Logo

Ամռան թոփ-10 տրանսֆերները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
16:25 / 03.09.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

Եվրոպական առաջատար ազգային առաջնություններում 2022 թվականի ամառային տրանսֆերային պատուհանին կայացան մի շարք ուշագրավ գործարքներ:

VNews-ն առանձնացրել է ամառայն տրանսֆերային պատուհանի թոփ-10 գործարքները:

10. Մատեյս դե Լիխտ, «Յուվենտուսից» «Բավարիա»

Մյունխենի «Բավարիան» հուլիսին ձեռք բերեց Թուրինի «Յուվենտուսի» նիդեռլանդցի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիխտին, որը Եվրոպայի ամենավարկանիշային, ինչպես նաև ամենաթանկարժեք պաշտպաններից է: Գերմանական ակումբը տրանսֆերի համար վճարեց բավական մեծ գումար՝ 67 միլիոն եվրո, բայց և այնպես երկար ժամանակով ամրապնդեց կենտրոնական պաշտպանության գոտին: Դե Լիխտը 23 տարեկան է, արդեն մեծ պրոֆեսիոնալ ու միաժամանակ խոստումնալից: Կողմերի միջև կնքվել է 5 տարվա պայմանագիր, որի ժամկետն ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Մատեյս դե Լիխտի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր նաև «Չելսին», սակայն լոնդոնյան ակումբը տրանսֆերային պայքարից դուրս եկավ, երբ հասկացավ, որ «Բավարիան» Դե Լիխտի համար առաջնային ընտրություն է:

Նիդեռլանդների ազգային հավաքականի ֆուտբոլիստը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 3 խաղի, խփել 1 գոլ:

9. Կազեմիրո, Մադրիդի «Ռեալից» «Մանչեսթեր Յունայթեդ»

Եթե ամռան սկզբում որևէ մեկը բարձրաձայներ Կազեմիրոյի՝ «Մանչեսթեր Յունայթեդ» հնարավոր տրանսֆերի մասին, հավանաբար նրա բերանը հեշտությամբ կփակեին՝ բերելով բազմաթիվ գործոններ, որոնցից ելնելով՝ բրազիլացին պետք է շարունակեր ելույթները Մադրիդի «Ռեալում»: 

Սակայն Կազեմիրոյի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդ» եղավ շատ արագ, կարելի է ասել՝ կայծակնային: Այնպես չէ, որ «Արքայական ակումբը» տրամադրված էր վաճառել թիմի կիապաշտպանության հենասյուներից մեկին, սակայն Կազեմիրոն վաստակել էր միանձնյա որոշելու իրավունքը, ինչից թիմը նրան չզրկեց: Նա որոշեց հեռանալ, իսկ «Ռեալը» նրան բաց թողեց՝ որպես փոխհատուցում ստանալով 70,65 միլիոն եվրո:

30-ամյա Կազեմիրոն «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կնքել է 4 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը:

Կազեմիրոն արդեն հասցրել է նորամուտը նշել մանկունիական ակումբի կազմում՝ 1 խաղի մասնակցելով Անգլիայի Պրեմիեր լիգայում:

8. Օրելյան Չուամենի, «Մոնակոյից» Մադրիդի «Ռեալ»

Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի համար Մադրիդի «Ռեալը» ստիպված եղավ պայքարի դուրս գալ ֆրանսիական ՊՍԺ-ի ու անգլիական «Լիվերպուլի» հետ:

«Արքայական ակումբի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը 22-ամյա խաղացողին ձեռք բերելու այլ տարբերակ չուներ, քան ակումբի գանձարանը «թեթևացնելը»: «Ռեալը» տրանսֆերի համար վճարեց 80 միլիոն եվրո, ևս 20 միլիոն եվրո նախատեսված է որպես հավելավճար:

Ֆուտբոլիստն Իսպանիայի գործող չեմպիոնի հետ կնքել է 6 տարվա պայմանագիր և, ըստ տեղեկությունների, շաբաթական կվաստակի շուրջ 150 հազար ֆունտ: 

Չուամենին եվրոպական գրանդ ակումբների ուշադրությունը գրավեց ոչ միայն հենակետային կիսապաշտպանի դիրքում տպավորիչ խաղով, այլև գրոհներ կազմակերպելու ինքնատիպ ունակությամբ: Որոշ վերլուծաբանների կարծիքով՝ երիտասարդ ֆրանսիացին Նգոլո Կանտեի ու Պոլ Պոգբայի խառնուրդն է:

Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Չուամենին մասնակցել է 3 խաղի, կատարել 1 գոլային փոխանցում:

7. Կալիդու Կուլիբալի, «Նապոլիից» «Չելսի»

Անտոնիո Ռյուդիգերի ու Անդրեաս Քրիստենսենի հեռանալուց հետո «Չելսին» «Նապոլիից» ձեռք բերեց Սենեգալի հավաքականի 31-ամյա կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերային իրավունքը: 

Կուլիբալիի տրանսֆերի համար լոնդոնյան ակումբը վճարեց 34 միլիոն ֆունտ, ֆուտբոլիստի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր, աշխատավարձի չափը՝ տարեկան մոտ 8,5 միլիոն ֆունտ:

Կալիդու Կուլիբալին Եվրոպայի ամենապահանջված կենտրոնական պաշտպաններից է: Նրա ծառայություններով ամռանը հետաքրքրված էին նաև «Յուվենտուսն» ու «Բարսելոնան»: «Չելսին», սակայն, ոչ մի կերպ չէր կարող ձեռքից բաց թողնել այս գործարքը. թիմից հեռացել էին կենտրոնական պաշտպանության առանցքային դերակատարներ, իսկ Տիագո Սիլվան, որն այս ամիս կդառնա 38 տարեկան, շուտով, ըստ ամենայնի, կհեռանա եվրոպական ֆուտբոլից: 

Ֆուտբոլիստը, խոսելով տրանսֆերի մասին, չի թաքցրել, որ գլխավոր գործոններից մեկը Պրեմիեր լիգայում խաղալու հնարավորությունն է: 

6. Սադիո Մանե, «Լիվերպուլից» «Բավարիա»

6 տարի անցկացնելուց, 120 գոլ խփելուց ու 6 խոշոր մրցաշարերի հաղթող դառնալուց հետո Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն «Լիվերպուլից» հեռանալու որոշում կայացրեց: 30-ամյա ֆուտբոլիստը 3 տարվա պայմանագիր կնքեց Մյունխենի «Բավարիայի» հետ: Տեղեկություն կար, թե Մանեն գոհ չէ «Լիվերպուլի» առաջարկած նոր պայմանագրի ֆինանսական մասից, ինչն էլ եղել է թիմից հեռանալու որոշման հիմնական պատճառը: 

Տրանսֆերի համար գերմանական ակումբը վճարեց 32 միլիոն եվրո: 

Ֆինանսական կողմը, իհարկե, միակը չէ, քանի որ Մանեն ի վերջո միացավ եվրոպական ուժեղագույն թիմերից մեկին, որը 10 տարի անընդմեջ հռչակվել է Գերմանիայի չեմպիոն: Ռոբերտ Լևանդովսկիի հեռանալն էլ Մանեին ավելի շատ գոլ խփելու հույս է ներշնչում:

Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում Սադիո Մանեն մասնակցել է 4 խաղի, խփել 3 գոլ:

5. Ռահիմ Ստեռլինգ, «Մանչեսթեր Սիթիից» «Չելսի»

Անգլիայի հավաքականի ձախ վինգերն ընթանում է անգլիական գրանդ ակումբներում խաղալու փորձ ձեռք բերելու ճանապարհով: 2015 թվականին «Լիվերպուլից» «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուց հետո Ստեռլինգը մանկունիական ակումբից հեռացավ 7 տարի անց՝ 2022 թվականի հուլիսին միանալով Լոնդոնի «Չելսիին»: 

«Թոշակառուներն» անգլիացու տրանսֆերի համար վճարեցին 56,2 միլիոն եվրո: 

Ռահիմ Ստեռլինգն արդեն իսկ տպավորում է իր ելույթով. Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 5 խաղի, բոլոր խաղերում եղել է մեկնարկային կազմում՝ խաղադաշտում անցկացնելով ընդհանուր խաղաժամանակի 95 տոկոսը: Ստեռլինգը խփել է 3 գոլ, կատարել 1 արդյունավետ փոխանցում:

Ռահիմ Ստեռլինգն ու «Չելսին» կնքել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը կգործի մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

4. Ռոբերտ Լևանդովսկի, «Բավարիայից» «Բարսելոնա»

Աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողներից մեկն ամռանը կայացրեց որոշում, որը շատերի համար անակնկալ էր: 2014 թվականից «Բավարիայում» ելույթ ունենալուց հետո լեհ հարձակվողը որոշեց հեռանալ մյունխենյան ակումբից՝ նոր մարտահրավեր ընդունելու համար:

Լևանդովսկին ընտրեց կատալոնական «Բարսելոնան», որի հետ կնքեց 4 տարվա պայմանագիր: 

Իսպանական ակումբը տրանսֆերի համար վճարեց 45 միլիոն եվրո՝ բավական մեծ գումար 34-ամյա ֆուտբոլիստի համար: Լևան, սակայն, ցույց է տալիս, որ երկիրն ու առաջնությունն իր համար տարբերություն չեն ստեղծում: Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Լևանդովսկին անցկացրած 3 խաղում խփել է 4 գոլ:

Լևանդովսկիի ձեռքբերումը «Բարսելոնայի» համար հեշտ չէր ֆինանսական տեսանկյունից, սակայն այն, որ նա ոչ միայն կլուծեր «9» համարի դիրքի հարցը, այլև ինքնին պատմության լավագույն կենտրոնական հարձակվողներից է, կատալոնական ակումբին ստիպեց իրականացնել գործարքը: 

3. Գաբրիել Ժեզուշ, «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ»

Բրազիլիայի հավաքականի 25-ամյա կենտրոնական հարձակվող Գաբրիել Ժեզուշը հեռացավ «Մանչեսթեր Սիթիից», որի գույները պաշտպանում էր 2017 թվականից: Հարձակվողը 5 տարվա պայմանագիր կնքեց «Արսենալի» հետ: Լոնդոնյան ակումբը տրանսֆերի համար վճարեց 52,2 միլիոն եվրո:

Գաբրիել Ժեզուշը կարծես վերածնունդ է ապրում «Արսենալում». Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 5 խաղի, խփել 3 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում: Բոլոր խաղերում բրազիլացին եղել է մեկնարկային կազմում, խաղադաշտում անցկացրել է ընդհանուր խաղաժամանակի 96 տոկոսը:

2. Դարվին Նունյես, «Բենֆիկայից» «Լիվերպուլ»

Ուրուգվայի հավաքականի հարձակվողը «Բենֆիկայում» փայլուն ելույթներից հետո հայտնվեց եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում: «Լիվերպուլը» հաղթեց տրանսֆերային պայքարում ու 22-ամյա կենտրոնական հարձակվողին ձեռք բերեց՝ պորտուգալական ակումբին վճարելով 75 միլիոն եվրո:

Մերսիսայդյան ակումբն ու Դարվին Նունյեսը կնքել են 6 տարվա պայմանագիր, որի ժամկետը կլրանա 2028 թվականի հունիսի 30-ին:

Նունյեսը Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ, կատարել  1 գոլային փոխանցում: Անգլիայի առաջնությունում նորամուտի խաղում Դարվին Նունյեսը փոխարինման է դուրս եկել 51-րդ րոպեին: Անցկացրած 39 րոպեում նա «Ֆուլհեմի» դեմ խաղում աչքի է ընկել գոլով ու գոլային փոխանցումով: 2-րդ տուրում Նունյեսը եղել է մեկնարկային կազմում: 57-րդ րոպեին ուրուգվայցին ուղիղ կարմիր քարտ է ստացել ոչ սպորտային պահվածքի (գլխով հարվածել է մրցակցի դեմքին) համար: Հաջորդող 3 խաղերը ֆուտբոլիստը բաց է թողել որակազրկման պատճառով:

1. Էրլինգ Հոլանդ, Դորտմունդի «Բորուսիայից» «Մանչեսթեր Սիթի»

Դորտմունդի «Բորուսիայից» Էրլինգ Հոլանդի տրանսֆերը «Մանչեսթեր Սիթի» լավագույնը դժվար է չանվանել: 22-ամյա նորվեգացին մանկունիական ակումբի շարքը համալրեց ամռանը, տրանսֆերի համար «Քաղաքայինները» վճարեցին պայմանագրով սահմանված հրաժարագինը՝ 60 միլիոն եվրո: Այդ պահի դրությամբ Հոլանդի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում էր 150 միլիոն եվրո:

Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մեկնարկային կազմում է եղել բոլոր 5 խաղերում, որոնցում խփել է 9 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում: Հոլանդը մեկ խաղում միջինը կատարում է 2 արդյունավետ գործողություն (գոլ կամ գոլային փոխանցում): Ընդ որում՝ Հոլանդն արդյունավետ գործողությամբ աչքի է ընկել բոլոր 5 խաղերում:

«Մանչեսթեր Սիթին» ու Էրլինգ Հոլանդը կնքել են 5 տարվա պայմանագիր, որի ժամկետը գործում է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը:

Թող մեզ ներեն բոլոր այն  տղերքը...

Ներկայացված անվանացուցակը, իհարկե, որոշակիորեն սուբյեկտիվ է, քանի որ եղան մի շարք տրանսֆերներ, որոնցից մի քանիսը կարելի էր ներառել թոփ-10-ում: 

Ներկայացնում ենք այլ թոփ տրանսֆերներ, որոնք դուրս են մնացել լավագույն տասնյակից:

  • Անտոնի, «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 95 միլիոն եվրո
  • Ալեքսանդր Իսակ, «Ռեալ Սոսյեդադից» «Նյուքասլ», 70 միլիոն եվրո
  • Ռոմելու Լուկակու, «Չելսիից» «Ինտեր», վարձավճար
  • Ուեսլի Ֆոֆանա, «Լեսթերից» «Չելսի», 80,4 միլիոն եվրո
  • Պոլ Պոգբա, «Մանչեսթեր Յունայթեդից» «Յուվենտուս», ազատ գործակալ
  • Հենրիխ Մխիթարյան, «Ռոմայից» «Ինտեր», ազատ գործակալ
  • Ռիշարլիսոն, «Էվերթոնից» «Տոտենհեմ», 58 միլիոն եվրո
  • Ռաֆինյա, «Լիդսից» «Բարսելոնա», 58 միլիոն եվրո
  • Ֆաբիան Ռուիս, «Նապոլիից» ՊՍԺ, 23 միլիոն եվրո
  • Մարկ Կուկուրելյա, «Բրայթոնից» «Չելսի», 65,3 միլիոն եվրո
  • Լիսանդրո Մարտինես, «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ», 57,37 միլիոն եվրո
  • Ժյուլ Կունդե, «Սևիլիայից» «Բարսելոնա», 50 միլիոն եվրո
  • Ֆեդերիկո Կիեզա, «Ֆիորենտինայից» «Յուվենտուս», հիմնական սկզբունքով, 40 միլիոն եվրո
  • Կալվին Ֆիլիպս, «Լիդսից» «Մանչեսթեր Սիթի», 49 միլիոն եվրո
  • Քրիստիան Ռոմերո, «Ատալանտայից» «Տոտենհեմ», 50 միլիոն եվրո
  • Կառլոս Սոլեր, «Վալենսիայից» ՊՍԺ, 18 միլիոն եվրո
  • Ֆրանկ Կեսիե, «Միլանից» «Բարսելոնա», ազատ գործակալ
  • Լուկաս Պակետա, «Լիոնից» «Վեսթ Հեմ», 42,95 միլիոն եվրո
  • Ռենատու Սանշեշ, «Լիլից» ՊՍԺ, 15 միլիոն եվրո
  • Նիկո Շլոտերբեկ, «Ֆրայբուրգից» Դորտմունդի «Բորուսիա», 20 միլիոն եվրո
  • Անդրեաս Քրիստենսեն, «Չելսիից» «Բարսելոնա», ազատ գործակալ
  • Նիկլաս Զյուլե, «Բավարիայից» Դորտմունդի «Բորուսիա», ազատ գործակալ
  • Պաուլո Դիբալա, «Յուվենտուսից» «Ռոմա», ազատ գործակալ
  • Ռայան Գրավենբերխ, «Այաքսից» «Բավարիա», 18,5 միլիոն եվրո
  • Տիմո Վերներ, «Չելսիից» «Լայպցիգ», 20 միլիոն եվրո
  • Կարիմ Ադեյեմի, «Զալցբուրգից» Դորտմունդի «Բորուսիա», 30 միլիոն եվրո
  • Սեբաստյեն Ալե, «Այաքսից» Դորտմունդի «Բորուսիա», 31 միլիոն եվրո
  • Ալեքսանդր Զինչենկո, «Մանչեսթեր Սիթիից» «Արսենալ», 35 միլիոն եվրո
  • Անտոնիո Ռյուդիգեր, «Չելսիից» «Ռեալ», ազատ գործակալ
  • Վիտինյա, «Պորտուից» ՊՍԺ, 41,5 միլիոն եվրո
  • Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ, «Բարսելոնայից» «Չելսի», 12 միլիոն եվրո
  • Ջորջինյո Վեյնալդում, ՊՍԺ-ից «Ռոմա», վարձավճար
  • Սերժինյո Դեստ, «Բարսելոնայից» «Միլան», վարձավճար
  • Արթուր Մելո, «Յուվենտուսից» «Լիվերպուլ», վարձավճար
  • Անդրեա Բելոտի, «Տորինոյից» «Ռոմա», ազատ գործակալ
  • Նուսաիր Մազրաուի, «Այաքսից» «Բավարիա», ազատ գործակալ
  • Քրիստիան Էրիկսեն, «Բրենթֆորդից» «Մանչեսթեր Յունայթեդ», ազատ գործակալ
  • Մարկոս Ալոնսո, «Չելսիից» «Բարսելոնա», ազատ գործակալ
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա