Logo

Լիսաբոնի «Սպորտինգը» կզրկվի եվրագավաթներին մասնակցելու իրավունքից, եթե սահմանված ժամկետում ապացույցներ չներկայացնի ՈՒԵՖԱ

Հեղինակ
Հրայր Նազարյան
18:16 / 26.01.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Lisaboni Sporting

Պորտուգալիայի չեմպիոն «Սպորտինգը» կզրկվի եվրոպական ակումբային մրցաշարերին մասնակցելու իրավունքից, եթե «Սամպդորիայի» նկատմամբ պարտքը մարելու վերաբերյալ համապատասխան ապացույցներ չներկայացնի ՈՒԵՖԱ սահմանված ժամկետում։ Նման որոշում է կայացրել ՈՒԵՖԱ-ի՝ Ակումբների ֆինանսական վերահսկողության մարմնի բողոքարկման պալատը։ Որոշումը ներկայացված է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում։

Ատյանը վճիռ է կայացրել երեք ակումբների գործով, որոնք բողոքարկել էին 2021 թվականի դեկտեմբերի 3-ին սույն կառույցի Առաջին պալատի կայացրած որոշումները: 2017-ի ամռանն «Սպորտինգն» 9,7 մլն եվրոյով ձեռք էր բերել «Սամպդորիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշին, իսկ 3 տարի անց արդեն 63 մլն եվրոյով ձևակերպել էր նրա տեղափոխությունն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։ Ֆերնանդեշի պայմանագրում ներառված կետի համաձայն՝ «Սամպդորիան» պետք է որոշակի տոկոսի եկամուտ ստանար ֆուտբոլիստի հետագա տեղափոխության գործարքից։ Տվյալ դեպքում «Սպորտինգը» 2020 թվականի ձմռանը պետք է 1,5 մլն եվրո փոխանցեր իտալական ակումբին, որը չի կատարել։ Այդ իսկ պատճառով էլ «Սամպդորիան» հայցով դիմել էր ՈՒԵՖԱ։

Դեռ անցյալ տարվա դեկտեմբերի 3-ին Ակումբների ֆինանսական վերահսկողության մարմինը պորտուգալական ակումբին պարտավորեցրել էր վճարել նշված գումարը, սակայն «Սպորտինգը» բողոքարկել էր այդ որոշումը։ Բողոքարկումը չի ընդունվել։

Բողոքարկման պալատը որոշել է.

ա. մերժել «Սպորտինգի» ներկայացրած բողոքարկումը,

բ. հաստատել ակումբի հեռացումն ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային բոլոր մրցաշարերից մեկ տարով(գործում է 2022/23, 2023/24, 2024/25 մրցաշրջանների համար), եթե «Սպորտինգը» մինչև 2022 թվականի հունվարի 31-ը չկարողանա ապացուցել, որ այս տարվա հունվարի 15-ից ոչ ուշ «Սամպդորիային» վճարել է 2021-ի նոյեմբերի 26-ի համաձայնագրով նախատեսված հասանելիք գումարը,

գ. հաստատել պորտուգալական ակումբի նկատմամբ սահմանված 250 հազար եվրոյի տուգանքը։

«Սպորտինգն» անցել է Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակիչ, որում մրցելու է անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հետ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա