Logo

Վահագն Դավթյանի շնորհավորանքը Սպորտի միջազգային օրվա կապակցությամբ և սպասումներն այս մրցաշրջանից

Հեղինակ
Հրայր Նազարյան
20:50 / 06.04.2022Մարմնամարզություն
Բացառիկ
null

Այսօր Սպորտի միջազգային օրն է, որը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է 2013 թվականից և պաշտոնապես կոչվում է Սպորտի միջազգային օր՝ հանուն զարգացման և խաղաղության։ Այդ առիթով VNews-ի հետ զրույցում մարզաշխարհին շնորհավորել է սպորտային մարմնամարզության օղակների վրա վարժության Աշխարհի գավաթի այս տարվա խաղարկության ընդհանուր հաշվարկի հաղթող, Եվրոպական խաղերի և Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը։

«Մեր բոլոր մարզիկներին, մարզաշխարհի մարդկանց մաղթում եմ առողջություն և բազում հաղթանակներ։ Ցանկանում եմ, որ ունենանք հաղթանակներով և հաջողություններով ուրախանալու անհամար առիթներ»,- VNews-ին իր մաղթանքն է ներկայացրել Վահագն Դավթյանը։

Նա նշել է, որ այս փուլում ավելի շատ վարպետությունը կատարելագործելու և վարժությունը հղկելու խնդիր ունի։ «Հիմա մեր մարզաձևում մի փոքր մրցակցային դադար է, սակայն մարզումները շարունակվում են։ Ոգևորիչ են Աշխարհի գավաթի փուլերում մեր գրանցած լավ արդյունքները։ Հիմա պետք է շտկենք մրցումների ընթացքում նշմարված թերությունները և լավագույնս պատրաստվենք Եվրոպայի առաջնությանը։

Բոլորիս միակ նպատակն է հասնել լավ մարզավիճակի և գրանցել առավելագույնս բարձր արդյունքներ։ Ամենայն հավանականությամբ, վարժությունս էապես չեմ սրբագրի, նոր տարր չեմ ընդգրկի դրանում։ Եթե կարողանամ գեթ մի փոքր բարելավել ներկայիս ցուցանիշս, կհամարեմ, որ արդյունավետ աշխատանք եմ կատարել»,- նշեց 33-ամյա մարմնամարզիկը։

Նա հավելեց, որ մրցաշրջանն իսկապես հաջող է սկսվել, սակայն վերջնական եզրակացություն հնարավոր կլինի անել հաջորդիվ նախատեսված կարևորագույն մեկնարկներից հետո։ Դավթյանը վստահեցրեց՝ վճռական ու մարտական է տրամադրված՝ հասնելու մարզական նոր բարձունքների։

Ընթերցեք նաև՝

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա