Logo

Խոշոր հաշվով 5-րդ պարտությունը Կապառոսի օրոք. Ուկրաինա-Հայաստան խաղը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:37 / 12.06.2022Հայկական ֆուտբոլ
null

Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի մրցաշարի 3-րդ տուրում 0-3 խոշոր հաշվով զիջեց Ուկրաինայի ընտրանուն՝ կրելով 2-րդ անընդմեջ պարտությունը: 3 խաղից հետո նույնքան միավորով ՀՀ հավաքականը եզրափակում է B դիվիզիոնի 1-ին խմբի մրցաշարային աղյուսակը: Արդյունքներն օրինաչափ են՝ հաշվի առնելով մեր ֆուտբոլիստների ցուցադրած խաղի որակն այդ խաղերում:

Հանդիպման ամենաուշագրավ իրադարձությունները ներկայացնում ենք 10 փաստի տեսքով:

1. Հայաստանի և Ուկրաինայի հավաքականներն 9-րդ անգամ մրցավեճի բռնվեցին: Մեր ընտրանին 6-րդ պարտությունը կրեց ուկրաինացիներից, որոնց դեռ չի կարողացել հաղթել՝ ընդամենը 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Ուկրաինացիների հետ մրցախաղերում ՀՀ հավաքականը խոշոր հաշվով 2-րդ պարտությունը կրեց: Առաջինը գրանցվել էր 2001թ. սեպտեմբերի 5-ին Լվովում կայացած աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում, որում ուկրաինացիները 3 անպատասխան գնդակ էին ուղարկել Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: Այդ խաղում մեր հավաքականի մարզիչը Վարուժան Սուքիասյանն էր:

2. Հյուրընկալվելիս ՀՀ հավաքականը 4-րդ անգամ պարտվեց ուկրաինացիներին: Միակ ոչ-ոքին մրցակցի հարկի տակ գրանցվել է մրցակիցների առաջին խաղում: 1997թ. մայիսի 7-ին Կիևում կայացած խաղի 6-րդ րոպեին Անդրեյ Շևչենկոն գրավել էր Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը: 74-րդ րոպեին Արթուր Պետրոսյանը վերականգնել էր հավասարակշռությունը:

3. ՀՀ հավաքականն Ուկրաինայի ընտրանու հետ առաջին անգամ մրցեց չեզոք դաշտում: Ընդհանուր առմամբ չեզոք դաշտում մեր ընտրանին 29 խաղ է անցկացրել, որից 9-ում հաղթել է, նույնքան խաղ ավարտել է ոչ-ոքի, 11-ում պարտվել է: Մեր ֆուտբոլիստները 40 գոլ են խփել, սեփական դարպասը բաց են թողել 44 գնդակ: Մինչև ուկրաինացիների հետ հանդիպելը, ՀՀ հավաքականը չեզոք դաշտում միայն մեկ պաշտոնական խաղ էր անցկացրել՝ 2020թ. հոկտեմբերի 11-ին վրացիներին Ազգերի լիգայի մրցախաղում (2-2) հյուրընկալելով լեհական Տիխի քաղաքում:

4. Խոակին Կապառոսի գլխավորությամբ անցկացրած 23 հանդիպումներում Հայաստանի հավաքականը խոշոր հաշվով 5-րդ պարտությունը կրեց, որից 4-ը՝ պաշտոնական մրցումներում: Մինչ ուկրաինացիներին պարտվելը, մեր ընտրանին զիջել էր Գերմանիայի (0-6, 1-4), Հս. Մակեդոնիայի (0-5) և Նորվեգիայի (0-9) հավաքականներին: Խոշոր հաշվով հերթական պարտությունը 40-րդն էր ՀՀ հավաքականի անցկացրած 234 հանդիպումներում:

Խոշոր հաշվով կրած պարտությունների թվով Կապառոսին գերազանցում է միայն Խորեն Հովհաննիսյանը, որի օրոք ՀՀ հավաքականը 1996-97թթ. 6 անգամ էր զիջել մրցակիցներին: ՀՀ հավաքականը գլխավորած 20 մարզիչներից միայն 3-ին՝ Էդուարդ Մարգարովին (6 խաղ), Անդրանիկ Ադամյանին (2 խաղ) և Օսկար Լոպեսին (2 խաղ) է հաջողվել խուսափել խոշոր հաշվով պարտվելուց:

5. Հայաստանի հավաքականը մրցակիցների հարկի տակ անցկացրած խաղերում 4-րդ անընդմեջ պարտությունը կրեց (Ռումինիա՝ 0-1, Նորվեգիա՝ 0-9, Շոտլանդիա՝ 0-2, Ուկրաինա՝ 0-3): Այդ խաղերում մեր ֆուտբոլիստներին այդպես էլ չհաջողվեց գտնել մրցակիցների դարպասի բանալին՝ փոխարենը սեփական դարպասը բաց թողնելով 15 գոլ:

Մրցակիցների հարկի տակ անցկացրած վերջին 9 խաղերում ՀՀ հավաքականը հաղթանակ չի տոնել՝ կրելով 6 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի, խփելով ընդամենը 3 գոլ, սեփական դարպասը բաց թողնելով 26 գնդակ: Հյուրընկալվելիս վերջին հաղթանակը ՀՀ հավաքականը տոնել է անցյալ տարվա մարտի 25-ին Վադուցում՝ աշխարհի առաջնության ընտրական մրցախաղում նվազագույն հաշվով առավելության հասնելով Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ:

6. Հայաստանի հավաքականն առայժմ կրկնում է Ազգերի լիգայի անդրանիկ խաղարկության մեկնարկում ցույց տված արդյունքը՝ 3 խաղից հետո իր ակտիվում գրանցելով նույնքան միավոր: Հիշեցնենք, որ 2018թ. ՀՀ հավաքականը մեկնարկել էր սեփական հարկի տակ Լիխտենշտեյնի ընտրանու նկատմամբ տոնած հաղթանակով (2-1), այնուհետև հյուրընկալվելիս պարտվել էր հյուսիսմակեդոնացիներին (0-2), Երևանում էլ նվազագույն հաշվով զիջել էր Ջիբրալթարի հավաքականին:

Իսկ ահա Կապառոսի օրոք անցկացրած Ազգերի լիգայի 2-րդ խաղարկության մեկնարկային 3 հանդիպումներում մեր ընտրանին 4 միավոր էր վաստակել (Հս. Մակեդոնիա՝ 1-2, Էստոնիա՝ 2-0, Վրաստան՝ 2-2):

7. Կամո Հովհաննիսյանը ՀՀ հավաքականի կազմում հոբելյանական՝ 70-րդ խաղն անցկացրեց՝ 10-րդ անգամ ելույթ ունենալով Ազգերի լիգայի մրցաշարում: Նա հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկում շրջանցեց Արթուր Պետրոսյանին ու զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Կամոն 3-րդ անգամ կրեց հավաքականի ավագի թևկապը: Առաջին անգամ նա ավագի պարտականությունները կատարել էր անցյալ տարվա հունիսի 1-ին Խորվաթիայի հավաքականի հետ կայացած ընկերական խաղում:

8. Տիգրան Բարսեղյանն Ազգերի լիգայի խաղարկություններում 13-րդ խաղն անցկացրեց և հավասարվեց այդ ցուցանիշով հավաքականի ռեկորդակիր Վարազդատ Հարոյանին: Ազգային հավաքականում Բարսեղյանն ընդհանուր առմամբ 49 խաղ է անցկացրել, որից 35-ը՝ պաշտոնական մրցումներում:

9. Ավելի քան 3,5 տարվա ընդմիջումից հետո Էդգար Մալաքյանը կրկին կրեց ազգային հավաքականի մարզաշապիկը: Հավաքականի կազմում վերջին հանդիպումն Էդգարն անցկացրել էր 2018թ. նոյեմբերի 16-ին Ջիբրալթարի ընտրանու հետ կայացած Ազգերի լիգայի արտագնա խաղում (6-2): Ուկրաինացիների հետ հանդիպումը 21-րդն էր Մալաքյանի համար հավաքականի մարզաշապիկով, որի կազմում նորամուտը նշել էր Երևանում 2009թ. օգոստոսի 12-ին մոլդովացիների հետ կայացած ընկերական մրցավեճում (1-4):

Էդգար Բաբայանն էլ մեկամյա ընդմիջումից հետո կրկին հանդես եկավ հավաքականում՝ անցկացնելով 14-րդ խաղը: Վերջին անգամ նա հավաքականի մարզաշապիկով խաղադաշտ էր դուրս եկել անցյալ տարվա հունիսի 1-ին Խորվաթիայի հավաքականի հետ կայացած ընկերական մրցախաղում (1-1): Բաբայանը հավաքականում իր առաջին խաղն անցկացրել է 2018թ. մայիսի 29-ին Ավստրիայում Մալթայի ընտրանու հետ կայացած ընկերական մրցախաղում (1-1):

10. Ուկրաինացիների հետ խաղում Ազգերի լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին անգամ խաղադաշտ դուրս եկան Ջորդի Մոնրոյ Արարատը, Էդգար Բաբայանը, Հովհաննես Հարությունյանն ու Էդգար Մալաքյանը: 3 հանդիպումներում Խոակին Կապառոսն ասպարեզ է դուրս բերել 21 ֆուտբոլիստի: Նրանցից միայն 8-ը՝ Դավիթ Յուրչենկոն, Հրայր Մկոյանը, Կամո Հովհաննիսյանը, Արտակ Դաշյանը, Տիգրան Բարսեղյանը, Խորեն Բայրամյանը, Սարգիս Ադամյանն ու Վահան Բիչախչյանն են մասնակցել բոլոր խաղերին: Ընդ որում Դավիթ Յուրչենկոն և Հրայր Մկոյանն առանց փոխարինման են հանդես եկել:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա