Logo

Վան Նիստելռոյը նշել է իր մարզական կարիերայի ամենասխալ որոշումը

16:35 / 25.03.2023ՍՊՈՐՏ
null

Մադրիդի «Ռեալից» հեռանալը Նիդերլանդների հավաքականի նախկին հարձակվող, այժմ «ՊՍՎ Էյնդհովենի» գլխավոր մարզիչ Ռուդ վան Նիստելռոյը համարում է իր մարզական կարիերայի ամենասխալ որոշումը: 46-ամյա նիդերլանդցին նման հայտարարություն է արել The Overlap յութուբյան ալիքի եթերում՝ Գարի Նևիլի հետ զրույցի ընթացքում:

«Այդ ժամանակ ես խաղում էի Մանուել Պելեգրինիի գլխավորությամբ: Ակումբը ձեռք բերեց Կարիմ Բենզեմային, Կրիշտիանու Ռոնալդուին ու Կակային: Ինձ համար այլևս տեղ չկար, ու ես դա հասկացա: 33 տարեկան էի, սակայն ուզում էի մասնակցել աշխարհի 2010 թվականի առաջնությանը, ուստի տեղափոխվեցի «Համբուրգ»: Բայց դա հապճեպ որոշում էր ու լավը չէր նաև իմ ընտանիքի համար: Եթե հնարավորություն ունենայի, այլևս երբեք այդպիսի որոշում չէի կայացնի:

Խոսքը ոչ թե ակումբի, այլ միջավայրի մասին: Փոքր երեխաներիս Մադրիդից տեղափոխելը խելամիտ չէր»,- ասել է Վան Նիստելռոյը:

Հարցին, թե ով է իր կարիերայի լավագույն մարզիչը, նիդերլանդցին պատասխանել է. «Սըր Ալեքս Ֆերգյուսոնը լավագույն մարզիչն է, որի հետ երբևէ աշխատել եմ: Նրա գլխավորությամբ ես երկար ժամանակ խաղացի՝ 5 տարի: Նրա մարզչական ուղին, այդ 5 տարիները... Ինձ համար նա լավագույնն է»:

Ռուդ վան Նիստելռոյը ՊՍՎ-ի գլխավոր մարզիչն է 2022 թվականի հուլիսի 1-ից: Նրա գլխավորությամբ թիմը մինչև այժմ անցկացրել է 41 խաղ, տարել 26 հաղթանակ, կրել 8 պարտություն, 7 խաղ ավարտել ոչ-ոքի: Ֆուտբոլիստի կարիերայի ընթացքում նա ելույթ է ունեցել նաև նիդերլանդական «Դեն Բոշում», «Հերենվենում», ՊՍՎ-ում, անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» և իսպանական «Մալագայում»: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա