2008 թվականին աշխարհը դարձավ ֆուտբոլի նորագույն պատմության 2 հանճարների գերին. Կրիշտիանու Ռոնալդուն հենց այդ տարի նվաճեց իր առաջին «Ոսկե գնդակը»։ Այդպես սկսվեց մի մրցավազք, որին կնախանձեն բիաթլոնն ու «Ֆորմուլա 1»-ը։ Լիոնել Մեսին ու Կրիշտիանու Ռոնալդուն 10 տարի շարունակ կիսում էին անհատական պատվավոր մրցանակը՝ հերթ չտալով մյուսներին։ Լինում էին տարիներ, երբ, իրոք, Կրիշն ու Լեոն դուրս էին գալիս լրիվ տիեզերական մակարդակի, ու այլ թեկնածուների անուններ տալը մի տեսակ անհարգալից էր։ Սակայն եղան նաև տարիներ, երբ կային այլ, ավելի արժանավոր թեկնածուներ։ Հիմա պետք է հասկանալ՝ ո՞ր թվականին է հանձնվել ամենաանարդար մրցանակը։
«Բավարիան» այդ մրցաշրջանում մի գլուխ ուժեղ էր բոլորից ներքին առաջնությունում (այսինքն՝ գրեթե ինչպես միշտ)։ Յուպ Հայնկեսի հետ «մյունխենյան մեքենան» բոլորին փոշիացրեց նաև Չեմպիոնների լիգայում։ Թիմի առաջատար Ֆրանկ Ռիբերին գրեթե անհասանելի մակարդակի ֆուտբոլ էր ցույց տալիս՝ նվաճելով բոլոր հնարավոր ու անհնար տիտղոսները։ Բայց քվեարկության արդյունքը զարմացրեց ամբողջ աշխարհին. «Ոսկե գնդակը» բաժին հասավ Կրիշտիանուին։
Երկարատև դադարից հետո «Լիվերպուլը» վերադարձավ չեմպիոնական Օլիմպոս, ինչի համար պետք է շնորհակալ լինել Յուրգեն Կլոպին, հարձակման եռյակին ու անգերազանցելի Վիրջիլ վան Դեյկին։ Բոլոր մասնագետների պնդմամբ՝ հենց հոլանդացի ցենտրդեֆը պետք է արժանանար անհատական ֆուտբոլի ամենաարժեքավոր մրցանակին, քանի որ 2006-ին «Ոսկե գնդակը» ստացած Ֆաբիո Կանավարոն ու 2019-ի վան Դեյկը նույն մակարդակի ֆուտբոլ էին ցույց տալիս։ Ինչպես հիշում եք, կարիերայի 6-րդ գնդակը բաժին հասավ Լեո Մեսիին։
Մեծագույն անարդարությունը շարունակվում է արդեն 3 տարի։ 2019-ին վան Դեյկին չհանձնելուց, 2020 թվականին մրցանակաբաշխությունն առհասարակ «ջրելուց» և Լևանդովսկիին մրցանակից զրկելուց հետո հերթը 2021-ինն էր. France Football-ն անտեսեց նույն Լևանդովսկիին, Բենզեմային, Ժորժինյոյին ու անհասանելի դարձրեց նույն Լեոյին։ Բայց այս անգամ կասկածները, մեղմ ասած, ավելի ուժեղ էին։
Ակումբային ելույթների տեսանկյունից կա հակասական կարծիք։ Մեսիի «վկաները» համացանցում տարածում են վիճակագրության լուսանկար, որտեղ համեմատվում են Լեոն, Լևանդովսկին ու Բենզեման։ Բոլոր տեսանկյուններից Մեսին գերազանցում էր իր մրցակիցներին, բայց արդյոք այդ ցուցանիշները բավակա՞ն էին «Ոսկե գնդակն» ստանալու համար։ Համեմատության համար նշենք, որ Լևանդովսկին, Բենզեման ու Մեսին խաղում են բացարձակ տարբեր դիրքերում ու դավանում են տարբեր խաղաոճեր։ Բնականաբար, լեհ ու ֆրանսիացի հարձակվողները չէին կարող կատարել 2000+ փոխանցումներ, ստեղծել ավելի շատ գոլային պահեր թիմակիցների համար։ Եվ դրա համար կան օբյեկտիվ պատճառներ. «Բարսելոնայում» բոլորը խաղում էին 1 ֆուտբոլիստի վրա, քանի որ ինքնուրույն գրեթե ոչինչ վճռել չէին կարող, մինչդեռ.
Մրցաշրջանի առաջին հատվածում Լեոն խաղաց «Բարսայում», որը ծայրաստիճան վատ հանդես եկավ բոլոր մրցաշարերում։ Ինքը՝ արգենտինացին, դարձավ մրցաշրջանի լավագույն ռմբարկու, բայց Լա լիգայում «կապտանռնագույնները» գրավեցին միայն երրորդ տեղը, թեպետ մինչև վերջին տուրերը «Ռեալի» ու «Ատկետիկոյի» հետ պայքարում էին ոսկու համար…
Ի՞նչ արեց Մեսին այդ թոփ մրցակիցների հետ խաղերում. 0 գոլ+ասիստ «Ռեալի» հետ 2 խաղում, նույն ցուցանիշը նաև «ացտեկների» հետ 2 դիմակայությունում: Վաղուց Մեսին նման թույլ պերֆոմանս իրեն թույլ չէր տվել նման կարևոր հանդիպումներում։ Այո՛, Արքայական գավաթում Մեսին ու «Բլաուգրանան» մրցակցությունից դուրս էին, բայց ովքե՞ր էին մրցակիցները՝ «Կորնելիա», «Ռայո Վալյեկանո», «Գրանադա», «Սևիլիա», «Ատլետիկ Բիլբաո»։ Այդ խաղերում Լեոն խփել է 3 գնդակ ու կատարել 1 գոլային փոխանցում։
Չեմպիոնների լիգայում Մեսին խփեց 4 գոլ, որոնցից 3-ը՝ 11 մետրանոցից («Պենալդու» ասողներին ջերմագին ողջույններ)։ «Բարսան» փոշիացավ մրցաշարի 1/8 եզրափակիչում՝ պարտվելով ՊՍԺ-ին։ Երկու խաղում Մեսին աչքի ընկավ, այո՛, ցնցող, բայց արժեք չունեցող գոլով։ Արդեն 4-րդ տարին անընդմեջ է՝ Մեսիին ու իր թիմին անփառունակ կերպով դուրս են շպրտում մրցաշարից։ Ընդ որում՝ ամենակարևոր հանդիպումներում Մեսին լրիվ անհետացած էր։
Ձախողված մրցաշրջանից հետո Մեսին տեղափոխվեց նոր թիմ՝ ՊՍԺ՝ դրանով իրեն ապահովագրելով տարատեսակ քննադատություններից։ Բայց մեկ է՝ չի ստացվում։ Ֆրանսիայի առաջնությունն իր կարգով անհամեմատ զիջում է Լա լիգային ու մյուս թոփերին, սակայն այստեղ Մեսին աչքի չի ընկնում արդյունավետությամբ։ Առանձին դեպքերում Մեսին դուրս է գալիս իր մակարդակի վրա, սակայն ավելի շատ մենք հետևում ենք մռայլ ելույթի, քան թոփ պերֆոմանսի։ Հետևաբար ստացվում է, որ 2021 թվականի երկրորդ հատվածը Մեսին ձախողել է, իսկ նրա հիմնական մրցակիցներն ինչպես հունվարին էին «խզարում», այնպես էլ սեպտեմբեր-հոկտեմբեր-նոյեմբերին։ Հետևաբար, ի՞նչ «Ոսկե գնդակի» մասին է խոսքը։
Միջազգային հանրության կարծիքով՝ Լեոն արժանացավ «Ոսկե գնդակին» ազգային հավաքականի հետ առաջին մեծ տիտղոսը նվաճելու շնորհիվ։ Բայց եկեք ռեալ նայենք Կոպային։ Հարավային Ամերիկայի թիմերի համար այս մրցաշարը երբեք չի համարվել թոփերի թոփ։ Քանիցս նույն Արգենտինայի հավաքականը ներկայացել է ոչ հիմնական կազմով, Բրազիլիան աշխատում է փորձառու ֆուտբոլիստի կողքին դաշտ դուրս բերել երիտասարդ ու անփորձ տղաներին։ Հիմա հարց՝ բացի Բրազիլիայից, էլ ի՞նչ մրցակից կա Լատինական Ամերիկայում, որն ունակ է «ստոպ անել» Արգենտինային։ 2015-ին և 2016-ին Չիլիից կրած պարտությունը կարելի է դիտարկել որպես ծայրաստիճան ձախողում, քանի որ զուտ կազմով Արգենտինան, մեղմ ասած, ուժեղ էր ու պարտավոր էր «տրորել» այդ մրցակցին, բայց չարեց, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում Լեոն վրիպեց 11-մետրանոցից։
Այս տարվա խաղարկությունում Մեսին վերջապես ազգային հավաքականի հետ նվաճեց բաղձալի գավաթը։ Բայց եկեք այդ մրցանակի նվաճմանը նայենք մյուս կողմից.
Կոպա Ամերիկայի կարևորությունը Մեսիի ու Արգենտինայի համար հասկանալի է, բայց բուն մրցաշարի կազմակերպիչներն այնքան անհետևողական են, որ նույնիսկ թքած ունեն՝ այն տեղի կունենա, թե ոչ։ Չի կարող մրցաշարը լինել կարևոր, եթե հավաքականները որոշում են այնտեղ ուղարկել կիսապահեստային կազմեր, եթե հրաժարվում են մասնակցել դրան կովիդային խնդիրների պատճառով։ Ամենայն հարգանքով Կոպայի հանդեպ, բայց այն Եվրո չէ, որտեղ նույն մակարդակի ուժեղ թիմերը թվարկելիս երկու ձեռքի մատները բավարար չեն լինի։
Այո՛, տիտղոսը հավաքականի հետ լուրջ նվաճում է Լեոյի համար, գեղեցիկ պատմություն, արցունքներ։ Բայց չէ՞ որ հավաքականի նվաճումը միայն Մեսիինը չէ։ Առնվազն մեկ այլ թեկնածու կա. դարպասապահ Էմիլիանո Մարտինեսն Արգենտինային պարգևեց ոչ միայն եզրափակիչ, այլև բաղձալի չեմպիոնություն։ Եվ ո՞վ է ասել, որ Մեսին ավելի արժանի է «Ոսկե գնդակին», քան Մարտինեսը։ Եվ ո՞վ է ասել, որ Մեսիի Կոպան ավելի արժեքավոր է, քան Ժորժինյոյի ԵՎՐՈ-ն ու Չեմպիոնների լիգան։
Շատերը հարցնում են՝ «ի՞նչ հիմքով են ընտրություն կատարում քվեարկողները»։ Պարզվում է՝ կան որոշակի չափորոշիչներ, որոնք դասվում են ըստ հերթականության.
Որևէ տեղ չկա նշված՝ «ֆուտբոլիստի ցուցադրած խաղը» կամ «անհատական որակները»։ Եթե կա, ուրեմն հաստատ 3 կարևոր չափորոշիչներից չէ։ Ու դա անհեթեթություն է, քանի որ անհատական մրցանակը տրվում է ֆուտբոլիստի ցուցադրած ֆուտբոլի համար։ Այդ դեպքում ի՞նչ կապ ունեն թիմային հաղթանակներն ու տիտղոսները կամ Fair Play-ը։ Մեսիի օգտին այս 3 չափորոշիչներից խոսում է միայն 3-րդ կետը, որը տարվա կտրվածքով ոչ մի կապ չունի «Ոսկե գնդակի» հետ։ Անհատական ու թիմային հաղթանակների տեսանկյունից ԵՎՐՈ-ն ու Չեմպիոնների լիգան ավելի ծանրակշիռ են, քան Իսպանիայի գավաթն ու Կոպան, իսկ եթե Fair Play-ին նայենք, Սիմոն Կյերին պետք էր «Պլատինե գնդակ» տալ Էրիկսենի հետ պատահածից հետո։
Լեո Մեսին, անխոս, ֆուտբոլի պատմության լավագույններից մեկն է, եթե ոչ լավագույնը (կարելի է անվերջ վիճել)։ Սակայն «Ոսկե գնդակ-2021» բառակապակցության մեջ չկա ոչ մի խոսք պատմության մասին։ Երկրորդ տարին անընդմեջ France Football-ը համառորեն անտեսում է մի մարդու, որը առնվազն ավելի վատը չի եղել, քան Լեոն։ Առհասարակ, կարելի է պարբերականի կոմպետենտությունը դնել կասկածի տակ, քանի որ առնվազն զարմանալի է խմբագիրների համառությունը՝ չհանձնել 2020 թվականին չեղարկված «Ոսկե գնդակը» Լևանդովսկիին, և գլխավոր խմբագրի հայտարարությունը Ռոնալդուի մոտիվացիայի մասին։
Ամենահետաքրքիր գործակիցները ֆուտբոլային իրադարձությունների համարԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո