Logo

«Վանը» թիմային նոր հակառեկորդներ սահմանեց. թիմի ելույթների ամփոփումը՝ 10 փաստով

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:05 / 24.01.2022ՍՊՈՐՏ
Բացառիկ
null

VNews.am-ը շարունակում է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում թիմերի ելույթների ամփոփումը: Այսօր կանդրադառնանք «Վանին»:

1. Բարձրագույն խմբում 2-րդ մրցաշրջանն անցկացնող «Վանն»  առաջնության աշնանային հատվածն ավարտեց 7-րդ հորիզոնականում՝ 15 հանդիպումներում վաստակելով 11 միավոր (+3=2-10, 9-21), ինչը հնարավոր միավորների 24,4 տոկոսն է: «Սևանի» հետ չեղարկված 2 խաղերից առաջինում «Վանը» 2-5 խոշոր հաշվով պարտվել էր, մյուսում գրանցվել էր գոլազուրկ՝ ոչ-ոքի:

Նախորդ առաջնության նույն ժամանակահատվածի համեմատ «Վանը» 4 միավոր պակաս վաստակեց: Հիշեցնենք, որ 2020/21թթ. առաջնության մեկնարկային 15 հանդիպումներում «Վանի»  օգտին 15 միավոր էր գրանցվել (+4=3-8, 10-16), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն էր: 

2. Առաջնության աշնանային հատվածում «Վանը»  հանդես եկավ 3 մարզիչների գլխավորությամբ: Մեկնարկային 13 խաղերում (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2 հանդիպումները) թիմի գլխավոր մարզչի պարտականությունները փաստացի կատարում էր Կոնստանտին Զայցևը, որի օրոք «Վանը»  9 միավոր վաստակեց (+2=3-8, 9-19): Դա հնարավոր միավորների 23 տոկոսն էր: 

«Փյունիկի» հետ հաջորդ խաղում (0-2) թիմի գործողությունները ղեկավարում էր փաստաթղթերով «Վանի»  գլխավոր մարզիչ հանդիսացող Արթուր Ասոյանը:

Առաջնության աշնանային հատվածի վերջին 3 հանդիպումներում «Վանի»  ֆուտբոլիստների գործողությունները խաղադաշտում ղեկավարում էր Սևադա Արզումանյանը, որը թիմի գլխավոր մարզիչն էր նախորդ առաջնության մեկնարկային 13 խաղերում: Նրա գլխավորությամբ «Վանը» 3 խաղերում նույնքան միավոր վաստակեց (+1=0-2, 2-5), ինչը հնարավոր միավորների 33,3 տոկոսն է: 

3. Սեփական դաշտում անցկացրած 8 հանդիպումներում «Վանի»  օգտին 7 միավոր գրանցվեց (+2=1-5, 6-12), ինչը հնարավոր միավորների 29,1 տոկոսն է: Սեփական հարկի տակ «Վանը»  պարտվել է «Արարատին» (0-1), «Արարատ-Արմենիային» (1-2), «Նոային»  (1-2), «Ալաշկերտին»  (0-4) և «Փյունիկին» (0-2):

Հյուրընկալվելիս անցկացրած 7 հանդիպումներում «Վանն»  ընդամենը 4 միավոր վաստակեց (+1=1-5, 3-9), ինչը հնարավոր միավորների 19 տոկոսն է: Մրցակցի հարկի տակ միակ հաղթանակը «Վանը» տոնել է «Ալաշկերտի»  նկատմամբ (2-0):

4. Առաջնության աշնանային հատվածում «Վանը»  թիմային մի քանի հակառեկորդ թարմացրեց: Առաջին անգամ «Վանն» առաջնությունը սկսեց 2 անընդմեջ պարտությամբ (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված խաղը)՝ երկու խաղերում էլ գոլ բաց թողնելով:

Առաջնության ընթացքում «Վանը»  6 անընդմեջ պարտություն կրեց՝ գերազանցելով նախորդ մրցաշրջանի ցուցանիշը (4): 12 խաղ անընդմեջ (ներառյալ նաև «Սևանի» հետ չեղարկված 2-րդ խաղը) «Վանի» ֆուտբոլիստները չվայելեցին հաղթանակի բերկրանքը՝ կրելով 9 պարտություն, 3 խաղ ավարտելով ոչ-ոքի: Նախորդ առաջնությունում թիմը 6 խաղ էր ընթացել առանց հաղթանակի:

7 խաղ անընդմեջ՝  785 րոպե շարունակ «Վանի» ֆուտբոլիստներին չհաջողվեց գրավել մրցակիցների դարպասները: Դա ոչ միայն ընթացիկ առաջնության, այլև «Վանի» պատմության վատագույն արդյունքն է: Մինչ այդ նախորդ առաջնությունում «Վանի»  մոտ 488 րոպե գոլային երաշտ էր գրանցվել:

15 հանդիպումներից միայն 3-ում թիմի դարպասն անառիկ մնաց, 8 խաղում էլ «Վանի» ֆուտբոլիստները չկարողացան գրավել մրցակիցների դարպասները: 

Բացի «Սևանից», «Վանը»  խոշոր հաշվով պարտվեց նաև «Ալաշկերտին» (0-4) ու «Նոային» (0-3): «Վանի» օգտին խոշոր հաշվով հաղթանակ չգրանցվեց:

5. «Վանի» մասնակցությամբ հանդիպումներում նշանակվել է 11մ 4 հարված, որից ոչ մեկը չի իրացվել: «Վանի»  օգտին 11մ 2 հարված է նշանակվել: Անդրանիկ Ոսկանյանը չի կարողացել հաղթող դուրս գալ «Նոայի» դարպասապահ Գրիգորի Մաթևոսյանի հետ մենամարտում, իսկ Բրունո Միրանդայի հարվածը հետ է մղել «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Վալերիո Վիմերկատին:

Արման Մելիքսեթյանը հետ է մղել փյունիկցի Ուգո Ֆիրմինոյի և նորավանքցի Սերգեյ Օռլովի 11մ  հարվածները: Ճիշտ է, Ֆիրմինոն երկրորդ հարվածով հետ մղված գնդակն ուղարկել է դարպասը:

6. Առաջնության աշնանային հատվածում անցկացրած 15 հանդիպումներում «Վանն» ընդամենը 9 գոլ խփեց: «Նորավանքի» հետ միասին դա առաջնության մասնակից թիմերի մեջ ամենացածր արդյունավետությունն է: Գոլերի հեղինակներ դարձան 5 ֆուտբոլիստներ: Էմանուել Միրեկուն, Լուիզ Մենեզեսը, Զավեն Բադոյանը, Վլադիմիր Ֆիլիպովն ու Ջոսուե Գաբան բացեցին գոլերի հաշիվը «Վանի» կազմում: «Սևանի» հետ չեղարկված առաջին խաղում գոլի հեղինակ դարձած Ախմեդ Ջինդոյանն էլ առաջին գոլը խփեց «Վանում»:

Առաջնության աշնանային հատվածում բոլորից արդյունավետ գործեց թիմի նորեկ, փորձառու Զավեն Բադոյանը՝ խփելով 3 գոլ: Մեկ գնդակ էլ նա խփել է «Սևանի» հետ չեղարկված խաղում: Բադոյանը, Ֆիլիպովն ու Գաբան ընդգրկվեցին VBET ՀՊԼ-ում «Վանի» լավագույն ռմբարկուների տասնյակում, որը 8 գոլով գլխավորում է Ուիլֆրեդ Կուասի Էզան:

7. Զավեն Բադոյանը (31 տարեկան 274 օրական) դարձավ «Վանի» կազմում Բարձրագույն խմբում գոլ խփած ամենատարեց 2-րդ ֆուտբոլիստը Միհրան Մանասյանից  (31 տարեկան 318 օրական) հետո: Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվեց նաև Լուիզ Մենեզեսը (25 տարեկան 28 օրական)
Իսկ ահա Ջոսուե Գաբան դարձավ «Վանում» VBET ՀՊԼ-ում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը (19 տարեկան 332 օրական)՝ գերազանցելով Միհրան Պետրոսյանի ցուցանիշը, որն աչքի էր ընկել 21 տարեկան 46 օրականում:

Այդ ցանկում ընդգրկվեցին նաև Վլադիմիր Ֆիլիպովը (20 տարեկան 71 օրական), Էմանուել Միրեկուն (23 տարեկան 237 օրական) և Ախմեդ Ջինդոյանը (23 տարեկան 304 օրական):

8. «Վանի»  դարպասը պաշտպանեցին 2 դարպասապահներ: Արման Մելիքսեթյանն անցկացրած 11 հանդիպումներում 12 գոլ բաց թողեց (միջինը մեկ խաղում՝ 1,09 գոլ), 4 անգամ դարպասն անառիկ պահեց: 

Նիկոլայ  Ցիգանին  7 անգամ է վստահվել թիմի դարպասի պաշտպանությունը: Նա 10 անգամ գնդակը հանել է ցանցից (միջինը մեկ խաղում՝ 1,42 գոլ):

9. Նիկոլայ  Ցիգանն առաջնության աշնանային հատվածում ոչ միայն «Վանի», այլև մրցաշարի ամենատարեց ֆուտբոլիստն էր: Դեկտեմբերի 5-ին «Նոայի» հետ թիմի կազմում անցկացրած իր վերջին խաղում ռուս դարպասապահը 37 տարեկան 118 օրական էր: Նա դարձավ «Վանի»  պատմության ամենատարեց ֆուտբոլիստը՝ գերազանցելով Միհրան Մանասյանի ցուցանիշը (31 տարեկան 332 օրական): Նիկոլայ  Ցիգանը դարձավ նաև ՀՀ առաջնություններում հանդես եկած ամենատարեց այլազգի դարպասապահը՝ գերազանցելով «Միկայի» նախկին դարպասապահ Սոսո Գրիշիկաշվիլու ցուցանիշը, որը 2010թ. թիմի դարպասը պաշտպանել էր 36 տարեկան 176 օրականում:

«Վանի» ամենատարեց ֆուտբոլիստների տասնյակում ընդգրկվեցին նաև Զավեն Բադոյանն (31 տարեկան 317 օրական) ու Գագիկ Դաղբաշյանը (31 տարեկան 52 օրական):

18-ամյա իվուարցի Էմիլե Նդրի Կուկուն թիմում հանդես եկած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն էր: Կուկուն (18 տարեկան 343 օրական), Վլադիմիր Ֆիլիպովը (20 տարեկան 64 օրական), Չիդի Պասկալ Բոլուն (20 տարեկան 303 օրական) և Դմիտրի Կուզկինը (21 տարեկան 61 օրական) ընդգրկվեցին «Վանի» ամենաերիտասարդ ֆուտբոլիստների տասնյակում:

«Վանի» կազմում VBET ՀՊԼ-ում անցկացրած խաղերի քանակով (41) թիմի ռեկորդակիրն Անդրանիկ Ոսկանյանն է: Իսկ Բարձրագույն խմբում անցկացրած խաղերի ընդհանուր քանակով (287) «Վանի»  ամենափորձառու ֆուտբոլիստը Գագիկ Դաղբաշյանն է:

10. Առաջնության աշնանային հատվածի 17 հանդիպումներում (ներառյալ «Սևանի» հետ չեղարկված 2 խաղը) «Վանի» կազմում ասպարեզ դուրս եկան 24 ֆուտբոլիստներ, որոնցից 13-ը լեգեոնականներ էին: 

16 ֆուտբոլիստներ՝ Նիկոլայ  Ցիգանը, Արման Մելիքսեթյանը, Գագիկ Դաղբաշյանը, Ախմեդ  Ջինդոյանը, Լուիզ Մենեզեսը, Զավեն Բադոյանը, Ալեքսանդր Ստեպանովը, Էռնիստ Բատիրկանովը, Դմիտրի Կուզկինը, Էրիկ Ազիզյանը, Վլադիմիր Ֆիլիպովը, Բրունո Միրանդան, Չիդի Պասկալ Բոլուն, Նարեկ Մկրտչյանը, Էմիլե Նդրի Կուկուն և Միքայել Գալստյանը նորամուտը նշեցին «Վանում»:

Առաջնության հանդիպումներում «Վանի» ֆուտբոլիստները 34 անգամ զգուշացվել են, Էմանուել Միրեկուն 2 անգամ հեռացվել է խաղադաշտից, մեկական անգամ էլ կարմիր քարտ են ստացել Արգիշտի Պետրոսյանն ու Ալեքսանդր Հովհաննիսյանը:  Առավել հաճախ՝ 5 անգամ դեղին քարտի է արժանացել Վահագն Այվազյանը:

VNews.am-ը ներկայացնում է «Վանի»  ֆուտբոլիստների ցուցանիշները VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ առաջնության աշնանային հատվածում (ներառյալ նաև «Սևանի»  հետ չեղարկված 2 խաղերը):

Ֆուտբոլիստներ

Խաղ

Գոլ

Զ (Հ)

1. Վահագն Այվազյան

17

-

5

2. Վլադիմիր Ֆիլիպով

16

2

-

3. Անդրանիկ Ոսկանյան

16

-

2

4. Ալեքսանդր Ստեպանով

16

-

4

5. Լուիզ Մենեզես

15

1

2

6. Ստեֆան Աջումանի

15

-

1

7. Արգիշտի Պետրոսյան

15

-

2 (1)

8. Էմանուել Միրեկու

14

1

1 (2)

9. Դմիտրի Կուզկին

14

-

2

10. Եդեդեմ Եդեմ Էսիեն

13

-

4

11. Զավեն Բադոյան

11

4

1

12. Ջոսուե Գաբա

11

2

3

13. Արման Մելիքսեթյան

11

-12

1

14. Ախմեդ  Ջինդոյան

10

1

1

15. Գագիկ Դաղբաշյան

10

-

3

16. Էռնիստ Բատիրկանով

10

-

1

17. Նիկոլայ Ցիգան

9

- 15

-

18. Ալեքսանդր Հովհաննիսյան

9

-

- (1)

19. Չիդի Պասկալ Բոլու

8

-

-

20. Բրունո Միրանդա

7

-

1

21. Էրիկ Ազիզյան

5

-

-

22. Նարեկ Մկրտչյան

4

-

-

23. Էմիլե Նդրի Կուկու

1

-

-

24. Միքայել Գալստյան

1

-

-

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա