Գոռ Սահակյանը (67 կգ) Հայաստանի առաջին մեդալը նվաճեց Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում ընթացող ծանրամարտի աշխարհի 88-րդ առաջնությունում։
Երկամարտում հայ ծանրորդը գրանցեց 312 կգ (142+170) արդյունք ու դարձավ բրոնզե մեդալակիր։
20-ամյա Սահակյանը պոկում վարժությունում նվաճեց փոքր արծաթե մեդալ։ Թե պոկում, թե հրում վարժությունում նա հաջող կատարեց միայն երրորդ մոտեցումը։
Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճեց չինացի Չեն Լիժուն, որի երկամարտի արդյունքը 333 կգ էր։ 321 կգ արդյունքով արծաթե մեդալակիր դարձավ Ինդոնեզիայի ներկայացուցիչ Իրավան Յուլին, որը ելույթ էր ունեցել B խմբում:
Հիշեցնենք, որ այս տարի Գոռ Սահակյանը նվաճել էր Երևանում կայացած Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչումը երկամարտի 320 կգ արդյունքով։
ԱԱ-ում Հայաստանի առաջին ներկայացուցիչները պայքարը սկսել էին սեպտեմբերի 6-ին։ 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը գրավել էր 6-րդ տեղը, իսկ Իզաբելա Յայլյանը զրո էր ստացել պոկում վարժությունում։
Աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։
Հայ ծանրորդների ելույթների ժամանակացույցն ԱԱ-ում
Փարիզյան հեռանկարներ. IWF-ի ճակատագրական որոշումները հայկական ծանրամարտի համար