Logo

Տիգրան Ավանեսյան. «Առաջնայինը Ռուսաստանի հավաքականն է»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 29.10.2021Հայկական ֆուտբոլ
Տիգրան Ավանեսյան. Հայաստանի երիտասարդական հավաքականից 3 անգամ հրավեր եմ ստացել բայց հրաժարվել - Տիգրան Ավանեսյան. «Առաջնայինը Ռուսաստանի հավաքականն է»

Մոսկվայի ԲԿՄԱ-ի երիտասարդական թիմի և Ռուսաստանի Մ17 հավաքականի նախկին ավագ Տիգրան Ավանեսյանն ասել է, որ 3 անգամ հրավեր է ստացել Հայաստանի երիտասարդական հավաքականից, բայց դեռևս հրաժարվում է, քանի որ իր համար առաջնային է Ռուսաստանի հավաքականը:

«Երեք անգամ հրավեր եմ ստացել, որ հանդես գամ երիտասարդական հավաքականում՝ հիմնական հավաքականին միանալու հնարավորությամբ: Ամեն անգամ խորհուրդներ եմ հարցրել, մտածել: Առայժմ հրաժարվում եմ, բայց կապի մեջ ենք:

Առաջնայինը Ռուսաստանի հավաքականն է, սկզբում՝ երիտասարդական, հետո՝ հիմնական:

Ամեն դեպքում կյանքում ամեն բան լինում է. մենք կամուրջներ չենք այրում: Հայաստանն իմ հայրենիքն է, ու ես գնահատում եմ իմ արմատները: Միգուցե ապագայում ես խաղամ Հայաստանի հավաքականում: Վերցնենք Սպերցյանին, որն ընտրել է իր պատմական հայրենիքը, բայց, օրինակ, Զախարյանն ու Տիկնիզյանը… Նորմալ է, որ ձգտում ես հանդես գալ Ռուսաստանի հավաքականում»,- ասել է Ավանեսյանը Sportbox-ի հետ զրույցում:

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻՑ ՄԵԿԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստան տեղափոխվելն ինձ համար այս պահին նպատակային չէ: Իմ պատկերացմամբ Եվրոպայում 6-7 առաջատար առաջնություններ կան, որոնցում այս պահին պատրաստ չեմ հանդես գալ, հետևաբար տեղափոխվելու իմաստ չեմ տեսնում: Ռուսաստանում պետք է ապացուցեմ, թե ինչի եմ ընդունակ: Նախ՝ պետք է խաղամ ՌՊԼ-ում, հետո միայն կարող եմ մտածել եվրոպական առաջնությունների մասին: Տղաներ կան, այդ թվում՝ իմ հասակակիցների շրջանում, որոնք վստահ են, որ այժմ էլ կարող են օգտակար լինել գերմանական կամ իտալական թիմերին, բայց իմ ինքնագնահատականն այնքան էլ բարձր չէ, հետևաբար ես վստահ եմ, որ ճիշտ եմ»:

19-ամյա Ավանեսյանի տրանսֆերային իրավունքները պատկանում են Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Ֆուտբոլիստն այժմ ելույթ է ունենում «Տեքստիլշչիկի» կազմում: Transfermarkt-ը կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքները գնահատում է 250 հազար եվրո:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա