Logo

Գերկարևոր հանդիպում 3-րդ տեղի համար պայքարում

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
14:51 / 18.05.2022Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
Ուրարտու-Ալաշկերտ 2022

«ՈՒՐԱՐՏՈՒ» - «ԱԼԱՇԿԵՐՏ» 

18 մայիսի,  ժ.19:00, Երևան, «Ուրարտու-1»  մարզադաշտ

36 խաղ, «Ուրարտուն» հաղթել է 9 անգամ, «Ալաշկերտը»՝ 16,  գրանցվել է 11 ոչ-ոքի, խփած և բաց թողած գոլերի հարաբերակցությունը՝  47-56

2-րդ շրջան.  08.11.2021 «Ալաշկերտ»  2-1  «Ուրարտու»

Գոլերը՝ 1-0՝ Մարկո Միլինկովիչ  29՛, 2-0՝ Դեու Դոսա Օլատունջի 45՛, 2-1՝ Օլեգ Պոլյակով 54՛:  

3-րդ շրջան. 09.03.2022  «Ուրարտու» 0-0  «Ալաշկերտ»  

4-րդ շրջան. 03.05.2022  «Ալաշկերտ»  1-1  «Ուրարտու»

Գոլերը՝ 0-1՝ Կարեն Մելքոնյան 44՛, 1-1՝ Ժոզե Էմբալու 77՛:

«Ուրարտու»՝  6-րդ տեղ (35 միավոր), «Ալաշկերտ»՝  4-րդ տեղ (45 միավոր):

Հետաքրքիր 5 փաստ՝ հանդիպմանն ընդառաջ

1. Առաջնության 4-րդ տուրից հետաձգված այս հանդիպումն անչափ կարևոր է «Ալաշկերտի» համար բրոնզե մեդալների համար մղվող պայքարում: Նախորդ տուրում 2-1 հաշվով հաղթելով իր հիմնական մրցակից «Արարատին», «Ալաշկերտը» մեկ միավորի հասցրեց տարբերությունն արարատցիներից: Այնպես որ «Ուրարտուին» հաղթելու դեպքում «Ալաշկերտը» 2 միավորով կգերազանցի «Արարատին» և հիանալի հնարավորություն կստանա Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր նվաճելու համար:

Ուրարտու-Ալաշկերտ 1

«Ալաշկերտին» վերջնագծում ավելի հեշտ մրցակիցներ են սպասում, քան «Արարատին»: Ալաշկերտցիները հաջորդաբար մրցելու են «Նորավանքի», ԲԿՄԱ-ի և «Փյունիկի» հետ, որը հավանաբար մինչ այդ արդեն նվաճած կլինի չեմպիոնի տիտղոսը: «Արարատին» հարկ կլինի մրցել ԲԿՄԱ-ի, «Փյունիկի» և «Արարատ-Արմենիայի» հետ: Ընդ որում հենց «Արարատի» հետ խաղում «Փյունիկը» հաղթանակի դեպքում կարող է ժամկետից  շուտ չեմպիոն հռչակվել: Այնպես որ «Ուրարտուի» նկատմամբ հաղթանակն «Ալաշկերտին» կարող է եվրոպական ասպարեզ դուրս բերել:

2. «Ուրարտուի» համար այս հանդիպումը վերջինն է դեռևս պահպանելու մրցանակակիր դառնալու տեսական հնարավորությունը: Դրա համար Ռոբերտ Արզումանյանի սաներին միայն հաղթանակ է անհրաժեշտ: Չպետք է մոռանալ նաև, որ 4-րդ տեղն էլ կարող է Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր պարգևել, եթե «Նորավանքն» ՈՒԵՖԱ-ից արտոնագիր չստանա:

Ճիշտ է, ավելի իրատեսական է 5-րդ տեղի համար պայքարը «Նոայի» հետ, որին «Ուրարտուն» թեև 3 միավոր է զիջում, սակայն երկու խաղ պակաս է անցկացրել, բացի այդ էլ դեռ մրցելու է Իգոր Պիկուշչակի սաների հետ: Այնպես որ «Ուրարտուն» «Ալաշկերտին» համառ դիմադրություն ցույց տալու բոլոր շարժառիթներն ունի:

Նախորդ տուրում «Ուրարտուն» ոչ-ոքի (1-1) էր ավարտել հանդիպումը «Փյունիկի» հետ՝ օգնելով «Արարատ-Արմենիային» կրճատելու միավորների տարբերությունն առաջատարից: Վերջին 3 խաղերում «Ուրարտուն» անպարտելի է՝ վաստակելով 5 միավոր:

Ուրարտու-Ալաշկերտ 2

3. Ընթացիկ առաջնությունում «Ուրարտուին» դեռ չի հաջողվել հաղթել «Ալաշկերտին»: Մրցակիցների միջև կայացած առաջնության վերջին 5 խաղերից  3-ն ավարտվել է «Ալաշկերտի» հաղթանակով, 2-ում գրանցվել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակն «Ալաշկերտի» նկատմամբ «Ուրարտուն» տոնել է  2020թ. սեպտեմբերի 13-ին կայացած խաղում (2-1): Այդ խաղում «Ուրարտուն» գլխավորում էր Ալեքսանդր Գրիգորյանը: 

4. «Ուրարտուի» լավագույն ռմբարկուն 9 գոլի հեղինակ դարձած Արթուր Միրանյանն է, որը բոլոր գոլերը խփել է առաջնության գարնանային հատվածում: «Ալաշկերտում» ամենաարդյունավետը Ժոզե Էմբալուն է, որի հաշվին 6 գոլ է գրանցված: 

5. Հանդիպմանը մասնակցելու դեպքում Գագիկ Դաղբաշյանն «Ալաշկերտի» կազմում պաշտոնական մրցումներում հոբելյանական՝ 150-րդ խաղը կանցկացնի:

Ուրարտու-Ալաշկերտ 3

Իսկ եթե երկար ընդմիջումից հետո խաղադաշտ դուրս գա վնասվածքից ապաքինված Տարոն Ոսկանյանը, ապա կնշի հայկական ակումբներում, ՀՀ ազգային և երիտասարդական հավաքականներում անցկացրած պաշտոնական մրցումներում 350-րդ խաղի հոբելյանը:

Դիմակայության  լավագույն ռմբարկուները՝

«Ուրարտու»՝  Վահագն Այվազյան՝  4 գոլ:

«Ալաշկերտ»՝  Արտակ Եդիգարյան, Միհրան Մանասյան՝  9-ական գոլ: 

Հանդիպմանը չի մասնակցի նախորդ տուրում խաղադաշտից հեռացված ալաշկերտցի Ժոզե Էմբալուն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա