Logo

Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
00:00 / 16.05.2021Հայկական ֆուտբոլ
Բացառիկ
51181349667 7bd747e514 o - Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

VBET Հայաստանի գավաթի հոբելյանական՝ 30-րդ խաղարկության եզրափակչում պատվավոր մրցանակը վիճարկած երկու թիմերն էլ գլխավորում էին անվանի և բազմափորձ մարզիչներ, որոնք մարզչական հարուստ կարիերայի ընթացքում իրենց սաների հետ արժանացել էին հայկական ֆուտբոլի 3 գլխավոր տիտղոսներին:

Սակայն Հայաստանի գավաթի եզրափակիչում Աբրահամ Խաշմանյանի և Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմերն առաջին անգամ մրցավեճի բռնվեցին: Այդ դիմակայությունում ավելի հաջողակ գտնվեց Վարդան Բիչախչյանը, որն իր սաներին 3-րդ անգամ գավաթային բարձունքին հասցրեց:

Գավաթի մրցաշարերում Վարդան Բիչախչյանի նախորդ երկու նվաճումները գրանցվել էին «Շիրակի» գլխավոր մարզչի պաշտոնում: Հենց Բիչախչյանն էր 2012թ. վերջապես իրականացրել գավաթը նվաճելու շիրակցիների նվիրական երազանքը, ինչը մինչ այդ 4 անգամ չէր հաջողվել թիմը մարզած նախկին մարզիչներին (Անդրանիկ Ադամյան՝ 1993, 1994, 1999թթ., Սամվել Պետրոսյան՝ 2011թ.): Այդ տարի «Շիրակը» Լամին Լի Յորոյի խփած միակ գոլի շնորհիվ հաղթել էր «Իմպուլսին»:

football6 e1495735528262 - Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

Դավիթ Մանոյանը կրկնեց Արթուր Յուսպաշյանի պատմական ռեկորդը

2017թ. շիրակցիները Վարդան Բիչախչյանի գլխավորությամբ դարձան կրկնակի գավաթակիրներ՝ եզրափակիչում 3 անպատասխան գնդակ խփելով «Փյունիկի» դարպասը: Իսկ մինչ այդ, 2013թ. գավաթը նվաճելու գյումրեցիների երկրորդ փորձն անհաջողության էր մատնվել: Բիչախչյանի սաները եզրափակիչում նվազագույն հաշվով զիջել էին «Փյունիկին»:

Այսպիսով, Բիչախչյանի գլխավորած թիմերի համար գավաթի 4 եզրափակիչներից 3-ը՝ հաղթական են եղել: Վարուժան Սուքիասյանից հետո Վարդան Բիչախչյանը դարձավ մեկից ավելի թիմերի գավաթակրի տիտղոսին արժանացրած երկրորդ մարզիչը: Հիշեցնենք, որ Սուքիասյանը գավաթային բարձունքի է հասցրել 3 թիմի (1992թ.՝ «Բանանց», 1998-1999թթ.՝ «Ցեմենտ», 2008թ.՝ «Արարատ»):

Բիչախչյանի գավաթային այս հաջողությունը ծանրակշիռ է նաև նրանով, որ նրա գլխավորած «Արարատը» վերջին անգամ գավաթի նվաճման բերկրանքը վայելել էր 13 տարի առաջ: Եվ հատկանշական է, որ այդ հաջողությանը թիմը հասել էր գավաթի մրցաշարերում մարզիչներից  յուրօրինակ ռեկորդակիր Վարուժան Սուքիասյանի օրոք: Վերջինիս գլխավորած թիմերն առավել հաճախ՝ 6 անգամ են հանդես եկել գավաթի եզրափակիչում՝ 4 անգամ նվաճելով պատվավոր մրցանակը:

YlO53y4AB7DoPHVaoopkGap8jq - Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

Մորի Կոնե․ «Խփածս գոլերից հետո գրկեցի Բիչախչյանին, որովհետև նա դժվարին պահերին միշտ իմ կողքին է եղել» (տեսանյութ)

Վարդան Բիչախչյանը մարզչական կարիերայում 6-րդ տիտղոսը նվաճեց: Նրա գլխավորած թիմերը մեկ անգամ նվաճել են Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, դարձել են Հայաստանի եռակի գավաթակիր ու կրկնակի սուպերգավաթակիր: Հաշվի առնելով այն փաստը, որ «Արարատը» որպես Հայաստանի գավաթակիր վիճարկելու է նաև Սուպերգավաթը, իսկ առաջնությունում էլ պայքարում է չեմպիոնի կոչման համար, բացառված չէ, որ առաջիկայում Բիչախչյանի տիտղոսների թիվն աճի, ինչին լիովին արժանի է բանիմաց մասնագետը:

Ինչ վերաբերվում է Աբրահամ Խաշմանյանին, ապա գավաթի եզրափակիչ հանդիպումներում նա իր սաների գործողությունները 2-րդ անգամ էր ղեկավարում: Երկու տարի առաջ նրա գլխավորությամբ «Ալաշկերտն» առաջին անգամ գավաթակիր էր դարձել՝ եզրափակիչում նվազագույն հաշվով պարտության մատնելով «Լոռիին»:

Ընդհանուր առմամբ ՀՀ գավաթի 30-ամյա պատմության ընթացքում 20 մարզիչների է հաջողվել գավաթակիր թիմ պատրաստել: Նրանցից 5-ն այլազգի մասնագետներ են: Գավաթի նվաճման բերկրանքն իրենց սաների հետ կիսել են արգենտինացի Օսկար Լոպեսը, ռումինացի Միխայ Ստոյկիցան, չեխ Յան Պոշտուլկան, իսպանացի Տիտո Ռամալյոն և մոլդովացի Իգոր Պիկուշչակը:

10.07.2020 NOAH Ararat Armenia VBET cup final 29 960x640 - Վարդան Բիչախչյանը՝ եռակի գավաթակիր․ ընդամենը մեկ մարզիչ է գավաթն ավելի շատ նվաճել

«Արարատից» 13 տարի պահանջվեց գավաթային բարձունքը կրկին նվաճելու համար․ VNews-ի ֆոտոշարքը VBET Հայաստանի գավաթի եզրափակիչից

VNews.am-ը ներկայացնում է այն 20 մարզիչների ցանկը, որոնց բախտ է վիճակվել իրենց սաների հետ Հայաստանի գավաթով պատվո շրջան կատարել մարզադաշտում:

Մարզիչներ Գավաթ Ակումբներ Մրցաշրջան
1.Վարուժան Սուքիասյան 4 «Բանանց», «Ցեմենտ», «Արարատ» 1992, 1998-1999, 2008
2.Վարդան Բիչախչյան 3 «Շիրակ», «Արարատ» 2012, 2016/17, 2020/21
3.Արմեն Սարգսյան 2 «Արարատ» 1993-1994
4.Էդուարդ Մարգարով 2 «Միկա» 2000-2001
5.Արմեն Ադամյան 2 «Միկա» 2005-2006
6.Վարդան Մինասյան 2 «Փյունիկ» 2009-2010
7.Սարգիս Հովսեփյան 2 «Փյունիկ» 2013/14-2014/15
8.Սամվել Դարբինյան 1 «Արարատ» 1995
9.Խորեն Հովհաննիսյան 1 «Փյունիկ» 1996
10.Արկադի Անդրեասյան 1 «Արարատ» 1997
11.Օսկար Լոպես 1 «Փյունիկ» 2002
12.Սուրեն Բարսեղյան 1 «Միկա» 2003
13.Միխայ Ստոյկիցա 1 «Փյունիկ» 2004
14.Յան Պոշտուլկա 1 «Բանանց» 2007
15.Արմեն Շահգելդյան 1 «Միկա» 2011
16.Ռաֆայել Նազարյան 1 «Փյունիկ» 2012/13
17.Տիտո Ռամալյո 1 «Բանանց» 2015/16
18.Աշոտ Բարսեղյան 1 «Գանձասար-Կապան» 2017/18
19.Աբրահամ Խաշմանյան 1 «Ալաշկերտ» 2018/19
20.Իգոր Պիկուշչակ 1 «Նոա» 2019/20

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա