Logo

«Վաղը կմեռնինք, մնաք բարով»․ սիրով ու թախծով գրված միակ նամակը

Հեղինակ
Նաիրա Պողոսյան
10:01 / 24.04.2022ՄՇԱԿՈՒՅԹ
null

Հայոց ցեղասպանության թանգարանում եղեռնի մասին բազմաթիվ նյութերը տարիների ընթացքում համալրվում են նոր ի հայտ եկած փաստերով, որոնք մեր ցավի ճչացող վկայություններն են ու արյան անդուլ կանչը։ Ուսումնասիրելով դրանք` VNews-ը ներկայացնում է եզակի հուշային մասունք՝ 1915 թ. բռնագաղթի ժամանակ ընտանիքին ուղարկված բնօրինակ նամակ:

Կանադահայ Սոսի Չնկրյանը նամակը գտել է հորաքրոջ աղջկա՝ Մարի Գավանոսյանի ընտանեկան արխիվում: Նամակի հեղինակը ծնունդով Օրդուից Խաչիկ Գավանոսյանն է՝ Մարիի հայրը: Նամակն ուղղված է իր կնոջը՝ Օնորի Չնկրյան-Գավանոսյանին (1894 -1951 թթ.):

Քաջ գիտակցելով իր և իր բախտակից ընկերների մոտալուտ վախճանը, Խաչիկ Գավանոսյանը հաջողացրել է կնոջն ուղարկել անսահման սիրով ու թախծով պարուրված հրաժեշտի նամակ: Չորս էջանոց նամակը հասել է հասցեատիրոջը, բայց նա այլևս չի տեսել ամուսնուն: Կնոջ՝ Օնորիի ունեցած հավաստի տեղեկությունների համաձայն` Խաչիկ Գավանոսյանին մյուս օրդեցիների հետ միասին սպանել են թուրքերը՝ 1915 թ. հուլիսի 15-ին, Մեսուտիե (Մեսուտիէ) գյուղի մոտակա անտառում:

Խաչիկ Գավանոսյան

«Անմոռանալի Օնորին

Սև սուգ է պատեր շուրջս, գանկիս մէջ գաղափարներու շարքը խանգարուած է, աչքերուս մէջ արցունքի աղբիւրները ցամքած, սիրտս յուզմունքներու և ցաւերու ովկէան մը դարձած է, կուլայ հոգիս և պիտի լայ մինչև վերջին շունչը.

Մայրիկս, իմ անբաղտ մայրիկս մեռաւ, մեռաւ բայց ինչպէս… ահ մայրասպան մեղաց, Աստուած անէծք թող կարդար իմ գլխուս, ես եղայ պատճառ, խեղճ մայրիկս, որչափ տառապեցար, մեծցուցիր որբտ, պատառ մը հալալ հաց ուտելու և հիմա տառապանքով, կարօտը սրտիտ, արցունքը աչքերուտ մէջ ծովամոյն եղար…ահ պիտի խելագարուիմ, ինչ զուլում է պատեր աշխարհ…անհուն է ցաւս, անչափելի է անոր խորութիւնը։

Վշտիս այս անհունութեան մէջ, միայն քեզ ունիմ մխիթարիչ. միայն քու սէրտ էր որ յոյս կուտար, քաջութիւն կուտար ինծի ապրելու…։

Կարծեմ 4 հատ նամակ պիտի ըլլայ քեզ գրածս, բայց դուն մէկ հատին իսկ չի պատասխանեցիր. արդեօք դո՞ւն ալ երես դարձուցիր ինձմէ հոգիս. եթէ դուն ալ ատեցիր զիս, ուրեմն ինծի կը մնայ միայն ձեռքերս ծալլած ծոցիս մէջ, թափառական, աստանդական, լալով, ողբալով հետևիլ խեղճ աքսորականներուն և վերջ տալ կեանքին. ատեցիր զիս հոգիս հէ՞, ատեցիր զիս. լաւ աղէկ կընես, բայց ես կը սիրեմ և պիտի սիրեմ քեզ, պիտի պաշտեմ քեզ մինչև վերջին շունչս. նայէ աչքերուս մէջ, ով իմ հոգիիս հատորը տես ինչպէս սիրոյ ճառագայթներ կը ցոլան անկէ. ինչո՞ւ կը լռես. ինչո՞ւ աչքերդ խոնարհեցուցեր ես. անգամ մը երեսս ալ չես ուզեր նայիլ…։

Ցաւս մեծ է ճար չկայ
Ճար կայ, ճարակ չկայ
Էս ինչ զուլում աշխարհ է
Սրտակից ընկեր չիկայ։

Կը զառանցեմ, չեմ հաւատար, դուն չեն լքեր զիս, դուն կը սիրես զիս և պիտի սիրես զիս յաւիտեան. թերևս ցաւիտ սաստկութենէն գրիչ շարժել չի կարողացար թերևս հիւանդ էիր, մխիթարուէ հոգիս, մխիթարուէ, որովհետև քեզի համար է որ միայն ապրիլ կը փափաքիմ, քեզմէ զատ աշխարհի վրայ որևէ յոյս չէ մնացած երգէ ու յիշէ զիս երբեմն.-

Սիրեցի եարս տարան
Եարա տուին ու տարան
Էս ինչ զուլում աշխարհ է
Սիրտս պոկեցին ու տարան
Սարերի վրով գնաց
Իմ եարը խռով գնաց
Ոչ լոր էր նա ոչ կագաւ
Ձեռիցն թռաւ գնաց, գնա՜ց…

Յիշէ զիս, խղճայ իմ վրայ, խղճայ, որովհետև անբաղտ ծնայ, որբ ապրեցայ և թշուառ պիտի մեռնիմ, խղճա՛յ, որովհետև հազիւ ոտնակոխած կեանքի բուրաստանին մէջ, հազիւ ձեռքերս կարկառած ծաղիկներ քաղելու և վայելելու անոնց բուրումները. մեծ զուլումը եկաւ խորտակել ամբողջ երջանիկ երազներս և անապատ դարձուց այդ բուրաստանը։ »…« քեզ, ինծի համար երջանկութիւն չիկայ. տժբաղտ էի քեզ ալ տժբաղտացուցի. ներէ՛ ինձ, եթէ մեր ամուսնական շրջանին քեզ վիրաւորելու, քեզ վշտացնելու տխուր դիրքի մը մէջ գտնուած եմ, չե՞ս գիտեր որ սէրը անբիծ է և երկու սիրող սրտերու մէջ քենախնդրութիւն մուտք չի կրնար գործել։

Թերևս վերջին նամակս է, որ կը գրեմ քեզ, վերջին կըսեմ, որովհետև յետ այսու թերևս առիթը պիտի չունենամ գրիչ շարժելու, կեանքս կամ մահս գրուած հեռագիրներէն պիտի հասկնաք, եթէ ուշացաւ հեռագիրս մինչև 15 օր, նոյն ատեն ենթադրեցէք որ մեռած եմ. այն ատեն լաց վրաս, լաց վրաս, որովհետև այս օտար վայրերու մէջ, այս ղարիպ թափառականը ով գիտէ որ ձորի, որ սարին մէջ իր հոգին պիտի աւանդէ, այն ատեն սաապէս դարձող և վրաս աչք մը նետող մը իսկ պիտի չգտնուի։

Պահէ սրտիդ վրայ այս նամակս իբրև յիշատակ, իբրև իմ ուրուականս և երգէ

Ախ սիրոյ ձի տու ինձ ասա
Որ տեղ թողեր իմ եարը
Որ ձորի մէջ որ քարի տակ
Անտեր թողեր իմ եարը։

Նամակս վերջացուցած հազիւ մրաբել սկսած էի, խորին երազիս մէջ տեսայ, որ ձեռքս լապտեր մը բռնած եմ, լապտերը բրթեցաւ կոթէն ինկաւ մարեցաւ, լոյսը յոյս է և իմ յոյսս տու ես. արդեօք գլխուտ փորձանք մը պատահեցաւ. եթէ ճշմարտապէս կը սիրես զիս առողջութեանդ հոգ տար, եթէ մեռած ես, ես ալ պէտք է մեռնիմ։

Շատ կուզեմ գրել, շատ ու շատ սիրտս բանալ ամբողջապէս առջևտ, բայց սա անկարելի կըլլայ, միթէ կարտայայտուի անհունութիւնս։

Վաղը կը մեռնինք, մնաք բարով։

Մէսուտիէ,
14 Յուլիս 1915»

Օնորի Գավանոսյանը դստեր՝ Մարիի հետ

Ամուսնու ողբերգական մահից հետո տիկին Օնորին 1916 թ. հունվարին լույս աշխարհ է բերել իրենց դստերը՝ Մարի Գավանոսյանին: Տիկին Օնորին այլևս չի ամուսնացել, մինչև 1922 թ. ապրել է Օրդուում, այնուհետև տեղափոխվել է Կահիրե, մահացել է 1951 թ.՝ 57 տարեկանում:

Նախակրթական դասարանի լուսանկար, Մարի Գավանոսյանը նստած գետնին՝ աջից երկրորդը, 1928 թ.

Խաչիկ Գավանոսյանը ծնվել է 1887-ին՝ Օրդուում, խորությամբ ուսանել է երկրաչափություն, սիրել է ոտանավորներ գրել ու ասմունքել: 

Խաչիկ Գավանոսյանին տրված երկսեռ նախակրթարանի վկայական, Օրդու, 1904 թ.

Օրդու (Տրապիզոնի նահանգ) քաղաքը հիմնվել է 19-րդ դարի առաջին քառորդին: Օրդուն, պատմական անունը՝ Գոթիորա, 19-րդ դարի կեսերին 130 տուն հայ ուներ: Աբել արքեպիսկոպոս Մխիթարյանցի հայտնած տեղեկությունների համաձայն՝ «հայոց տուները, որ գեղեցիկ դիրքով ամէնքն ալ Պոզ թէփէի լանջին վրայ են, 130ի չափ են, հանդերձ գիւղացւոց գաղթականներով, որոնցմէ ոմանք եկած են Թամզարայէն եւ Կիրասոնէն, իսկ գիւղացիքն Խամչոնցիներէն են, որոնք Ճանիկու բոլոր կողմերը ցրուած են»:

Օրդու

Հայոց ցեղասպանության նախօրեին Օրդուում բնակվել է 5000 հայ: 1915 թ. հունիսի կեսերին այնտեղ ևս սկսվել է բռնի տեղահանությունն ու սպանդը:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա