Logo

Նենադովիչն ու Դաշյանը՝ «Կլուժի» դեմ նախկին և առաջիկա խաղերի մասին

Հեղինակ
Հրայր Նազարյան
11:17 / 01.07.2022Հայկական ֆուտբոլ
Ուրոշ Նենադովիչ-Արտակ Դաշյան

Հուլիսի 5-ին «Փյունիկը» ռումինական «Կլուժի» հետ տնային հանդիպմամբ նշելու է վերադարձը Չեմպիոնների լիգա։

Որակավորման առաջին փուլի այդ խաղից առաջ երևանյան ակումբի ֆուտբոլիստներ Ուրոշ Նենադովիչը և Արտակ Դաշյանը «Փյունիկի» մամուլի ծառայությանը պատմել են չորս տարի առաջ «Ալաշկերտի» կազմում «Կլուժի» հետ մրցելու մասին և ներկայացրել իրենց սպասելիքներն առաջիկա դիմակայությունից։

Հիշեցնենք՝ 2018 թվականին Եվրոպա լիգայի որակավորման փուլում «Ալաշկերտը» երկու խաղում 0:2 և 0:5 հաշվով պարտվել էր ռումինական ակումբին:

«Անշուշտ, վիճակահանությամբ մեզ կարող էր բաժին հասնել ավելի հարմար մրցակից, քանի որ այս փուլում «Կլուժն» ամենաուժեղ թիմերից մեկն է։ Ամեն դեպքում մեզ մնում է միայն լրջորեն նախապատրաստվել յուրաքանչյուր խաղին:

Կարծում եմ՝ հիմա ֆուտբոլում բոլորն էլ ունեն հաղթելու հնարավորություն: Առաջին հանդիպումը լինելու է մեր դաշտում, և պետք է ամեն ինչ անենք, որպեսզի լավ արդյունքի հասնենք։ «Կլուժը» բարձրակարգ թիմ է, ունի մեծ բյուջե։ Նրանք ամեն տարի ներքին առաջնությունում պայքարում են միայն չեմպիոնության համար։ Իսկ Ռումինիայի առաջնությունը շատ ուժեղ է։

Չորս տարի առաջ «Կլուժն» իսկապես շատ ուժեղ թիմ էր, իսկ մենք այդ ժամանակ եվրագավաթներում խաղալու այնքան էլ մեծ փորձ չունեինք։ Գուցե դա էր պատճառը, որ զիջեցինք այդպիսի խոշոր հաշվով։

Կարծում եմ՝ հիմա մեր թիմում շատ կան փորձառու խաղացողներ, ուստի այս տարի կարող ենք ավելի լավ արդյունք գրանցել և, ինչու չէ, հաղթել։ Դիլիջանում ուսումնամարզական հավաք ենք անցկացրել և քրտնաջան աշխատել ենք։ Մարզիչը գոհ է մեր կատարած աշխատանքից:

Լավ մարզավիճակում ենք մոտենում առաջիկա խաղին։ Կարծում եմ՝ մեր մարզչական շտաբը լավ գիտի, թե ինչպես պատրաստի մեզ այդ խաղին։ Պետք է պատրաստ լինենք առավելագույնս ներդնել մեր ուժերը։ Հուսանք, որ լավ արդյունքի կհասնենք»,- նշել է Ուրոշ Նենադովիչը։

«2018-ին «Ալաշկերտի» կազմում Ռումինիայում մասնակցել եմ «Կլուժի» հետ պատասխան խաղին և կարող եմ ասել, որ այն ժամանակ տեխնիկապես լավ պատրաստված թիմ էր։

Արդեն ուսումնասիրել ենք «Կլուժին», բայց չէի ցանկանա համեմատել այն ժամանակվա ու ներկայիս թիմերը։ Նրանց իրական ուժն ավելի լավ կերևա խաղադաշտում։ Մեր թիմը լավ է պատրաստվել։ Կարծում եմ՝ «Փյունիկը» պատրաստ է առաջիկա հանդիպումներին»,- նշել է Արտակ Դաշյանը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա