Logo

Վահան Բիչախչյանն ամփոփել է «Պոգոնում» իր նորամուտը

Հեղինակ
Հրայր Նազարյան
10:27 / 18.01.2022ՍՊՈՐՏ
Vahan Bichakhchyan-Pogon

«Լավ խաղ էր, լավ օր։ Գոհ եմ այստեղ գոլերիս հաշիվը բացելու համար։ Հուսով եմ շուտով մեր երկրպագուներին ուրախացնել նաև առաջնության խաղերում»,- այսպես է լեհական «Պոգոնի» կազմում իր նորամուտը մեկնաբանել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը։

Շվեյցարական «Ցյուրիխի» հետ նախօրեի ստուգողական խաղում 22-ամյա գյումրեցին աչքի ընկավ փոխարինման մտնելուց 11 րոպե անց։ Նա խաղադաշտ դուրս եկավ 27-րդ րոպեին վնասվածք ստացած Սեբաստիան Կովալչիկի փոխարեն։ 38-րդ րոպեին Բիչախչյանը, սլովենացի Լուկա Զախովիչի փոխանցումից գրավելով մրցակցի դարպասը, սահմանեց հանդիպման վերջնահաշիվը՝ 1։1։

«Հետաքրքիր հանդիպում էր։ Լավ խաղացինք և կարող էինք հաղթել, բայց ոչ-ոքին էլ վատ արդյունք չէ։ Սա առաջին մարզումային խաղն էր։ Գոհ եմ «Պոգոնում» առաջին գոլս խփելու համար։ Հուսով եմ՝ շուտով աչքի կընկնեմ նաև առաջնությունում և հրճվանք կպարգևեմ մեր երկրպագուներին: Սեբաստիան Կովալչիկը վնասվածք ստացավ, և ստիպված էի արագ պատրաստվել նրան փոխարինելուն։ Սակայն դա խնդիր չէ, քանի որ մենք շատ ենք մարզվում միասին։ Ես լավ եմ ճանաչում թիմակիցներիս, մեր միջև լավ համագործակցություն է ձևավորվել։ Նրանք փորձառու են. աջակցում և օգնում են ինձ:

Նախապատրաստությունը լավ է ընթանում։ Մենք շատ ենք մարզվում, բայց մեզ դուր են գալիս նման մարզումները։ Գերազանց ակումբակիցներ ունեմ, կոլեկտիվում շատ լավ մթնոլորտ է։ Սիրով ենք աշխատում և հաճույք ենք ստանում մեր արածից։ Միասին զրուցում ենք, ուրախանում և զվարճանում: Մենք թիմ ենք։ Ես հավատում եմ հաջողությանը, տեսնում եմ, որ ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է ընթանում»,- խաղից հետո լեհական ակումբի պաշտոնական կայքին արած մեկնաբանությունում նշել է Բիչախչյանը, որը վերջերս է «Պոգոն» տեղափոխվել Սլովակիայի «Ժիլինա» ակումբից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա