Logo

«Ֆուլհեմի» վերադարձն ԱՊԼ, փարիզյան դերբի. թոփ առաջնությունների նորեկներն ընդգծվում են

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
14:06 / 25.04.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
Ֆուլհեմ

Եվրոպական ակումբային ֆուտբոլի մրցաշրջանը մոտենում է ավարտին։ Առաջիկա ամիս բոլորիս ուշադրության կենտրոնում են լինելու Չեմպիոնների լիգայի, Եվրոպա լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի վճռորոշ հանդիպումները, ուշի-ուշով ու լարվածությամբ հետևելու ենք անգլիական Պրեմիեր լիգայի և իտալական Ա Սերիայի չեմպիոնական մրցավազքի հանգուցալուծմանը։ Սակայն կարևորագույն իրադարձությունները տեղի են ունենում ոչ միայն վերնահարկում, այլև առաջատար լիգաների երկրորդ դիվիզիոններում, որտեղ թիմերը կյանքի ու մահու պայքար են տալիս՝ հաջորդ մրցաշրջանում իրենց տեղը լավագույն ակումբների շարքերում ամրագրելու համար։ «Ֆուլհեմն» արդեն պաշտոնապես վերադարձել է Անգլիայի Պրեմիեր լիգա, ու առաջարկում ենք VNews-ի հետ պարզել, թե որ թիմերն են հավակնում սխրանքի թոփ լիգաներից։

Իսպանիա

Ի տարբերություն Լա լիգայի՝ Լա լիգա 2-ում բոլոր ինտրիգները կենդանի են և ամենայն հավանականությամբ ձգվելու են մինչև վերջին՝ 42-րդ տուրը։ Այստեղ մրցաշրջանի արդյունքներով ուղիղ ուղեգիր են ստանում երկու լավագույն թիմերը, իսկ 3-րդից 6-րդ տեղն զբաղեցրած ակումբները միմյանց միջև խաղարկում են փլեյ-օֆֆի ուղեգիրը։ 

Լա լիգա 2-ում(նախկինում՝ Սեգունդա) հիմա առաջատարն «Էյբարն» է, որը 20-րդ տեղով ավարտեց բարձրագույն դիվիզիոնում նախորդ մրցաշրջանը ու նահանջեց երկրորդ դիվիզիոն ուժեղագույնների մրցավազքում 7 անընդմեջ մրցաշրջան տեղը պահպանելուց հետո։ Երկրորդ տեղում Ռոնալդոյի «Ռեալ Վալյադոլիդն» է, 3-րդ տեղում՝ «Ալմերիան», որը մեկ հանդիպում պակաս է անցկացրել ու Խիխոնի «Սպորտինգին» հաղթելու պարագայում կվերադառնա 2-րդ տեղ։ Ի դեպ, այս ակումբը բարձրագույն դիվիզիոնում վերջին անգամ հայտնվել է 2014/15 մրցաշրջանում, ընդ որում՝ 15 տարի առաջ այս թիմին Պրիմերա է առաջնորդել Ունայ Էմերին։ Իսպանացի մարզիչը, այդ ժամանակներից ի վեր, մարզել է թոփ ակումբներ, 4 անգամ հաղթել Եվրոպա լիգայում ու այս օրերին քաջագործություններ է կատարում «Վիլյառեալի» հետ Չեմպիոնների լիգայում(եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է Կլոպի «Լիվերպուլի» հետ)։

Իսպանիա

Այդ տեսանկյունից որոշիչ կարող է դառնալ 39-րդ տուրում «Էյբարի» ու «Վալյադոլիդի» հանդիպումը։ Ընդհանուր առմամբ, առաջնության 5 եզրափակիչ խաղերում «Ալմերիայի» մրցակիցներն այնքան էլ սարսափելի ու վտանգավոր չեն, որքան նրա անմիջական մրցակիցներինը։ Ի դեպ, «ռոխիբլակոսները» լավագույն գոլային տարբերություն ունեցող թիմն են այս մրցաշրջանում (+ 25):

«Տեներիֆեի», «Ժիրոնայի», «Օվյեդոյի», «Պոնֆերադինայի» ու «Լաս Պալմասի» երազանքներն այս պահին նույնպես շնչում են։ Պետք է այս թիմերից առանձնացնել մրցաշրջանի վատագույն մեկնարկներից մեկը գրանցած «Օվյեդոյին», որը ոտք չի դրել Պրիմերայում մոտ 20 տարի։ Աստուրիայի թիմը վերջին 6 խաղում անպարտելի է ու հասցրել է տնային խաղերում անախորժություններ պատճառել «Ալմերիային» (2:0) ու «Վալյադոլիդին» (3:0)

Տեներիֆե

Իտալիա

Բ Սերիայի մրցաշարային աղյուսակում նույնպես թիմերը շատ խիտ են դասավորված, ու առաջնության ավարտից 3 տուր առաջ ամեն ինչ դեռ անորոշ է։ 

Ապենինյան թերակղզում ուժեղագույն դիվիզիոն որակավորվում են առաջին երկու տեղերում գտնվող թիմերը, իսկ փլեյ-օֆֆ համակարգն առավել բարդ է. նախնական փուլին մասնակցում են 5-8-րդ հորիզոնականների ակումբները, երկու զույգերի հաղթողները մրցում են առաջնությունը 3-րդ ու 4-րդ տեղերով ավարտած թիմերի հետ կիսաեզրափակիչում, իսկ եզրափակիչի հաղթողին բաժին է հասնում վերջին ուղեգիրը։

Հատկանշական է, որ առաջատար «Կրեմոնեզեի» (66) ու 6-րդ տեղով ընթացող «Բրեշիայի» միջև 4 միավորի տարբերություն է, այնպես որ ամեն խաղն ու գոլն այս պահից կարող են դառնալ որոշիչ։ Ֆանտաստիկ մրցաշրջան անցկացնող «Կրեմոնեզեն» կարող է վերադառնալ Ա Սերիա 26 տարվա դադարից հետո։ Նրան կրնկակոխ հետապնդում են «Լեչեն» (65) ու «Մոնցան» (64): Վերջինին երբեք բախտ չի վիճակվել ուժերը փորձել իտալական էլիտայում։

Իտալիա

Սակայն պետք է նշել, որ այս ակումբի սեփականատերը 2018-ից դարձել է Սիլվիո Բեռլուսկոնին, որին մինչև այդ՝ 30 տարի, պատկանում էր «Միլանը»։ Նրա հետ է նաև Ադրիանո Գալիանին, իսկ թիմի գլխավոր մարիզչը «Միլանի» նախկին ֆուտբոլիստ Ջիովանի Ստրոպան է։ Սակայն նրա ղեկավարած կոլեկտիվը մրցաշարային աղյուսակում լավագույն ութնյակի դեմ 10 հանդիպումներից հաղթել է միայն 3-ում։ Նրանք իրենց իսկական քննությունը կտան փլեյ-օֆֆի ուղեգրի համար պայքարող «Ֆրոզինոնեի», այնուհետև մեկ միավորով հետ մնացող «Բենևենտոյի» (63) հետ խաղում, իսկ եզրափակիչը կլինի կանաչ գոտուց մեկ միավորով այս պահին դուրս մնացած «Պերուջայի» դեմ խաղը։ 

Բենևենտո

Նախորդ տուրում «Ռեջինային» 3 միավոր նվիրելուց հետո էլ «Լեչեին»  կարևորագույն մրցավեճ է սպասվում «Պիզայի» (63) հետ, որը վերջին 5 արտագնա խաղերից հաղթել է միայն մեկում։

Գերմանիա

Հետաքրքրական է, որ դեպի Բունդեսլիգա են ճանապարհ բռնել նախորդ մրցաշրջանի արդյունքներով առաջնությունը լքած թիմերը՝ «Վերդերն» (57) ու «Շալկեն» (56)։ Ընդ որում՝ այս թիմերը վերջին երկու տուրերում հաջորդաբար միմյանց զիջել են առաջատարի դիրքը։ Նրանց թիկունքում շնչում են «Դարմշտադը» (54) ու «Սանկտ Պաուլին» (53): Բունդեսլիգա 2-ում նույնպես հաղթողներն ու պարտվողները հայտնի կդառնա 3 խաղային օրվանից հետո։ Այստեղ չեմպիոնն ու փոխչեմպիոնն ուղիղ չվերթով մեկնում են Բունդեսլիգա, իսկ 3-րդ տեղն զբաղեցրած թիմը փլեյ-օֆֆ հանդիպում է անցկացնում բարձրագույն դիվիզիոնում 16-րդ տեղում հանգրվանած ակումբի հետ։

Գերմանիա

«Շալկեի» մրցաշրջանի մեկնարկը գերմանական հզորությամբ 2-րդ լիգայում անվստահ էր, մարզչի հեռանալուց ու ակումբի լեգենդ Միխայիլ Բյուսկենսի նշանակումից հետո ակումբը 5 անընդմեջ կենսական հաղթանակներ տարավ, ու թիմը 6-րդ հորիզոնականից բարձրացավ կանաչ գոտի։ Սակայն այս ամենը կարժեզրկվի, եթե նախորդ տուրում «Վերդերից» կրած 1:4 հաշվով պարտությունից հետո ռուրյան թիմը սայթաքի նաև «Սանկտ Պաուլիի» ու «Նյուրնբերգի» դեմ հանդիպումներում։

Բրեմենյան ակումբում նույնպես ամեն ինչ փոխվեց ձմռանը՝ նոր գլխավոր մարզչի գալուստից հետո։ Օլե Վերների գլխավորությամբ թիմը 10 խաղից բաղկացած անպարտելի շարք անցկացրեց, և ուսումնասիրելով նրանց խաղացանկը՝ տպավորություն է, թե ոչինչ չի կարող խանգարել «Վերդերին»։

Ակնկալվում է, որ 3-րդ անիվը կարող է ուրվագծել 13-րդ հորիզոնականում տեղակայված «Ֆորտունա Դյուսելդորֆը», որը հաջորդաբար հանդիպելու է «Դարմշտադի» ու «Սանկտ Պաուլիի» հետ։

Ֆրանսիա

Եվ հասանք ֆրանսիական Լիգա 2, որտեղ, ի հակադրություն վերոնշյալ առաջնությունների, շատ հարցերի մեծ մասն ստացել է իր պատասխանները, ինչպես և ուժեղագույն լիգայում։ Եթե ոչ մի արտակարգ բան տեղի չունենա, «Թուլուզն»  (73) ու «Այաչոն»  (68) կապահովեն իրենց տեղը Լիգա 1-ում։ Իսկ ձևաչափն այստեղ հետևյալն է. 5-րդը մրցում է 4-րդ տեղի թիմի, այս դիմակայության հաղթողը մրցում է 3-րդ հորիզոնականի հետ, իսկ նրանցից ուժեղագույնը հանդիպում է Լիգա 1-ի 18-րդ տեղի ակումբի հետ։

Ֆրանսիա

Ամենայն հավանականությամբ, այս բարդ ուղին կբռնեն «Օսերը» (65), «Սոշոն»  (64) ու «Փարիզը» (63) , ընդ որում՝ նրանց տեղը փլեյ-օֆֆում վտանգված չէ, քանի որ 6-րդ թիմին «Փարիզը» գերազանցում է 13 միավորով, իսկ առաջնության ավարտին մնացել է 3 տուր։ Բոլոր մակարդակները հաղթահարած թիմը կխաղա էլիտար դիվիզիոնում։ Երկրպագուների համար հետաքրքրական կլինի «Փարիզին» տեսնել հզոր թիմերի շարքում, քանի որ դա սկիզբ կդնի «Պարի Սեն Ժերմենի» հետ դերբիի։ Ֆրանսիայի առաջնությունում փարիզյան վերջին դերբին տեղի է ունեցել 1989/90 մրցաշրջանում («Ռասինգ Փարիզ»-ՊՍԺ): Ի դեպ, վերջերս հայկական VBET ընկերության մեծ ընտանիքը համալրել էր հենց «Փարիզ» ակումբը։ Սա ևս մեկ շարժառիթ է ակումբին այս մրցավազքում երկրպագելու համար։

 VBET-2022

Անգլիա

Ամենահետաքրքիրը՝ վերջում։ Կարծիքներ կան՝ անգլիական Չեմպիոնշիփն իր դիտողականությամբ, մրցունակությամբ, ինտրիգներով ու ֆինանսական հնարավորություններով գերազանցում է թոփ առաջնություններից մի քանիսին։

Այստեղից էլ ամենաթարմ լուրն այն է, որ «Ֆուլհեմը» վերադառնում է անգլիական Պրեմիեր լիգա մեկ տարվա բացակայությունից հետո։ «Նորվիչն» ու «Ֆուլհեմը» կարող են մրցակցել միմյանց հետ անգլիական վերելակով վերուվար անելու հաճախականությամբ։ 2017/18 մրցաշրջանից լոնդոնյան ակումբները փոխում են Պրեմիեր լիգան Չեմպիոնշիփով տարին մեկ անգամ։

Այս անգամ «ճերմակների» ղեկին կանգնած է պորտուգալացի Մարկու Սիլվան, որը հիանալի աշխատանք է կատարել ամբողջ մրցաշրջանի ընթացքում, սակայն գլխավոր մարտահրավերը դեռևս առջևում է՝ հաղթել Չեմպիոնշիփի տիտղոսը։ Այս հարցում նրանց մրցակիցը «Բորնմութն» է, որը 9 միավորով հետ է մնում առաջատարից, բայց մեկ հանդիպում պակաս է անցկացրել։Նախորդ տուրում այս թիմերը ոչ-ոքի խաղացին ու էլ ավելի սրեցին մրցավազքը։ «Բալերը» 2-րդ տարին է, որ Պրեմիեր լիգայում չեն։ Մինչև այդ ԱՊԼ-ում նրանք 5 մրցաշրջան էին անցկացրել Էդի Հաուի գլխավորությամբ։ Վերջինը հիմա մարզում է «Նյուքասլը»։

Անգլիա

«Բորնմութից» բացի, ԱՊԼ-ի մյուս երկու ուղեգրի համար պայքարում են  «Հադերսֆիլդը» (76), «Նոթինգեմը» (73), «Լուտոնը» (72) ու «Շեֆիլդը» (69)։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ փուլում 3-րդ թիմը մրցելու է 6-րդի հետ, 4-րդը՝ 5-րդի, իսկ «Ուեմբլիում» կայանալիք եզրափակիչը որոշելու է վերջին տոմսի տիրակալին։ Պրեմիեր լիգա բարձրացած յուրաքանչյուր ակումբ ստանում է շուրջ 200 մլն դոլար պարգևավճար։
 
Մայիսի 3-ին կայանալիք «Բորնմութ» - «Նոթինգեմ Ֆորեսթ» խաղը կարող է հստակություն մտցնել։ «Ֆորեսթը» «բարձրագույն կարգի» ֆուտբոլ չի տեսել 1998/99 մրցաշրջանից, փոխարենը փայլել է գավաթային խաղերում, 3 անգամ էլ սայթաքել է փլեյ-օֆֆերում։ Կարծես նրանց վերադարձի ժամը հասունացել է։

 «Լուտոնը» ու «Հադերսֆիլդը» դժվար թե չմասնակցեն փլեյ-օֆֆին, բայց դեռևս կարող են ուղիղ ուղեգիր ձեռք բերել, եթե միայն հաղթեն եզրափակիչ 3 խաղերում, իսկ «Բորնմութն» ու «Ֆորեսթը» ձախողվեն։ 

Միլոուլ

Բացառված չէ, որ վերջնամասում քաոտիկ իրավիճակ կարող են ստեղծել նաև 6-րդից ցածր տեղերում գտնվող թիմերը, ինչպես, օրինակ, «Միլոուլը», «Միդլսբրոն», «Բլեքբերնը», «Քուինզ Պարկ Ռեյնջերսը» ու «Կովենտրին»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա