Logo

«Թեժ ակցիա, շտապե՛ք». թոփ ֆուտբոլիստներ, որոնք ամռանը կարող են դառնալ ազատ գործակալ (մաս 2)

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
23:09 / 18.03.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
թոփ ֆուտբոլիստներ 2022

2022 ամառային տրանսֆերային պատուհանը խոստանում է դառնալ աննախադեպ ու անմոռանալի: Պատճառը ֆուտբոլային նոր տենդենցներից մեկն է: Վերջին տարիներին ակումբների տրանսֆերային քաղաքականությունը, շրջանառվող ահռելի գումարները տրանսֆերային շուկայում, տրանսֆերային սագաներն ու ձախողված բանակցությունները հանգեցրին նրան, որ ֆուտբոլիստները չերկարաձգեն գործող պայմանագրերն իրենց ակումբների հետ ու դրանց ավարտին ավելի շահավետ պայմաններով տեղափոխվեն այն ակումբ, որտեղ իրենք են ցանկանում, ոչ թե այն ակումբ, որը լավագույն առաջարկն է կատարել իրենց ներկայիս թիմի ղեկավարությանը: Այս ամռանն ազատ գործակալների ցանկը երկար է ու ճոխ, ընտրությունն էլ՝ բազմազան ամեն դիրքում: Նրանցից ոմանք էլ արդեն սկսել են բանակցությունները տարբեր թիմերի հետ, մի մասն էլ նախնական պայմանագիր է ստորագրել:

Քանի որ անհնար է մտապահել բոլորին ու խոսել միանգամից բոլորի մասին, VNews-ն արդեն երկրորդ մասով կներկայացնի լավագույն ազատ գործակալներին ու նրանց կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակները:

Անդրեա Բելոտի («Տորինո»)

Դեռևս ոչինչ չի հուշում, որ Անդրեա Բելոտին կերկարաձգի պայմանագիրը «Տորինոյի» հետ: 28-ամյա ֆուտբոլիստը այս մրցաշրջանում հատեց 100 գոլի շեմն Ա Սերիայում ու գրավիչ է շատ ակումբների համար իր ֆիզիկական որակների ու արագության շնորհիվ: Նրա հետ բանակցությունների համար արդեն իսկ հերթ են կանգնել բազմաթիվ ակումբներ, որոնցից ամենալուրջ հետաքրքրությունը ցուցաբերում են ՄԼՍ-ում հանդես եկող «Տորոնտոն» ու իտալական «Միլանը»:

Կան որոշ աղբյուրներ, որոնք պնդում են, թե Եվրոպայի չեմպիոնն արդեն նախնական պայմանագիր է ստորագրել «կարմիր դևերի» հետ, սակայն իտալացի լրագրող Ռուդի Գալետին վստահ է, որ Բելոտիին խորհուրդ են տվել պայմանագրի թելերով չկապվել «Միլանի» հետ: «Տորոնտեն» նույնպես շահավետ առաջարկ է դրել սեղանին՝ ֆուտբոլիստին առաջարկելով տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ և բոնուսներ:

Նուսաիր Մազրաուի («Այաքս»)

«Այաքսի» հերթական ֆուտբոլիստը, ինչպես նաև առաջիկա տրանսֆերային պատուհանի հերթական ազատ գործակալը կարծես ընտրություն է կատարել «Բարսելոնայի» օգտին: Չնայած ֆուտբոլիստն անձամբ հերքել է լուրերը կատալոնական ակումբի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ ու ասել, որ նույնիսկ դրան մոտ էլ չէ, սակայն իսպանական մամուլը համարում է այս տրանսֆերը կայացած: Չավին ցանկանում է ամռանը ամրապնդել պաշտպանության աջ եզրը, իսկ Մազրաուին այս մրցաշրջանում տպավորում ներքին առաջնությունում ու լավ շրջան է անցկացրել նաև Չեմպիոնների լիգայում: 

Նուսաիր Մազրաուի

24-ամյա պաշտպանի համար պայքարում էր նաև Մյունխենի «Բավարիան», որը, եթե հավատանք շշուկներին, տանուլ տվեց իսպանական գրանդին արդեն 2-րդ ֆուտբոլիստին(Անդրեաս Քրիստենսենից հետո, որի մասին խոսել են նախորդ մասում): Մազրաուիի գործակալ Մինո Ռայոլայի հետ նրա տրանսֆերի համար կապ են հաստատել նաև «Միլանը», Արսենալը», Դորտմունդի «Բորուսիան» ու «Լիդսը»: Իսկ այս տարբերակները դեռևս չի կարելի բացառել, քանի դեռ ոչինչ պաշտոնական չէ:

Կորենտին Տոլիսո («Բավարիա»)

Այս ֆուտբոլիստը մեր ցանկի այն եզակի խաղացողներից է, որի հետ չի ցանկանում շարունակել համագործակցությունը հենց ակումբը: Երբ Տոլիսոն անցած ամիս նորից վնասվածք ստացավ, հեռացավ խաղադաշտից արցունքներն աչքերին՝ կարծես կանխազգալով, թե դա ինչ է նշանակում: Հենց այդ միջադեպից հետո մյունխենյան ակումբը որոշում կայացրեց չերկարաձգել պայմանագիրը տաղանդավոր կիսապաշտպանի հետ: Երբ ֆրանսիացին խաղադաշտում է, նա միշտ փայլում է իր որակյալ խաղով, սակայն վնասվածքները շարունակում են հետապնդել նրան: 2017-ին՝ «Բավարիայից» միանալուց ի վեր, Տոլիսոն ընդհանուր առմամբ բաց է թողել 87 խաղ: Մինչդեռ «Բավարիան» այս առումով հուսալի ու առողջ խաղացողի կարիք ունի:

Միգուցե այլ ակումբում Տոլիսոն կարողանա վերադառնալ իր կարիերայի լավագույն օրերին, ու նա միանշանակ կարող է տեղափոխվել Չեմպիոնների լիգայում հանդես եկող ակումբ: Նրա ծառայությունները դիտարկում են «Լիվերպուլը», Մադրիդի «Ատլետիկոն», Մադրիդի «Ռեալն» ու «Յուվենտուսը»:

Լուիս Սուարես («Ատլետիկո Մադրիդ»)

Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայից» Մադրիդի «Ատլետիկո» տեղափոխվելուց հետո վիրավորված Լուիս Սուարեսն ստիպեց զղջալ իր նախկին ակումբին բաժանման համար: Լա լիգայում իր 21 գնդակով ուրուգվայցին օգնեց մադրիդյան ակումբին դառնալ Իսպանիայի չեմպիոն: 

Լուիս Սուարես

Հիմա նմանատիպ իրավիճակում Սուարեսը հայտնվել է Դիեգո Սիմեոնեի թիմում, որտեղ կորցրել է տեղը մեկնարկային կազմում ու արդյունավետությամբ չի փայլում: «Ատլետիկոն» էլ չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել Սուարեսին: Մինչդեռ 35-ամյա հարձակվողը, ըստ Marca-ի, մեծ ցանկություն ունի հակառակն ապացուցել «հնդկացիներին»: Չնայած ֆուտբոլիստի հետ ցանկանում է վերամիավորվել Սթիվեն Ջերարդն «Ասթոն Վիլայում», «Այաքսը» նույնպես նման մտքեր ունի, բայց և այնպես Սուարեսն ուզում է մնալ Իսպանիայի առաջնությունում ու հենց այնտեղ լռեցնել իր բոլոր քննադատներին: Պրիմերայի թիմերից Սուարեսին իր ուշադրության կենտրոնում է պահում «Սևիլիան», որն իդեալական ակումբ կարող է դառնալ՝ վրեժի հասնելու համար: Բացի դրանից, Սուարեսը ցանկանում է Ուրուգվայի հավաքականում աշխարհի 2022թ. առաջնության ժամանակ լինել հիմնական հարձակվողը, իսկ դրա համար նրան պետք է ստանալ կանոնավոր խաղային ժամանակ:

Խուան Կուադրադո («Յուվենտուս»)

«Յուվենտուսը» վերջին տրանսֆերներով ձգտում է երիտասարդացնել կազմը, սակայն առաջիկայում, ամենայն հավանականությամբ, նոր պայմանագիր կկնքի 33-ամյա կոլումբիացու հետ: Մասիմիլիանո Ալեգրիի թիմում Կուադրադոն առանցքային նշանակություն ունի, ու թուրինցիները բարձր են գնահատում նրա բազմակողմանիությունը հարձակողական ու պաշտպանողական գործողություններում: Սակայն նաև անհանգստացնող է այն փաստը, որ «Յուվեն» մինչև օրս նոր պայմանագիր չի կնքել կիսապաշտպանի հետ: Fichajes-ը հայտնում է, որ թուրինցիները հետաքրքրվում են «Վուլվերհեմփթոնի» աստղ Նելսոն Սեմեդուի տրանսֆերով ու նրան դիտարկում են որպես Կուադրադոյի հետնորդ:

Սերժի Ռոբերտո («Բարսելոնա»)

«Բարսելոնայի» ու Սերժի Ռոբերտոյի միջև բանակցությունները ևս փակուղում են: Բանն այն է, որ ունիվերսալ խաղացողը ցանկանում է երկարաժամկետ պայմանագիր կնքել իր մանկության թիմի հետ, սակայն կատալոնացիներն առաջարկել են 2 տարվա պայմանագիր ու ավելի ցածր աշխատավարձ՝ մտքում պահելով նրա հաճախակի վնասվածքները: Հենց դա է պատճառը, որ Mundo Deportivo-ն պնդում է, որ 30-ամյա ֆուտբոլիստի ու ակումբի ճանապարհները կբաժանվեն հունիսին: Ինչպես արդեն նշել ենք, Չավիին պետք է հուսալի աջ պաշտպան, իսկ «Բարսելոնայի» ներկայիս կազմը բեռնաթափման կարիք ունի:

Սերժի Ռոբերտո

Ֆուտբոլիստի հետ արդեն բանակցություններ են վարել «Լոս Անջելես Գելեքսիի» ներկայացուցիչները: Նրանք պատրաստ են իսպանացուն առաջարկել նմանատիպ պայմանագիր, ինչպիսին կնքել էր Զլատան Իբրահիմովիչը 2018-ին:

Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»)

«Բարսելոնան» մտադիր է պաշտպանությունն ամրապնդել «Չելսիի» մեկ այլ ֆուտբոլիստ Սեզար Ասպիլիկուետայի միջոցով: Մի քանի շաբաթ առաջ իսպանական ու անգլիական մամուլը միաբերան հաստատում էին, որ կատալոնական ակումբն  ու իսպանացին մոտ են պայմանագրի կնքմանը: Սակայն հիմա «կապտանռնագույները» խոչընդոտի են հանդիպել: Goal-ը տեղեկացնում է, որ լոնդոնցիները ցանկանում են օգտվել Ասպիլիկուետայի պայմանագրում առկա կետից ու թարմացնել պայմանագիրը ևս մեկ տարով: «Չելսիի» նկատմամբ սահմանված արգելքը չի խանգարի իրականացնել այդ գործընթացը: Սակայն կա նաև հավանականություն, որ եթե պաշտպանն անձամբ խնդրի ակումբին բաց թողնել իրեն որպես ազատ գործակալ այս ամռանը, ապա «թոշակառուները», ունենալով ջերմ հարաբերություններ խաղացողի հետ, կարող են նաև կանաչ լույս վառել:

Անխել դի Մարիա (ՊՍԺ)

«Պարի Սեն Ժերմենը» որոշել է չակտիվացնել Անխել դի Մարիայի պայմանագրում առկա կետն ու չթարմացնել նրա պայմանագիրը 12 ամսով: Դի Մարիան կորցրել է իր տեղը փարիզյան ակումբի հիմնական կազմում, ու ՊՍԺ-ն ցանկանում է նրան փոխարինել Ուսման Դեմբելեով, որը նույնպես ազատ գործակալ է դառնալու ամռանը: Այս տեղեկությունը հայտնել է RMC Sport-ը: Ֆուտբոլիստը նույնպես ցանկանում է հեռանալ ու վերադառնալ իր նախկին ակումբ «Բենֆիկա»: Բացառված չէ նաև արգենտինացու վերադարձն անգլիական Պրեմիեր լիգա, որտեղից հետաքրքրություն են ցույց տալիս «Արսենալն» ու «Նյուքասլը»։

Ալեսիո Ռոմանյոլի («Միլան»)

Ալեսիո Ռոմանյոլի

«Միլանի» պաշտպանության առաջատարներից մեկի պայմանագիրը նույնպես սպառման եզրին է։ Ֆուտբոլիստը, որը «ռոսոներիների» մարզաշապիկով հանդես է գալիս արդեն 7-րդ մրցաշրջանում, կարող է նոր ակումբ ունենալ։ Նրա ծառայություններով հետաքրքրվում է Անտոնիո Կոնտեի «Տոտենհեմը», որը փնտրում է ձախլիկ կենտրոնական, սակայն դեռևս նշանակալի քայլերի չի անցել, մինչդեռ անգլիական Չեմպիոնշիփը ներկայացնող «Ֆուլհեմն» ամեն ինչ անելու է ֆուտբոլիստի ստորագրության համար։ Ռոմանյոլին, սակայն, չի ցանկանում հեռանալ Իտալիայից. ընդհակառակը՝ ցանկանում է վերադառնալ իր մանկության ակումբ՝ «Լացիո»։


Այս անվանացուցակում կարող էր տեղ գտնել նաև «Ինտերի» կիսապաշտպան Մարսելո Բրոզովիչը, որը վերջերս երկարաձգեց պայմանագրի ժամկետը «ներաձուրիների» հետ: 29-ամյա խորվաթը միլանյան ակումբում ելույթ կունենա մինչև 2026 թվականի ամառ: 

Բրոզովիչին իրենց թիմում ցանկանում էին տեսնել Մադրիդի «Ռեալն» ու «Պարի Սեն Ժերմենը», սակայն նա մերժեց այդ թիմերի առաջարկներն ու որոշեց շարունակել ճանապարհն իտալական գրանդի հետ:

Կարդացեք նաև՝

Անվճարից 3 ամիս պակաս. թոփ ֆուտբոլիստներ, որոնք ամռանը կարող են դառնալ ազատ գործակալ (մաս 1)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա