VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկած երկու թիմերն էլ գլխավորում էին անվանի և բազմափորձ մարզիչներ, որոնք մարզչական հարուստ կարիերայի ընթացքում իրենց սաների հետ արժանացել էին հայկական ֆուտբոլի 3 գլխավոր տիտղոսներին:
Սակայն Հայաստանի գավաթի եզրափակիչում Աբրահամ Խաշմանյանի և Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմերն առաջին անգամ մրցավեճի բռնվեցին: Այդ դիմակայությունում ավելի հաջողակ գտնվեց Վարդան Բիչախչյանը, որն իր սաներին 3-րդ անգամ գավաթային բարձունքին հասցրեց:
Գավաթի մրցաշարերում Վարդան Բիչախչյանի նախորդ երկու նվաճումները գրանցվել էին «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում: Հենց Բիչախչյանն էր 2012թ. վերջապես իրականացրել գավաթը նվաճելու շիրակցիների նվիրական երազանքը, ինչը մինչ այդ 4 անգամ չէր հաջողվել թիմը մարզած նախկին մարզիչներին (Անդրանիկ Ադամյան՝ 1993, 1994, 1999թթ., Սամվել Պետրոսյան՝ 2011թ.): Այդ տարի «Շիրակը» Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր «Իմպուլսին»:
Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը
2017թ. շիրակցիները Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ դարձան կրկնակի գավաթակիրներ՝ եզրափակիչում 3 անպատասխան գնդակ խփելով «Փյունիկի» դարպասը: Իսկ մինչ այդ, 2013թ. գավաթը նվաճելու գյումրեցիների երկրորդ փորձն անհաջողության էր մատնվել: Բիչախչյանի սաները եզրափակիչում նվազագույն հաշվով զիջել էին «Փյունիկին»:
Այսպիսով, Բիչախչյանի գլխավորած թիմերի համար գավաթի 4 եզրափակիչներից 3-ը՝ հաղթական են եղել: Վարուժան Սուքիասյանից հետո Վարդան Բիչախչյանը դարձավ մեկից ավելի թիմերի գավաթակրի տիտղոսին արժանացրած երկրորդ մարզիչը: Հիշեցնենք, որ Սուքիասյանը գավաթային բարձունքի է հասցրել 3 թիմի (1992թ.՝ «Բանանց», 1998-1999թթ.՝ «Ցեմենտ», 2008թ.՝ «Արարատ»):
Բիչախչյանի գավաթային այս հաջողությունը ծանրակշիռ է նաև նրանով, որ նրա գլխավորած «Արարատը» վերջին անգամ գավաթի նվաճման բերկրանքը վայելել էր 13 տարի առաջ: Եվ հատկանշական է, որ այդ հաջողությանը թիմը հասել էր գավաթի մրցաշարերում մարզիչներից յուրօրինակ ռեկորդակիր Վարուժան Սուքիասյանի օրոք: Վերջինիս գլխավորած թիմերն առավել հաճախ՝ 6 անգամ են հանդես եկել գավաթի եզրափակիչում՝ 4 անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:
Վարդան Բիչախչյանը մարզչական կարիերայում 6-րդ տիտղոսը նվաճեց: Նրա գլխավորած թիմերը մեկ անգամ նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, դարձել են Հայաստանի եռակի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր: Հաշվի առնելով այն փաստը, որ «Արարատը» որպես Հայաստանի գավաթակիր վիճարկելու է նաև Սուպերգավաթը, իսկ առաջնությունում էլ պայքարում է չեմպիոնի կոչման համար, բացառված չէ, որ առաջիկայում Բիչախչյանի տիտղոսների թիվն աճի, ինչին լիովին արժանի է բանիմաց մասնագետը:
Ինչ վերաբերվում է Աբրահամ Խաշմանյանին, ապա գավաթի եզրափակիչ հանդիպումներում նա իր սաների գործողությունները 2-րդ անգամ էր ղեկավարում: Երկու տարի առաջ նրա գլխավորությամբ «Ալաշկերտն» առաջին անգամ գավաթակիր էր դարձել՝ եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Լոռիին»:
Ընդհանուր առմամբ ՀՀ գավաթի 30-ամյա պատմության ընթացքում 20 մարզիչների է հաջողվել գավաթակիր թիմ պատրաստել: Նրանցից 5-ն այլազգի մասնագետներ են: Գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան, իսպանացի Տիտո Ռամալյոն և մոլդովացի Իգոր Պիկուշչակը:
VNews.am-ը ներկայացնում է այն 20 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:
Մարզիչներ | Գավաթ | Ակումբներ | Մրցաշրջան |
1.Վարուժան Սուքիասյան | 4 | «Բանանց», «Ցեմենտ», «Արարատ» | 1992, 1998-1999, 2008 |
2.Վարդան Բիչախչյան | 3 | «Շիրակ», «Արարատ» | 2012, 2016/17, 2020/21 |
3.Արմեն Սարգսյան | 2 | «Արարատ» | 1993-1994 |
4.Էդուարդ Մարգարով | 2 | «Միկա» | 2000-2001 |
5.Արմեն Ադամյան | 2 | «Միկա» | 2005-2006 |
6.Վարդան Մինասյան | 2 | «Փյունիկ» | 2009-2010 |
7.Սարգիս Հովսեփյան | 2 | «Փյունիկ» | 2013/14-2014/15 |
8.Սամվել Դարբինյան | 1 | «Արարատ» | 1995 |
9.Խորեն Հովհաննիսյան | 1 | «Փյունիկ» | 1996 |
10.Արկադի Անդրեասյան | 1 | «Արարատ» | 1997 |
11.Օսկար Լոպես | 1 | «Փյունիկ» | 2002 |
12.Սուրեն Բարսեղյան | 1 | «Միկա» | 2003 |
13.Միխայ Ստոյկիցա | 1 | «Փյունիկ» | 2004 |
14.Յան Պոշտուլկա | 1 | «Բանանց» | 2007 |
15.Արմեն Շահգելդյան | 1 | «Միկա» | 2011 |
16.Ռաֆայել Նազարյան | 1 | «Փյունիկ» | 2012/13 |
17.Տիտո Ռամալյո | 1 | «Բանանց» | 2015/16 |
18.Աշոտ Բարսեղյան | 1 | «Գանձասար-Կապան» | 2017/18 |
19.Աբրահամ Խաշմանյան | 1 | «Ալաշկերտ» | 2018/19 |
20.Իգոր Պիկուշչակ | 1 | «Նոա» | 2019/20 |