Լողի Հայաստանի հավաքականի անդամ Վարսենիկ Մանուչարյանը մեր Օլիմպիական թիմի ամենաերիտասարդ մարզիկն է։ 18-ամյա լողորդը արդեն իսկ հասցրել է մի քանի նվաճման հասնել։ Հայաստանի բազմակի չեմպիոն է տարբեր տարիքային խմբերում և ռեկորդակիր: VNews-ին Տոկիոյից մեր մարզուհին ասաց, որ փորձելու է զարգացնել արդյունքները և լավ է պատրաստվել Օլիմպիական խաղերին: Վարսենիկը պատմեց նաև, թե ինչպիսին է կյանքը Օլիմպիական գյուղում:
Սա Ձեր առաջին Օլիմպիական խաղերն են, կա՞ հուզվածություն և լարվածություն:
Հիմնականում լարվածություն, մի փոքր էլ հուզվածություն, դրանք կապված են միմյանց հետ, դե պարզ է, որ պետք լինեն դրանք։
Ինչպե՞ս ստացվեց ձեռք բերել Տոկիոյի ուղեգիր:
Հունիսի սկզբին Հունգարիայում մասնակցում էի մեծահասակների մրցումներին, լողացի 100մ և 200մ տարածությունում, և իմ անվամբ Օլիմպիական կոմիտեն սպիտակ քարտ ուղարկեց։ Ես դա իմացել եմ Օլիմպիական խաղերից 4 շաբաթ առաջ։ Այդ օրը չէի ցանկանում գնալ մարզումներին, կարելի է ասել ալարում էի, բայց գնացի մի փոքր ուշացումով, որովհետև հուլիսի սկզբից բոլոր տեսակի մրցումները ավարտված են լինում և 2 ամիս մրցումներ չենք ունենում։ Նախավարժանքի ժամանակ զանգահարեցին մարզչիս՝ Կարեն Բարսեղյանին, և ասացին, որ մեր թիմից պետք է ես մեկնեմ Օլիմպիական խաղերի։ Այդ լուրը իմանալուց հետո այնքան էի ուրախացել, կարծես, արդեն դարձել էի Օլիմպիական չեմպիոն։
Որքանո՞վ է պարտավորեցնող Օլիմպիական խաղերում դրոշակակիր լինելը:
Եթե անկեղծ՝ չէի սպասում, որ ես կլինեմ դրոշակակիրներից մեկը։ Դա պարտավորեցնող է նրանով, որ ինձ հետևելու են բոլորը, ամենակարևորը հայ ազգը: Պետք է հպարտ քայլեմ և շատ եմ պարտավորված։
Ի՞նչ սպասելիքներ ունեք այս Օլիմպիական խաղերից:
Չգիտեմ, անկեղծ ասած, կարևորը, որ լավ պատրաստվեմ, արդյունքներս զարգացնեմ, չեմ ուզում ասել, որ կհայտնվեմ պատվո հարթակին, բայց անպայման կաշխատեմ:
Օլիմպիական խաղերը մեկ տարով հետաձգվեցին. դա պակասեցրե՞ց մոտիվացիան, թե՞ լրացուցիչ ժամանակ տվեց խաղերին պատրաստվելու համար:
Ո՛չ, ճիշտն ասած՝ ինձ համար դա լավ էր, որովհետև եթե Օլիմպիական խաղերն անցկացվեին անցած տարի, ես չէի կարողանա մասնակցել: Ես շանս ունեցա պատրաստվելու և մասնակցելու համար, կարելի է ասել ինձ համար դա լավ էր:
Առաջին անգամ քանի՞ տարեկանում եք դիտել Օլիմպիական խաղերը:
Առաջին Օլիմպիական խաղերը դիտել եմ 10 տարեկանում։ Այդ ժամանակ հիմնականում հետևում էի ըմբշամարտին, մասնավորապես Արթուր Ալեքսանյանի գոտեմարտերին: Դա Լոնդոնում կայանալիք Օլիմպիական խաղերն էին (այդ խաղերում Արթուր Ալեքսանյանը դարձավ բրոնզե մեդալակիր-խմբ):
COVID 19-ով պայմանավորված Տոկիոյում սահմանափակումներ են: Ինչպե՞ս է ստացվում այդտեղ կազմակերպել սպորտային կյանքը:
Պարբերաբար մեզ ասում են, որ հեռավորություն պահպանենք, շատ հեռու կանգնենք միմյանցից, դա ավելի բարդացնում է, ցանկանում ես զրուցել տարբեր երկրների մարզիկների հետ: Այնպիսի տպավորություն է՝ կարծես գլխավերևումդ կանգնած լինեն և ասում են սա մի արա, այն մի արա: Մի փոքր դժվար է այսպես, նաև դժվար է, որ միշտ դիմակով ենք, այստեղ բավականին շոգ է ու դա խանգարում է մեզ։
Մեր ընտրանին.
Լևոն Աղասյանը՝ Օլիմպիական ուղեգիր նվաճելուց հետո. «Մինչև խաղերը կփորձեմ ավելացնել»
«Ցանկանում եմ երկար սպասված Օլիմպիական ոսկին բերել Հայաստան». Ֆերդինանդ Կարապետյան
2 տարվա դադար, վերադարձ ու Օլիմպիական ուղեգիր. Կորյուն Սողոմոնյանը պատմում է անցած ճանապարհի մասին