Logo

ԱԱ․ Վարսենիկ Մանուչարյանը 44-րդն է

Հեղինակ
Հրայր Նազարյան
14:47 / 24.06.2022Ջրային մարզաձևեր
Վարսենիկ Մանուչարյան

Հայ լողորդներն ավարտեցին ելույթները Բուդապեշտում ընթացող ջրային մարզաձևերի աշխարհի առաջնությունում։ Հունիսի 24-ին Վարսենիկ Մանուչարյանը մասնակցեց ազատ ոճով 50 մետր լողի մրցումներին:

Ինչպես նախօրեին, Վարսենիկը լավագույն արդյունքը գրանցեց իր մրցահերթում՝ առաջինն ավարտելով ելույթը 9 մրցակցուհիների հետ պայքարում։ Նա մրցատարածությունն անցավ 27,08 վայրկյանում։ Ընդհանուր հաշվարկում Մանուչարյանը 82 մասնակիցների մեջ գրավեց 44-րդ տեղը։ Որակավորման մրցումներում հաղթած շվեդ մարզուհի Սառա Սյոստրոյմի ցուցանիշը 24,40 վայրկյան է։ 

25-մետրանոց լողավազանում անցյալ տարվա համաշխարհային ստուգատեսում Մանուչարյանն այս մրցաձևում ցույց էր տվել 26,59 վայրկյան արդյունք։ Այս առաջնությունն ընթանում է 50-մետրանոց լողավազանում։

Ավելի վաղ 18-ամյա մարզուհին Բուդապեշտում 60 մասնակիցների պայքարում 43-րդ տեղն էր գրավել բաթերֆլայ ոճով 50 մետր լողում։

Տղամարդկանց մրցումներին մասնակցած Արթուր Բարսեղյանը 90 մասնակիցների մեջ համապատասխանաբար 50-րդ և 55-րդ տեղերն էր գրավել 100 և 50 մետր ազատ ոճով լողում։

Հունիսի 26-ին ասպարեզ դուրս կգա ջրացատկորդուհի Ալիսա Զաքարյանը, իսկ հուլիսի 2-ին՝ նույն մարզաձևում մասնագիտացող Վլադիմիր Հարությունյանը։ Նրանք մասնակցելու են 10-մետրանոց աշտարակից ցատկերին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա