Logo

Լուրջ համալրում բասկետբոլի Հայաստանի հավաքականում, հեռահար նպատակներ. VNews-ը զրուցել է Վահագն Հարությունյանի հետ

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:55 / 03.05.2022Հարցազրույցներ
Բացառիկ
Բասկետբոլի ազգային հավաքական

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը տպավորիչ համալրմամբ և հեռահար լուրջ նպատակով է ներկայանալու այս տարվա հունիսի 28-ից հուլիսի 3-ը Մալթայում անցկացվելիք Եվրոպայի փոքր երկրների հերթական առաջնությանը, որի հաղթող է դարձել 2016 թվականին: Մեր ընտրանու խաղացողները, ինչպես VNews-ին տեղեկացրեց մարզաձևի հանրապետական ֆեդերացիայի փոխնախագահ Վահագն Հարությունյանը, այս օրերին մարզվում են Հայաստանում և ԱՄՆ-ում՝ պատրաստվելով առաջիկա ընդհանուր ուսումնամարզական հավաքին։

Մեր երկրի գլխավոր թիմը տարվա կարևորագույն մրցմանը մասնակցելու է էապես թարմացված կազմով։ Դրանից բացի, Հայաստանի մարզական պատիվն է պատրաստվում պաշտպանել ֆրանսիական «Վիլերբանի» ամերիկացի խաղարկող Քրիս Ջոնսը։ «Շատ լուրջ և արդյունավետ բասկետբոլիստ է, որը, եթե չեմ սխալվում, երկու շաբաթ անընդմեջ ճանաչվել է Եվրոբասկետի լավագույն խաղացող։ 29-ամյա մարզիկը, կարելի է ասել, դասական խաղարկող չէ, այլ բասկետբոլիստ, որը հիմնական գործառույթին զուգահեռ նաև միավորներ է ապահովում»,- VNews-ին հայտնեց Վահագն Հարությունյանը։

Նա նշեց, որ հավաքականի խաղացողների մի մասը հիմա մարզվում է Երևանում, մյուսներն էլ պատրաստվում են ԱՄՆ-ում։ «Հայկական ակումբներում ելույթ ունեցող բասկետբոլիստները Միքայել Պողոսյանի ղեկավարությամբ շաբաթական երկու մարզում են անցկացնում մարզահամերգային համալիրում։ Հայաստանում ակումբային մրցումներն ավարտվել են, ուստի մարզավիճակը պահպանելու խնդիր կա։ Վերջերս ստուգողական հանդիպում անցկացրին «Էրեբունիի» հետ։ Մեր հավաքականի ամերիկահայ հինգ անդամներն էլ մարզվում են ԱՄՆ-ում։ Լավ հավաքական է ուրվագծվում, իսկ մնացածը ցույց կտա ժամանակը»,- ասաց մեր զրուցակիցը։

Նա հիշեցրեց, որ վերջին անգամ Հայաստանի հավաքականը մրցել է շուրջ 3 տարի առաջ և այժմ երկրպագուներին է ներկայանալու որոշակիորեն թարմացված կազմով. «Մոտ 6-7 խաղացող ընդգրկվելու է մեր ազգային առաջնությունից։ Սերնդափոխության բնական գործընթաց է տեղի ունեցել։ Նախորդ կազմից որոշ մարզիկներ տարիքի բերումով թողել են սպորտը։ Նրանց թվում է, օրինակ, իր խաղով մեր մարզասերի համակրանքը նվաճած Բրայան Դանսթոնը, որը Եվրալիգայի լավագույն պաշտպաններից էր և մեծապես նպաստեց 2016-ի մեր հաղթանակին»։

Այս պահին Հայաստանի հավաքականը, ըստ Վահագն Հարությունյանի, հիմնականում հավասարակշռված կազմ ունի, սակայն կա նաև ուժեղացման կարիք ունեցող դիրք։ «Որոշակի խնդիր ունենք կենտրոնական բարձրահասակ խաղացողի դիրքում։ Այժմ փորձում ենք լրացնել այդ բացը, որի լուծմամբ անդադար զբաղվում է հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ռեքս Կալամյանը։ Խաղային մյուս դիրքերում նման խնդիր չունենք. բավական ուժեղ տղաներ են հավաքվել թիմում։ Երևանում ամբողջական կազմով մարզումները նախատեսում ենք սկսել հունիսի սկզբից։ Կարծում եմ՝ մինչև հունիսի 15-ը հավաքականի վերջնական կազմը որոշված կլինի։ Հավաքի ընթացքում պատրաստվում ենք 4 թիմերի ներգրավմամբ միջազգային հետաքրքիր մրցաշար անցկացնել մեր քաղաքում։ Ժամկետները և մասնակիցներին կհայտարարենք ավելի ուշ»,- մանրամասնեց ՀԲՖ փոխնախագահը։

Նշվեց, որ տղամարդկանց ազգային հավաքականի համար բարձր նշաձող է սահմանվել՝ հաղթել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում։ Սպասվող մրցումը կարևորվում է նաև հավաքականի իրական ներուժը գնահատելու տեսանկյունից։ «Արդեն ունենք Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարին մասնակցելու բավական հաջող փորձ։ Հաղթել ենք բավական ուժեղ թիմերի, չենք ընկրկել ավելի ուժեղների դեմ։ Այդ հուշերը դեռ թարմ են և, իհարկե, մտածում ենք հաջորդ տարի մեկնարկող Եվրոպայի առաջնության հերթական նախընտրական փուլին մասնակցելու մասին։ Դա լուրջ ֆինանսավորում է պահանջում, որը միայն մեր ֆեդերացիայի ուժերով ապահովելն իրատեսական չէ։ Անհրաժեշտ է նաև պետական աջակցություն։ Այդ ուղղությամբ արդեն աշխատում ենք և կարծես դրական ազդակներ կան։ Կարծում եմ՝ կմասնակցենք 2023 թվականի ընտրական մրցաշարին, որից առաջ մեր թիմի հնարավորություններն ստուգելու անչափ լավ հարթակ է Եվրոպայի փոքր երկրների առաջնությունը»,- եզրափակեց Վահագն Հարությունյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա