Logo

Վարդան Բիչախչյան. «Խաղացողների անմնացորդ նվիրման շնորհիվ պատմության մեջ 2-րդ անգամ դարձանք գավաթակիր»

Հեղինակ
Արման Աբելյան
00:00 / 24.05.2017Հայկական ֆուտբոլ
IMG 0440 - Վարդան Բիչախչյան. «Խաղացողների անմնացորդ նվիրման շնորհիվ պատմության մեջ 2-րդ անգամ դարձանք գավաթակիր»

«Շիրակի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում «Փյունիկի» նկատմամբ հաղթանակից հետո (3-0) կայացած մամուլի ասուլիսում նշել է հետևյալը.

-Նախ ուզում եմ շնորհավորել ակումբին և նրա երկրպագուներին, ամբողջ Շիրակի մարզին: Շնորհակալ եմ խաղացողներին անմնացորդ նվիրման համար, որ կարողացանք մեր պատմության մեջ 2-րդ անգամ գավաթակիր դառնալ: Կարծում եմ՝ լավ խաղացինք, դեռ առաջին կեսում լուծեցինք խնդիրները, իրացրինք ստեղծած գոլային պահերը և երկրորդ կեսում արդեն մեծ առավելություն ունեինք: Երկրորդ կեսում թիմն աչքի ընկավ բարձր կարգապահությամբ, պաշտպանությունում ցուցադրեց մեծ վստահություն, որի հաշվին հաջողվեց պահպանել առաջին կեսում ձեռք բերած առավելությունը:

«Շիրակն» իր պատմության մեջ երկու անգամ է դարձել Հայաստանի գավաթակիր, երկու դեպքում էլ՝ Ձեր գլխավորությամբ: Ինչո՞վ է այս տիտղոսը տարբերվում նախորդից:

-Նախորդն առաջինն էր մեր պատմության մեջ, մինչ այդ թիմը մի քանի անգամ դուրս էր եկել եզրափակիչ, բայց ոչ մի անգամ չէր հաղթել: Նաև իմ մարզչական կարիերայի առաջին տիտղոսն էր, որը նաև մեզ հնարավորություն տվեց մասնակցելու Եվրոպայի լիգային: Այդ առումով տարբերվում է: Բայց, սպորտում տիտղոսները երբեք շատ չեն լինում, խաղում ենք և պետք է կարողանանք պայքարել մինչև վերջ: Եթե խաղում ես եզրափակչում, ապա պետք է փորձես հաղթել:

Դուք գրեթե ամբողջ մրցաշրջանի ընթացքում նշում էիք, որ թիմը չի կարողանում իրացնել իր գոլային պահերը: Եթե հաշվի առնենք նաև առաջնության վերջին խաղը, ապա թիմը 2 խաղում 6 գոլ է խփել: Այդ խնդիրն արդեն անցյալո՞ւմ է:

-Դեռ չեմ կարող ասել: Տեսնենք՝ ինչպես կընթանան մյուս երկու հանդիպումները: Եթե ամեն խաղում կրկին երեք գոլ խփենք, ապա միգուցե այդպես մտածենք:

Սա սպասվածից հե՞շտ հաղթանակ էր: 

-Հնարավոր չէր սպասել: Մենք առաջին կեսում ընդամենը կարողացանք իրացնել մեր պահերը, առաջին գոլի դրվագում էլ մրցակցի պաշտպանն ամենապատասխանատու պահին ընկավ, և մեր հարձակվողն օգտագործեց իր պահը: Մենք հեշտ խաղի չէինք սպասում, սա հեշտ հաղթանակ չէր: Դրան նպաստեցին մեր խփած արագ գոլերը: Մինչև վերջին վայրկյանները լարված էինք:

Խոշոր հաշիվը բախտի՞ գործոն էր, թե՞ լավ խաղի: 

-Չեմ կարծում, թե բախտի գործոն էր: Լավ խաղի արդյունք էր:

«Շիրակն» այս մրցաշրջանում ոչ մի թիմի երեք գնդակի առավելությամբ չէր հաղթել: Ինչպե՞ս էիք նախապատրաստել թիմին, որ այս անգամ դա ստացվեց: 

-Հենց Ձեր ասած կերպով, որ այս տարի ոչ մի մրցակցի երեք գոլի առավելությամբ չէինք հաղթել (ծիծաղում է): Պետք է հաղթեինք:

Ինչո՞ւմն էր կայանում թիմի խաղային պլանը: 

-Խփած առաջին երկու գոլերը հենց առաջադրանքի արդյունք էին: Գիտեինք, որ «Փյունիկի» պաշտպանական գիծը բավականին բարձրից է խաղում, մենք էլ առջևում ունեինք արագավազ հարձակվողի, տղաները պետք է կարողանային օգտագործել ազատ տարածությունները: Առաջին երկու գոլերը հենց այդպես ծնվեցին:

Սա հաջողվա՞ծ է մրցաշրջան է ակումբի համար՝ հաշվի առնելով, որ չեք դառնում Հայաստանի չեմպիոն, բայց հաղթեցիք գավաթի խաղարկությունում: 

-Գնահատում եմ լավ, քանի որ առաջնության աշնանային հատվածում կարողացանք առաջատարի դերը ստանձնել, մրցակցից առաջ էինք 4 միավորով, բայց գարնանային հատվածը 4 անընդմեջ պարտությամբ սկսեցինք: Ամեն դեպքում, նպատակը չեմպիոն դառնալն էր, նվազագույն խնդիրը՝ Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճելը: Կարծում եմ՝ ստացված մրցաշրջան էր: Դեռ երկու խաղ ունենք և պայքարելու ենք, քանի դեռ «Ալաշկերտը» կամ «Գանձասար-Կապանը» պաշտոնապես չեմպիոն չեն հռչակվել:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա