայում պատմել է Նունյեսը: 

Նա այդ ժամանակ բժիշկներին ոչինչ չի ասել։ 

2017 թվականի նոյեմբերի 22-ին Դարվինն առաջին խաղն է անցկացրել Ուրուգվայի  առաջնությունում՝ Մոնտեվիդեոյի «Ռիվեր Փլեյթի» դեմ։ Նա խաղադաշտ է դուրս եկել 63-րդ րոպեին Մաքսի Ռոդրիգեսի փոխարեն, «Պենյարոլը» պարտվել է 1:2 հաշվով։ 

«Ես լացում էի ցավից, երբ հեռանում էի խաղադաշտից», - պատմել է Նունյեսը: 

Նա երկրորդ անգամ է վիրահատվել և խաղադաշտ վերադարձել 2018 թվականի հունիսի 7-ին՝ 22 րոպե անցկացնելով «Դեֆենսոր Սպորտինգի» դեմ։

Պատրիսիա Լոպեսը խոսել է նաև Դարվինի նուրբ հոգեբանության մասին։ «Նա էմոցիոնալ աջակցության կարիք ունի։ Նա շատ համեստ է, ինչպես նաև շատ առատաձեռն է արտիգասցիների հանդեպ: Դարվինը բոլորից շատ է հիշում, թե որտեղից է եկել: Ամեն Նոր տարի նա նվերներ է պատրաստում արտիգասցիների համար։ Նույնիսկ այս տարի նա պատվիրել է դրանք՝ լինելով Լիսաբոնում», - պատմել է Լոպեսը 2021 թվականի հունվարին։ 

Շեյխի հետ 12-ժամյա հանդիպումից հետո «Պենյարոլը» Նունյեսին վաճառել է «Ալմերիա», «Բենֆիկա» տեղափոխությունը՝ մեկ տարի անց

2019 թվականի օգոստոսի 29-ին Նունյեսը տեղափոխվել է «Ալմերիա» և գրեթե անմիջապես ծնողների համար տուն գնել Արտիգասում։

Բանակցությունները բարդ են եղել։ Դարվինը «Պենյարոլի» կազմում ընդամենը 4 գոլ էր խփել 22 խաղում, և ակումբի ղեկավարները մեկնել էին Իսպանիա՝ փորձելով վաճառել նրա տրանսֆերային իրավունքը: Իսպանացիների կողմից բանակցություններ է վարել ակումբի սեփականատեր, սաուդցի շեյխ Թուրքի Ալ-Շեյխը։ Հանդիպումը տևել է ավելի քան 12 ժամ, և «Ալմերիայի» ղեկավարներին հաջողվել է ձեռք բերել Նունյեսի տրանսֆերային իրավունքը։ Կողմերը պայմանավորվել են 8 մլն եվրոյի և վերավաճառքից 20% վերադարձի համար։  «Լիվերպուլ» տեղափոխությունից հետո համերաշխության վճարումների և տարբեր բոնուսների շնորհիվ ակումբը կստանա մոտ 16 միլիոն եվրո։ Սա «Պենյարոլի» համար ռեկորդային ցուցանիշ է։

«Երբ «Ալմերիայի» կողմից հետաքրքրություն առաջացավ, ես հանդիպեցի «Պենյարոլի» նախագահին և բացատրեցի, որ սա իմ հնարավորությունն է։ Նա հասկացավ ինձ ու բաց թողեց։ Ես ցանկանում էի վերջին հանդիպումն անցկացնել «Ռիվեր Փլեյթի» դեմ, սակայն մարզիչը դեմ էր, քանի որ ես հեռանում էի։ Ես դա հասկանում էի, բայց, այնուամենայնիվ, մարզադաշտում էի, որպեսզի աջակցեմ տղաներին։ Հետո՝ երկու-երեք օրից, հավաքեցի իրերս։ Ես շատ ուրախացա, երբ տեսա, որ մայրս ժպտում է այդ պահին։ Իսկ հետո «Ալմերիայում» ամեն ինչ լավ անցավ։ Մրցաշրջանի երկրորդ հատվածում ես խփեցի 13 գոլ, որից հետո տեղափոխվեցի «Բենֆիկա»»,- պատմել է Դարվինն ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության հետ հարցազրույցում։ 

Սկզբում «Բենֆիկայի» երկրպագուները չեն ընդունել Նունյեսին, որն ստիպված է եղել աշխատել մենթալ առողջության մարզչի հետ

Նունյեսի բոլոր տրանսֆերները ռեկորդային են եղել։ Բացառություն չէր նաև «Բենֆիկա» տեղափոխությունը։ Դարվինը դարձել էր ակումբի պատմության ամենաթանկ ձեռքբերումը՝ 24 մլն եվրո։ 

Բայց մեկնարկային 6 հանդիպումներում Նունյեսը գոլ չի խփել, հետո հեթ-տրիկ է գրանցել, մյուս խաղում՝ ևս մեկ գոլ խփել, որին նորից հաջորդել է գոլային երաշտը։ «Բենֆիկայում» առաջին մրցաշրջանի միջնամասում Դարվինն անհաջող հատված է անցկացրել, երբ 2 ամիս չի կարողացել գոլ խփել։ Երկրպագուները դժգոհ են եղել, և ֆուտբոլիստը մեծ ճնշման տակ է հայտնվել։ Քննադատություններ՝ ստադիոնում և սոցցանցերում։  Դարվինին օգնել է մենթալ առողջության մարզիչ Էվանդրո Մոտեն։ Նրա խորհրդով երիտասարդ ֆուտբոլիստը որոշ ժամանակ դադարել է օգտվել Twitter-ից և այլ հավելվածներից։

2021 թվականի ապրիլին Նունյեսը փոխարինման է մտել Պորտուգալիայի առաջնության «Պասուշ դե Ֆերեյրայի» դեմ խաղի 82-րդ րոպեին («Բենֆիկան» հաղթել է 5-0) և գոլ խփել։ Նա չի կարողացել զսպել արցունքները։ Երկրպագուների հետ կոնֆլիկտը նրան շատ ցավ էր պատճառել։

Նույնիսկ այս շրջանում անհաջողությունները հետապնդել են Դարվինին։ Նորից ծնկի վիրահատության ենթարկվելով՝ Նունյեսը շարքից դուրս է մնացել երեք ամսով։ Դրա պատճառով նա չի կարողացել Ուրուգվայի հավաքականի կազմում մասնակցել 2021 թվականի Ամերիկայի գավաթի խաղարկությանը։

Նունյեսը խաղադաշտ է վերադարձել 2021 թվականի օգոստոսի վերջին։ Արդեն այդ ժամանակ նա կարծես այլ խաղացող լիներ․ մրցաշրջանի 41 խաղում 34 գոլ է խփել և 4 գոլային փոխանցում կատարել։

2020 թվականի հունվարին Դարվինը խոստովանել էր, որ Ուրուգվայում խաղալիս այնքան էլ լավ չէր հոգում իր առողջության համար, բայց երբ տեղափոխվել է Եվրոպա, ամեն ինչ փոխվել է։

«Ես դեռ շատ բան ունեմ սովորելու. ես պետք է փորձ ձեռք բերեմ, շատ երիտասարդ եմ։ Կարծում եմ, որ աստիճանաբար սովորում եմ և՛ խաղադաշտում, և՛ դրանից դուրս: Սովորում եմ լինել պրոֆեսիոնալ, լավ հանգստանալ, ճիշտ սնվել։ Առաջ ես ձուկ ու աղցաններ չէի ուտում, քանի որ դրանք չէի սիրում։ Բայց հիմա նման մանրուքներին ուշադրություն դարձնելն օգնում է ինձ ավելի լավը լինել»,- ասել է Նունյեսը 2022 թվականի փետրվարին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա